Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեւիցե ղարաբաղցի եւ ադրբեջանցի ժողովուրդներն այսքան թշնամացած չեն եղել

Հուլիս 29,2017 12:00

ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի համոզմամբ` «Ալիեւն ագրեսիվ է, ագրեսիվին պետք է պատժել, բայց ամբողջ ժողովուրդը ագրեսիվ չի»

– Պարոն Բալասանյան, որպես ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար՝ ապրիլյան պատերազմից մեկ տարի եւ մի քանի ամիս անց ի՞նչ խնդիրներ ունի հայկական կողմը, որո՞նք են այն առաջնային հարցերը, որոնցով Դուք զբաղվում եք:

– Ռազմավարության տեսակետից բացեր ունենք, համոզված եմ, որ ընտրություններից հետո մեր ռազմավարական ծրագիրը կյանքի ենք կոչելու, փաթեթի մշակման ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվել, ռազմավարական այդ ծրագիրը պետք է ընդունենք, որի մեջ ամեն ինչ մտնում է` ե՛ւ պաշտպանություն, ե՛ւ անվտանգություն, ե՛ւ կրթություն, ե՛ւ գիտություն, ե՛ւ առողջապահություն: Բացեր, իհարկե, ունենք, բայց այդ բացերը այնպիսին չեն, որոնց արդյունքում մենք խնդիրներ ունենանք: Մեր բանակն էլ բացեր ունի, իսկ ո՞ր պետությունը չունի, նույնիսկ գերզարգացած պետությունների բանակները բացեր ունեն, բայց մեզ մոտ այնպիսի բացեր չեն, որոնց հետեւանքով մենք անկում ապրենք կամ չկարողանանք պաշտպանություն իրականացնել: Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են:

– Իսկ ո՞ր հարցերում կարող ենք ասել, որ հաջողել ենք: Շատ է, օրինակ, խոսվում, որ առաջնագծում հսկայական աշխատանքներ են տարվել եւ տարվում են: Այստեղ արդեն լուծվա՞ծ են հիմնական բացերը:

– Մենք ապրիլյան բացթողումների մասին տեղյակ ենք, մեր նախագահի հետ այդպիսի վերլուծություն արել ենք եւ ներկայացրել ենք ՀՀ նախագահին: Այնպես չէ, որ Ադրբեջանն ուժեղացել է: Իհարկե, մեզ համար բարդություն էր, բայց ռազմավարական առումով Ադրբեջանի մեծ պլանը ձախողման է ենթարկվել: Մենք կարող էինք թույլ չտալ, բայց ինչ-որ տեղ հավատացել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, գերտերություններին, 1994-1995թթ. հրադադարի պայմանագրին, դիվերսիաներ են եղել, դիրքային կրակոցներ… Բայց մենք 1994թ. մայիսի 12-ից ավելի վտանգավոր իրավիճակների մեջ ենք հայտնվել: Պատերազմը չէր ավարտվել մինչեւ 2016թ. ապրիլը, այլ մարտավարության ձեւն է փոխվել: Ի՞նչ է դա նշանակում: 1988-91թթ. Ղարաբաղում մարտական տարբեր օպերացիաներ են իրականացվել խորհրդային զորքերի, ադրբեջանական զինված ՕՄՕՆ-ի կողմից, «Կոլցո» օպերացիան: 1991-94թթ. արդեն պատերազմական մարտավարություն էր` Ադրբեջանը հարձակվում էր, մենք պաշտպանվում էինք, հետո անցնում էինք հակահարձակման, այսինքն` պաշտպանողական եւ հարձակողական մարտեր էին:

1994թ. մարտի 12-ից մինչեւ 2016-ի ապրիլը դիրքային պատերազմ էր: Դիրքային պատերազմի հետ միասին Ադրբեջանը հիբրիդային պատերազմի սցենարով է գնացել: Մենք չենք գնացել այդ ճանապարհով, միգուցե եթե գնայինք հիբրիդային պատերազմի ճանապարհով, ճիշտ վարվեինք, բայց չենք արել՝ երեւի մեր միամտության, ազնվության պատճառով, որովհետեւ փաստաթուղթ ենք ստորագրել, նաեւ ղարաբաղյան կողմի ստորագրությունը կա այդ փաստաթղթի տակ: Իսկ 2016-ին Ադրբեջանը դիրքային պատերազմից անցավ հարձակողականի:

