«Առավոտի» նոր` «Հաջողության պատմություն» խորագրով շարքի առաջին հյուրը
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն է: Նա ներկայացրեց հաջողության` իր պատմությունը, նաեւ որոշ «փակագծեր» բացեց:
Գոհար Հակոբյան– Բարեւ Ձեզ, պարոն Յիրիկյան, ուրախ ենք հյուրընկալելու համար: Բոլորս գալիս ենք մանկությունից, բոլորս ինչ-ինչ երազներ ենք ունեցել, որոնց մի մասն իրականացել է, մի մասը` ոչ: Հետաքրքիր է` Դուք ինչպիսի՞ երեխա, ինչպիսի՞ պատանի եք եղել, ի՞նչ երազանքներ ունեցել:
Ռալֆ Յիրիկյան– Իմ երազները ստանդարտից դուրս են եղել, որովհետեւ երբ ես մեծանում էի, քաղաքացիական պատերազմ էր, չափից ավելի վախ կար, չգիտեինք, թե ինչ զարգացումներ կլինեին: Ծնողները փորձում էին իրենց զավակներին որոշ միջավայրերից հեռու պահել: Հիմնականում ժամանակն անցկացնում էինք տան պայմաններում, կամ դպրոցում, եթե, իհարկե, ստացվում էր դպրոց գնալը: Այսօր ինքս ինչ կարողանում եմ քաջարելել, որ անեն զավակներս, մեր ժամանակ չէինք կարող անել ոչ ես, ոչ էլ եղբայրներս: Երազանքներ շատ կային, բայց իրականացնելը համարյա անհնարին էր: Դրա համար էլ այլ տարբերակ գտա, սկսեցի նկարել: Ու իրականությունն անդրադառնում էր իմ նկարչության վրա` ինչ նկարում էի, պատերազմի թեմայով էր ստացվում, կարդացած գրքերս էլ այդ թեմայով էին…Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո արդեն 24 տարեկան էի, ու կյանքի հանդեպ ցանկությունները, ծրագրերը, հայացքս փոխված էին արդեն: Հետեւաբար իսկական իրատեսական կյանքի նվաճումներ ձեռք բերելու արշավ սկսվեց…
Գ. Հ. -Քանի որ մենք էլ Արցախյան պատերազմ ենք ունեցել, Դուք եւս պատերազմ տեսած սերունդ եք, չէի՞ք մտածում, օրինակ, օդաչու, տանկիստ, ռազմական բժիշկ դառնալու մասին…
Ռ.Յ.- Դպրոցական տարիներին շատ էի ուզում լինել ռազմական օդաչու, բայց հայրս դեմ էր, որովհետեւ դրանք քաղաքացիական պատերազմի տարիներ էին, իսկ քաղաքացիական պատերազմն ամեն օր անկանխատեսելի իրավիճակներ կարող էր առաջացնել: Ուստի ողջամիտ որոշում էր հայրիկիս կողմից, որ չթույլատրեց ռազմական օդաչու դառնամ: Չնայած դրան, ես շարունակում էի ուսումնասիրել ինքնաթիռների տեսակները, այն ժամանակ ինտերնետ չկար, գրքեր էի կարդում: Երազանքս չիրականացավ, բայց տարիներ անց հասկացա, որ հայրիկը ճիշտ է…Իմիջիայլոց, մինչեւ հիմա, երբ նստում եմ ինքնաթիռ կամ ֆիլմ եմ նայում, որոշ ապրումներ եմ ունենում…Այն աշխատանքով, որ ես զբաղվել եմ 25 տարեկանից հետո, կարելի է ասել` իմ աշխատանքում օդաչու եմ եղել…Այն քաջությունը, համարձակությունը, որ օդաչուն պետք է ունենա, նույն ոգով կիրառել եմ աշխատանքային միջավայրում..
