Լրահոս
Օրվա լրահոսը

Համալսարանական լարային քառյակի ելույթ Ստեփանակերտում` նախագահի  նստավայրի դիմաց

Հուլիս 29,2017 18:08

Լարային քառյակի ելույթ` Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, մարտական զենքի հետ ծանոթացում, այցելություն զորամասեր. արդեն 10-րդ անգամ անցկացվեց «Հայերի հաղթանակի ուղին» ծրագիրը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ուսանողական խորհրդի համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ուսանողները հուլիսի 24-28-ը մասնակցեցին արցախյան այցելության: Եղան Դադիվանքում, ծանոթացան վանքային համալիրին և մասնակցեցին պատարագին։ Երեկոյան ժամանեցին Ստեփանակերտ և պատրաստվեցին զորամասեր այցելությանը։

Հուլիսի 25-ին երիտասարդներն այցելեցին Մարտունու 2-րդ պաշտպանական զորամաս, որտեղ ուսանողական խորհրդի մշակութային հանձնաժողովը հանդես եկավ համերգային ծրագրով։ Պարային անսամբլն իր համարներով և Տիգրան Քախվեջյանն իր հարենասիրական կատարումներով ոգևորեցին զինվորներին: Ուսանողները ծանոթացան զինվորական առօրյային, զինվորների հետ միասին ճաշեցին զորամասի ճաշարանում, այնուհետև զորամասին և նորակոչիկներին հանձնեցին նվերներ` անձնական օգտագործման պարագաներ, զորամասին` տնտեսական ապրանքներ:

Ուսանողներն այցելեցին նաև Ասկերան, որտեղ ծանոթացան մարտական զենքին, նրա տիրապետման կանոններին և հնարավորություն ունեցան օգտագործել զենքը հատուկ թիրախների վրա։

Հուլիսի 26-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում համալսարանի լարային քառյակը հանդես եկավ համերգային ծրագրով։

Ծրագրին մասնակցեցին բուհի ուսանողներ, Արցախյան ազատամարտի մասնակիցների զավակներ, սփյուռքահայ և արտասահմանցի ուսանողներ, ուսանողական խորհրդի անդամներ և ներկայացուցիչներ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից:

Ուսանողական խորհրդի թատերական խմբակը Շուշիի մշակույթի և երիտասարդության տանը արցախցիներին ներկայացրեց Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Ս. Խալաթյանի համանուն  պիեսի հիման վրա բեմադրված «Հրադադար» ներկայացումը՝ բեմադրությունը ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևի: Այցելության վերջին օրը տեղի ունեցավ «Արցախյան հերոսներից մերօրյա հերոսներ» խորագրով մեծարման երեկո, որի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց Արցախյան պատերազմի հերոսական դրվագներ, անդրադարձ կատարվեց ապրիլյան քառօրյա պատերազին, մերօրյա հերոսներին, նրանց կատարած սխրանքներին:

Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը վստահեցրեց, որ այս ծրագրի իրականացմամբ նպատակ ունեն դառնալ կամուրջ զորամաս-հասարակություն կապն ամրապնդելու համար և այդ կապն առավել թափանցիկ դարձնել ու հարաբերություններում ստեղծել առավել մեծ վստահության դաշտ:

Նա տեղեկացրեց, որ այս տարի բուհի լարային քառյակն առաջին անգամ է մասնակցում ծրագրին: Դասական երաժշտության համերգ են ունեցել հենց նախագահական նստավայրի դիմաց: Իրենց պատմել են, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանին հետաքրքրել է ծրագիրը, հարցրել է` որ համալսարանն է, այնուհետև շնորհակալական խոսք հղել բուհի ռեկտորին:

Խոսելով ծրագրի արդյունավետության մասին` Հովսեփ Հովեյանն ասաց, որ զինվորները բավականին հետաքրքիր ժամանակ են անցկացրել երիտասարդների հետ, իսկ արցախցի հանդիսատեսը ուրախ ու շնորհակալ է եղել թատերական ներկայացման համար, քանի որ ըստ նրանց`«ահագին ժամանակ էր թատրոն չէին գնացել»:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31