Հուլիսի 28-ին Տավուշի մարզի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում ադրբեջանական զինուժի կրակից վիրավորված, Պառավաքարի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1976թ. ծնված Արթուր Մայրանյանին սկզբում տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն, ուր «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, վիրաբույժ Արմեն Մարդանյանը վիրահատություն է կատարել: ԲԿ-ում կատարվել է վիրավորի վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, կոնքի շրջանի փափուկ հյուսվածքներից գնդակի հեռացում, ձախ վերին վերջույթի գիպսային անշարժացում: Այնուհետեւ Ա. Մայրանյանը տեղափոխվել է Բերդի զինվորական հոսպիտալ:
Ա. Մայրանյանի քրոջ որդին՝ Անդրանիկ Սարգսյանը հայտնեց, որ Ա. Մայրանյանն այժմ գտնվում է ճանապարհին, նրան տեղափոխում են Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Նրա խոսքերով՝ Ա. Մայրանյանի վիճակը կայուն է, ոչ ծանր, սակայն նրա ստացած վնասվածքները մասնագիտացված բուժում են պահանջում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