Ինչ վերաբերում է կատարված աշխատանքներին, ապա ինժեներական մեծ աշխատանքներ ենք իրականացրել: Ասել, որ մինչեւ 2016 թվականը զրո է եղել` այդպես չի: 2016-ին մենք տեսանք, թե ինչպիսի զինատեսակներ օգտագործեց հակառակորդը, եւ ըստ դրա ենք մենք ինժեներական աշխատանքները վերաձեւավորել, վերակառուցել, նոր էլեմենտներ ենք մտցրել պաշտպանության ինժեներիայի գործում: Համարյա ամբողջ ռազմաճակատում գիշերային եւ ցերեկային տեսանելիության սարքեր ենք տեղադրել:

– Անկանխատեսելիության գործոնը Ադրբեջանի կողմից նվազե՞լ է հիմա, պարոն Բալասանյան:

– Երբեք չի կարելի բացառել անկանխատեսելիության գործոնն ու ասել` չեն հարձակվի: Ադրբեջանը միշտ լարված է պահելու սահմանը, որովհետեւ Ադրբեջանը ներքին խնդիր ունի: Ադրբեջանում հիմա պայթյունավտանգ իրավիճակ է, մի քանի տարի առաջ էլ եմ ասել, հիմա էլ կրկնեմ` Ադրբեջանը մասնատվելու է, Թուրքիան էլ: Ներքաղաքական լարվածությունը զսպելու համար Ադրբեջանը սահմանը լարված է պահելու, մենք միշտ այդ խնդիրն ունենալու ենք, եւ պատերազմն անխուսափելի է:

– Պարոն Բալասանյան, ստացվում է՝ ելքը պատերա՞զմն է: Բայց չէ՞ որ պատերազմն էլ ելք չի, ոչ ոք չգիտի, թե հնարավոր նոր պատերազմն ինչպես կավարտվի: Դուք ինչպե՞ս եք տեսնում ԼՂ խնդրի լուծումը:

– Երբ գերտերություններն իրենց հարցերը լուծեն` Ղարաբաղի հարցն էլ կլուծվի: Բոլոր գերտերությունների հարցերն օդից կախված են: Հիմա մեքենա ունենք` վարում ենք, ճանապարհային ոստիկանությունը մեզ չի կանգնեցնում, հիմա ի՞նչ տարբերություն` մեր մեքենան անձնագիր ունի՞, թե՞ չունի… Կճանաչե՞ն` լավ, չեն ճանաչի` Աստված իրենց հետ: Մենք առանց անձնագիր երկիր ենք, մենք նորմալ ապրում ենք, իսկ գրեթե ողջ աշխարհը պատերազմի մեջ է: Այս պահի դրությամբ չեմ էլ պատկերացնում, որ Ղարաբաղում պատերազմ չլինի` մեր վիճակը ոնց է լինելու: Ինչ-որ տեղ դա մեր զգոնությունը բարձր է պահում, թե՛ Ղարաբաղ, թե՛ Հայաստան ահաբեկիչներ չեն ներթափանցում: Աշխարհում բացառիկ երկրներից են երկու հայկական պետությունները, որոնք գրեթե մոնոէթնիկ են: Ամենախաղաղ երկիրն ենք: Մեր սահմաններում են լարված իրավիճակներ լինում, բայց մենք խնդիր չունենք, մենք մեր սահմանները լավ կպահենք:

– Պարոն Բալասանյան, Դուք պատերազմի ժամանակ բանակցել եք ադրբեջանցիների հետ, գերիներ եք փոխանակել: Քսան տարուց ավելի է անցել, Ադրբեջանում հայատյացության, ռազմատենչ քաղաքականության քարոզչություն է իրականացվել այս տարիների ընթացքում: Ադրբեջանի մասով ամեն ինչ պարզ է: Իսկ Ղարաբաղո՞ւմ, հետաքրքիր է, ի՞նչ եք կարծում՝ ղարաբաղցիները կարո՞ղ են մի օր դեմ առ դեմ նստել ու բանակցել ադրբեջանցիների հետ:

