Armexit-ի մասին
Armexit-ը և «Նոր Հանրապետության ստեղծելու մասին «Սասնա Ծռեր» ճանապարհային քարտեզ»-ի օրգանական բաղադրիչն է: Ի դեպ, տերմինի հեղինակը Սասնա Ծռերի շտաբի պետ Մխիթար Ավետիսյանն է: Նա դեռ մեկ տարի առաջ էր կիրառում այդ տերմինը, որը փաստորեն բերնեբերան հասարակության սեփականությունն է դարձել և հայտնվել ԶԼՄ-ներում:
Ներկայումս Armexit-ը փորձում են ներկայացնել որպես ինքնուրույն և ամբողջական օրակարգ՝ այն նեղացնելով և սահմանափակելով ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցի շրջանակներում:
Մեր օրակարգը մեկն է՝ առկա գաղութային համակարգի փոխարեն ստեղծել ազգային համակարգ: Գաղութային համակարգը ավելի լայն և մեծ է, քան ՀՀ-ն: Նրա հենքը ռուս-թուրքական դաշինքով ստեղծված տարածաշրջանային ճարտարապետությունն է (Հայաստանը հաշմանդամ՝ առանց Արցախի և Նախիջևանի՝ զուրկ տարածքային-հաղորդակցային հնարավորություններից և մատաղացու տարածաշրջան ներխուժող գիշատիչների համար), կառավարման լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, գործիքը՝ հայաստանյան գաղութային վարչակազմը, որի մաս է կազմում նաև տիտղոսային ընդդիմությունը:
Դրա փոխարեն ստեղծվելիք ազգային համակարգի հենքը պետք է դառնա հայկական գործոն ձևավորելու հնարավորություն տվող տարածաշրջանային ճարտարապետությունը (Հայաստանը Արցախով և Նախիջևանով հանդերձ՝ Կուր-Արաքսյան Հանրապետություն) և ռուսական պայմանագրերը մերժող ու չճանաչող սուբյեկտ, լծակը՝ հայության ինքնիշխան կամքը, իսկ գործիքը՝ պետական կառավարման ազգային համակարգը:
Այս օրակարգի առաջին հարցը Արցախը ՀՀ-ին միացնելով Նոր Հանրապետություն հռչակելն է, ինչն իր ունիվերսալության շնորհիվ մեկնարկելու է այդ օրակարգի մյուս բոլոր հարցերը, այդ թվում՝ ապագաղութացումը:
Մինչդեռ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը ոչ միայն օրակարգ չէ, այլև առանձին հարց էլ չէ: Մինչ ԵԱՏՄ մտնելը Հայաստանը դարձյալ ենթակա էր գաղութային համակարգին, մեծ բան չի փոխվել:
ԵԱՏՄ-ից դուրս գալը մեր ազգային օրակարգի մեկ հարցի՝ ապագաղութացման ենթահարցն է ընդամենը:
Armexit-ը նման նեղ և սահմանափակ տրամաչափով որպես համազգային օրակարգ ներկայացնելը.
ա) գաճաճացնում է մեզ և մեր նպատակը,
բ) գաղութային համակարգին հնարավորություն է տալիս իր ներսում պահել մեզ և կառավարելով գործընթացը՝ ի վերջո չեզոքացնել այն և նրանից բխող վտանգը:
Եթե ուզում ենք մեր ազգային օրակարգն անվանել Armexit դիպուկ տերմինով, ապա դրա տակ պետք է դնենք վերը նշված ազատագրման բովանդակությունը: Ազատագրում, որը ենթադրում է ազգային համակարգի ստեղծում, այլ ոչ թե առկա գաղութային համակարգի ներսում այսօրվա հաշմանդամ քվազիպետության տասնյակ կապանքներից մեկը կտրելու անիրագործելի ու կեղծ հարցի արծարծում:
Վարուժան Ավետիսյան, Սասնա Ծռերի խոսնակ
28 հուլիսի 2017թ.