Մաշտոցի պողոտային հարող հատվածում՝ Մանկական երկաթուղի տանող թունելի մուտքի դիմաց, այսօր վերաբացվեց գյուղմթերքի շուկան, որը գործելու է շաբաթ եւ կիրակի օրերին: Այստեղ գյուղացիները բերում են թարմ միրգ-բանջարեղեն, չրեր, անգամ՝ դեղաբույսեր եւ բուժական նպատակներով օգտագործվող հատապտուղներ: Տեղը հենց գյուղացիներն են ընտրել, բայց հարեւանությամբ այգի են բարեկարգում. փոշի է, ջուր չկա: Պատասխանատուները խոստանում են, որ պայմանները կբարելավեն:
Խաչիկ Կարապետյանը Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղից է, բանջարեղեն է վաճառում: Ասում է՝ գները շատ վատ վիճակում են: Նկատի ունի՝ ապրանքի արժեքը բավականին ցածր է: «100 դրամով էս բադրջանն առնում են, ամբողջ օրն ուտում են: Սուպերմարկետում ի՞նչ կարող ես 100 դրամով առնել ու սաղ օրն ուտել…գնում սուպերմարկետում տեսնում են թափելու բանը 100 դրամ է, լավ բանն էլ են ուզում էտ գնով առնեն…ընտիր ապրանք ունեմ, բայց «Մերսեդեսն» ու «Ժիգուլին» նույն գինը չունեն»,-Aravot.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց Խաչիկ Կարապետյանը:
Գյուղացիների խնդիրների մասին էլ ասում է. «Մեր մեջքին մարդ չկա կանգնած: Ջուրը թանկ է՝ 1200 դրամով են ժամը տալիս: Եթե գյուղացին հնարավորություն ունենար գյուղմթերքն արտահանելու, շատ լավ կլիներ, բայց արտահանում է նա, ով «կռիշ» ու «դաբրո» ունի…50 դրամով ապրանք ենք ծախում՝ յոլլա ենք գնում…»:
Հավելենք, որ գյուղմթերքի շուկա է գործում նաեւ Կասյան փողոցում: Քաղաքապետարանը եւ Գյուղատնտեսության նախարարությունը քննարկում են նաեւ Նոր Նորք վարչական շրջանում նման շուկա հիմնելու հարցը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