Երեք շաբաթ շարունակ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 17 երաժիշտներ` տարբեր տարիքի եւ ազգության, մասնակցեցին Հայ բարեգործական ընդհանուր միության կազմակերպած «Երաժշտական Հայաստան» նախագծին: Նախագծի նպատակը աշխարհով մեկ սփռված հայությանը Հայրենիքի հետ կապելն է` հայ երաժշտության եւ հայ երաժիշտների միջոցով: Սփյուռքի տարբեր երկրներից հավաքվում են տարբեր տարիքի երաժիշտներ` սիրողական եւ պրոֆեսիոնալ ուղղվածության, եւ հայրենիքում` լավագույն մասնագետների մոտ, կատարելագործվում: Սակայն ծրագիրն այնքան հաջողված է, որ մասնակցության ցանկություն են հայտնում նաեւ ոչ հայերը: Այս տարի, օրինակ, 17 մասնակիցներից 3-ը ազգությամբ հայ չէին, սակայն նրանց միավորում էր հայ արվեստի, մասնավորապես` Կոմիտասի հանդեպ սերն ու ակնածանքը:
Երաժիշտները Հայաստանում լավագույն մասնագետներից են վարպետության դասեր առել եւ դասախոսություններ լսել` սկսած Տիգրան Մանսուրյանից եւ Սվետլանա Նավասարդյանից, վերջացրած Արմեն Հյուսնունցով, Ռոբերտ Ամիրխանյանով եւ Բագրատ Վարդանյանով:
Եվ ահա երեկ` հուլիսի 28-ի երեկոյան ՀԲԸՄ համերգային դահլիճը լեփ-լեցուն էր` 17 երաժիշտները հանդիսատեսի դատին էին հանձնում իրենց 3 շաբաթյա տքնաջան աշխատանքի արդյունքը:
Ուդ ու քամանչա, դաշնամուր եւ ջութակ, թավջութակ եւ դուդուկ… հնչեցին բազմաթիվ գործիքներ եւ ստեղծագործություններ, հիմնականում, իհարկե` հայ կոմպոզիտորների:
ԱՄՆ-ից ժամանած 17-ամյա քույրեր Ալեքսանդրա եւ Լիլիա Յարալեանները իրենց աննկարագրելի զուլալ եւ թովիչ ձայնով անմիջապես գրավեցին հանդիսատեսի սիրտը, երբ հնչեցրին Կոմիտասի անզուգական երգերը` «Քելե ցոլերն» ու «Չինար ես»-ը:
Արվեստների աշխարհահռչակ դպրոցի` Ջուլիարդի սան, ջութակահարուհի Անի Սոֆի Բյուքյուջյանը Է. Բաղդասարյանի «Ռապսոդիան» այնպիսի անզուգական տեխնիկայով եւ զգայական լարումով կատարեց, որ դահլիճը քարացել էր:
Սիսեռեան Նարինեն հնչեցրեց իր սեփական ստեղծագործությունը` A dreamer in G, որը մեծ ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից:
ՌԴ-ից ժամանած Մարատ Ավանեսյանը ջութակահար Ալեկսանդրոս Պետրինի հետ կատարեց Խաչատրյանի «Տրիոյի» երրորդ մասը, եւ ընթացքում իր կլառնետը, որով մինչ այդ հրաշալի կատարել էր Անդրե Մեսաժերի Solo de concours-ը, տառացիորեն մասնատեց, հերթով անջատում էր կլառնետի մասերը եւ շարունակում նվագել մնացած կտորներով, մինչեւ ի վերջո, կլառնետը չվերածվեց մի փոքրիկ սուլիչի:
11-ամյա Քոդի Իսկանդարեանը տառացիորեն մենամարտի մեջ էր մտել դաշնամուրի հետ` Բախելբել-Կոյամայի «Կանոն ռոքի» կատարման ժամանակ, ճիշտ այնպես ինչպես Նանոր Տեր-Պետրոսյանը` Բաբաջանյանի «Սասունցիների պարը» եւ Յագոպ Պանտաքը` Հենրի Քոուել կատարելիս:
Կարո Արսլյանյանը հասցրեց եւ թավջութակով եւ դաշնամուրով գրավել հանդիսատեսի սիրտը, իսկ հնդկական եւ արգենտինյան արմատներով Սարասվատի Սվամինին` քամանչայից հետո հարվածային գործիք նվագեց, ապա` դաշնամուր: Հայկական արմատներ չունեցող Սթիվեն Թոմսոնն էլ, որ Կոմիտասի սիրահար է, շատ մաքուր հայերենով եւ գեղեցիկ երգեց «Մոկաց միրզան», «Ախ մարալ ջանն» ու «Հոյ Նազանը»:
Համերգի ավարտին կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը նկատեց, որ այսպիսի բարձրակարգ համերգը շատ ավելի մեծ բեմերի էր արժանի:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