– Երբեւիցե ղարաբաղցի եւ ադրբեջանցի ժողովուրդներն այսքան թշնամացած չեն եղել: Հիմա արդեն կարող եմ ասել՝ ինչ-որ տեղ մեր մեղքի բաժինն էլ կա, որ մենք թույլ ենք տվել, որ Ադրբեջանի իշխանությունը թունավորի իր ժողովրդին: Իրենք թունավորել են, մենք ասել ենք` նրանք մեր թշնամիներն են: Չի կարելի ասել, որ նրանք մեր թշնամիներն են: Ամեն մարդ մի քանի ընկեր է ունեցել` գործընկերներ, քիրվաներ են ունեցել, չի կարելի ասել, որ նրանք բոլորը մեր թշնամիներն են, նրանք մեր հակառակորդներն են:
Հիմա, եթե վաղը Ալիեւի իշխանությունը փոխվի Ադրբեջանում, օրինակ` նույնիսկ եթե Մեհրիբանով փոխվի կամ մեկ ուրիշով, կտեսնեք՝ թշնամությունը նվազելու է: Այդ թշնամությունը պետք է սպանել: «Ժողովրդական դիվանագիտությունը», շփումները Ռուսաստանո՞վ կլինեն, թե՞ Վրաստանով, թե՞ Ղարաբաղով, դրանք պետք են, այդ թույնը պետք է հանել, այդ աշխատանքը պետք է տարվի: Ամեն հարց փողով չի լուծվում: Թշնամությունը թշնամությունով փակել չի լինի, ուրիշ ձեւ է պետք, էս թշնամությունը պետք է վերացնել:

Ալիեւն իր իշխանությունը պահում է միայն ագրեսիվ թշնամանքի միջոցով: Ինքն ագրեսիվ է` ագրեսիվին պետք է պատժել, բայց ամբողջ ժողովուրդը ագրեսիվ չի տրամադրված, Ալիեւի ձեռքը, ինչպես ասում են, կրակը չի՞ ընկել այդ ժողովուրդը, այդ ժողովրդի հետ պետք է աշխատանք տարվի: Ադրբեջանում ծայրահեղ ծանր իրավիճակում ապրող ժողովուրդ կա: Ադրբեջանը պետք է զարթոնք ապրի:

Կամ` նրանք, ովքեր մեծ-մեծ խոսում են` «Բաքուն գրավելու ենք», «թեյ ենք խմելու Բաքվում»… Մենք թշնամի չե՞նք բոլորին… Ես վստահ եմ, որ այսօր Թուրքիայում ապրող թուրքերի 50 կամ ավելի տոկոսը հայամետ է: Չի կարելի թշնամանք սերմանել, միեւնույն է՝ մի օր վերջ ենք տալու այս ամենին, բայց չլինի այնպես, որ երկու մարդ` մի քաղաքացի Ղարաբաղի կողմից, մյուսը` Ադրբեջանի կողմից, փոխանակ գլուխները բարձր իրար բարեւեն, գլուխները կախ բարեւեն` ամոթից: Ո՞ւմ է պետք, մենք հարեւաններ ենք, չէ՞, վերջապես: Պատերազմն իր օրենքներն ունի, կյանքն էլ իր օրենքներն ունի` այնտեղ խրամատ է, մյուսը՝ այստեղ, քաղաքացիական «խրամատ» է: Ագրեսիվությունը պետք է հանել: Մի օր այդ խաղաղությունը լինելու է:

– Պարոն Բալասանյան, բայց նաեւ հնարավոր է խաղաղություն պարտադրվի կողմերին գերտերությունների կողմից, այնպես չէ՞:

– Չի լինի: Ոչ մի պետություն Հայաստանին ու Ղարաբաղին չի պարտադրելու ինչ-որ տարածք զիջել:

– Իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ ո՞ւմ հորդորով հայկական կողմը կանգ առավ: Ասում են` Ռուսաստանի, այո՞: Ճի՞շտ է, որ մենք առաջ կարող էինք գնալ, բայց խնդրեցին կանգ առնել:

– Բայց ո՞վ է խնդրել Ռուսաստանին, որ կանգնեցնի… Այ, եթե իմանաք՝ ով է առաջինը խնդրել… Ըստ մեզ` խնդրել է Ալիեւը: Ով խնդրել է, նրան էլ ընդառաջել են: Այո, հնարավորություն եղել է, որպեսզի ղարաբաղյան կողմը հակագրոհի անցնի, բայց կարող էր այդ պատերազմը ողջ տարածաշրջանում շատ պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել: Այսինքն՝ հնարավոր հետեւանքներն էլ պետք է կարողանալ վերլուծել:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 28.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31