Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկ Սիմոնյանի սպանության վարկածները հակասական են. «Հրապարակ»

Հուլիս 29,2017 11:10

Դեպքերի զարմանալի բերումով, Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը վերջերս ճաշկերույթի էր մասնակցել մտերմիկ շրջանում։ Քեֆի ժամանակ նրա բարեկամներից մեկը հեղինակային երգ էր նվիրել ներկաներին՝ տխուր բառերով․ «Նույնն է լուսին ու արեւ, բայց ես արդեն չկամ, ես ձեզ հաճախ կհանդիպեմ մեր քարքարոտ ճանապարհին եւ վերեւից ձեզ կնայեմ՝ հավասարված մի բուռ հողի»։ Այս երգի տեսագրությունը մահից 10 օր առաջ հանգուցյալը տեղադրել էր իր ՖԲ էջին։ Խորհրդականը ծեծո՞ւմ էր կնոջը Արմավիրի մարզպետի խորհրդական, Սարդարապատ գյուղի բնակիչ Մանուկ Սիմոնյանի մարմինը հուլիսի 25-ին հայտնաբերել էին Դալարիկ գյուղի մոտակա ձորում, մայրուղուց 300 մետր հեռավորության վրա գտնվող քարքարոտ տարածքում, պոլիէթիլենային տոպրակով փաթաթված։ Դրանից 4 օր առաջ՝ հուլիսի 21-ից, խորհրդականը կորած էր։ Այս մասին ոստիկանությանը հաղորդել էր նրա կինը, որն այժմ որդու հետ ձերբակալված է եւ կասկածվում է ամուսնուն կացնահարելու մեջ։ Նա հայտնել էր, որ ամուսնուն տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տնից եւ չի վերադարձել: Անմիջապես լուր տարածվեց, որ Մանուկ Սիմոնյանն անելանելի լարված իրավիճակ է ստեղծել իր ընտանիքում, ինչի արդյունքում էլ սպանության զոհ է դարձել։

Ընտանեկան հարաբերությունների մի դրվագ մեզ ներկայացրեց Արմավիրի բնակիչներից մեկը՝ հանգուցյալը պարբերաբար բռնության է ենթարկել իր զոքանչին, դաժանաբար ծեծել է նրան եւ կնոջը։ Ասում են՝ նա ամեն Աստծո օր ծեծել է կնոջը, նույնիսկ եռացրած ջուր լցրել գլխին՝ որդու աչքի առաջ։ Երեկ բռնությունների վարկածը հաստատեց նաեւ Քննչական կոմիտեն։

«2017 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ եւ ամուսնու միջեւ կրկին վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո ամուսինը քնել է, եւ կինը փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետեւ կինը զանգահարել է որդուն եւ տուն կանչել, ապա ամուսնու դիակը տեղափոխել եւ թաքցրել են Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի մոտակա ձորերում»: Սարսափելի այս դեպքն արդեն 7 օր է՝ մնում է ԶԼՄ-ների առաջին էջերում։ Պաշտոնյայի կացնահարված մարմինը գտել են 3 օր հետո։ Գլխին մեծ քար է դրված եղել։

Մարզպետի խորհրդականը երկակի համբավ ունի

Նրան ճանաչողները վստահեցնում են, որ նա սիրում էր իր գործընկերների դեմ «գործ տալ»։ Անգամ ձայնագրում էր մարդկանց իր աշխատասենյակում՝ հետագայում ձայնագրություններն օգտագործելով նրանց դեմ։ Հենց սա էր, ըստ կոլեգաների, նրա հիմնական արժանիքը, ոչ այնքան մարզպետին տված լավ խորհուրդները։ Արդյո՞ք Սիմոնյանը նման համբավ ունի եւ ի՞նչ խորհուրդներ էր տալիս մարզպետին։ Հանգուցյալի գործընկերներից ոչ մեկը չէր ցանկանում մի երկու բառ ասել նրա մասին։ Իսկ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որին խնդրեցինք մի քանի խոսք ասել իր հավատարիմ աշխատողի մասին, ասաց․ «Ատամս քաշել են, չեմ կարող խոսել»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31