Գ.Հ. -Իսկ մյուս հոբին` նկարելը, հիմա թեկուզ Ձեզ համար չե՞ք նկարում…
Ռ.Յ – Հիմա դա չկա, հիմա բանաստեղծություններ եմ գրում, այդ հոբին ավելի «սլացավ» տիկնոջս հետ ծանոթանալու տարիներին: Երբ գործի առումով բաժանված էինք լինում, նամակագրություն էր լինում, երկար բանաստեղծություններ էի գրում, ռոմանտիկան աշխույժ էր: Այսօր առավոտյան էլ տիկնոջս գրեցի, ինքն արձակուրդում է, արձագանքեց` ի՜նչ ռոմանտիկ ես…
Գ. Հ.– Ինչպե՞ս կայացավ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ իբրեւ առաջատար ընկերություն, եւ Դուք ինչպիսի՞ դերակատարություն ունեցաք:
Ռ. Յ.– Դա ոչ թե մեկ մարդու, այլ հավաքական աշխատանք է, կար լավ ընտրված թիմ, միասին մտածեցինք, միասին երազեցինք, գնացինք մեր երազների հետեւից, աշխատեցինք քրտնաջան` ամիսներ եւ տարիներ աշխատավայրում մնացինք, ընտանիքը մոռացանք, աշխատանքը հայտնվեց առաջին պլանում…Մենք ուզում էինք իրականացնել մեր երազանքը, միեւնույն ժամանակ գիտակցում էինք, որ ինչ-որ առումով աշխատաոճի եւ մտածելակերպի նոր մշակույթ ենք ներդնում մեր երկրում: Մենք կարողացանք իրականացնել այն, ինչ ուզում էինք, եւ ամեն ինչի հանրագումարում դարձանք օրինակելի ընկերություն: Թիմակիցներով համախմբվեցինք ընդհանուր գաղափարի շուրջ, հաշվի առնելով կապը` ղեկավար, աշխատող, սպառող, բաժնետերեր, հասարակություն, տնտեսություն…Կարողացանք այս ամենը միավորել եւ ձգտել այն իրականության, որ պետք է միշտ լինենք թափանցիկ, անկեղծ բոլորի հանդեպ եւ այսպես ստացվեց ամեն ինչ…
Գ.Հ. – Ասում են՝ ռիսկը, համարձակությունը գործի կեսն են: Պատահե՞լ է, որ ռիսկի դիմեք:
Ռ.Յ.– Միանշանակ…Կյանքը չի կարող լինել առանց ռիսկի…Ուղղակի տարբեր տեսակի ռիսկեր կան` հաշվարկված, կիսահաշվարկված: Առանց հաշվարկված ռիսկերի գործելը կարող է անկանխատեսելի հետեւանքների բերել: Բայց երբ մարդ հաշվարկում է, կիսահաշվարկում է, հասկանում է, որ եթե ինչ-որ գործընթաց չստացվի, գործի կդնի երկրորդ պլան, որով հնարավոր կլինի առաջ գնալ: Ամեն դեպքում, հաջողության հասնելու համար պետք է ռիսկի դիմել: Թե չէ, եթե թողնենք վախը իշխի մեր վրա, տեղից չենք շարժվի, առաջընթաց չենք ունենա, նորարար կարծիքներ ի հայտ չենք բերի, կմեկուսանանք, կոչնչանանք…Մարդ պետք է իմանա՝ ինչ է ուզում կյանքից ու գնա դրա հետեւից: Միեւնույն ժամանակ մարդ պետք է հավատարիմ լինի ինչ-որ արժեհամակարգի եւ իր անցած ճանապարհի ընթացքում կիրառի, զարգացնի այն: Մարդը պետք է ամեն օր պատրաստ լինի մարտահրավերների, դրանից դաս քաղի եւ ոչ թե ասի` ես ամեն ինչ գիտեմ…
Գ. Հ. -Պարոն Յիրիկյան, մի փոքր «փակագծերը» կբացե՞ք, ո՞րն է որպես առաջնորդ Ձեր հաջողության գաղտնիքը:
Ռ.Յ. -Բացենք…Գաղտնիք չկա: Եթե մարդն առաջնորդ է, ինքը պետք է լինի բոլորի համար, կամ միայն իր համար, աշխատի բոլորի համար, կամ իր համար: Մենք, օրինակ, բոլորի համար ենք, բոլորի հետ, միշտ պետք է հաշվի առնել միջավայրը, ձեռք մեկնել միջավայրին, եթե հնարավորությունդ թույլ է տալիս: Պետք է որոշումներ չկայացնել անհատական, պետք է խորհրդակցության նստել բոլոր թիմակիցների հետ, լսել բոլորի կարծիքները, պետք է հավասար հարթակի վրա աշխատել բոլորի հետ…Մոտեցումը պետք է լինի ընթացքների մեջ ներառնել բոլորին եւ ոչ թե լինել մենաշնորհային մտածելակերպով` ես եմ ու վերջ, կնիքը դրված է: Դա արժեզրկված մոտեցում է…Բացի այդ, առաջնորդը որքան ամեն ինչը նախ իր վրա կիրառի, այնքան թիմը կհավատա նրան, կհամախմբի այն գաղափարի շուրջ, որ իրականացվում է: Մի խոսքով, մեկ ձեռքը ծափ չի տալիս…
Գ.Հ.-Ձեր ծնողներն ի՞նչ պատգամ են թողել Ձեզ, որ փոխանցել եք Ձեր զավակներին, եւ ինչ պատգամ կթողնեք այսօրվա մեր երիտասարդներին:
Ռ.Յ.– Միշտ եղեք դրական, թույլ մի տվեք, որ որեւէ խնդիր բացասաբար անդրադառնա ձեր մտածելակերպի վրա: Բացասականությամբ ոչնչի չենք կարող հասնել: Դրական մտածելակերպն է լիցքավորում կամքով ու լավատեսությամբ, ուժով: Դրական աշխատենք ապագայի համար, չուզողներ, բնականաբար, միշտ էլ լինելու են, միեւնույն է` պետք է սպիտակ մտածել եւ դեմքին ժպիտ ունենալ, որովհետեւ բացասականը կառուցողական չէ…Բացի այդ, մարդը ինչ հաջողությունների էլ հասնի, պետք է օրենքի ներքո գործի, լինի երկրից ցածր, ամեն ինչ անի, որ մեր երկրի վարկանիշը եւ անունը էլ ավելի բարձրանա…
Պատրաստեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Մանրամասները՝ տեսանյութում:
«Առավոտ»
28.07.2017