Կան ոճեր կամ ուղղություններ, որոնք տարիների, տասնամյակների ընթացքում մոռացության են մատնվում, օրինակ՝ 1900-ականների սկզբին արվեստում ձեւավորված jugenstil-ը: Աշխարհում այս ոճում առաջին ստեղծագործողներից է հայ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցը: Հիշյալ ոճը մշակույթի բոլոր ոլորտներին է հատուկ:
Օրերս կայացած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) համերգաշրջանի վերջին երեկոն մեզանում մոռացության մատնված հենց այս ոճում էր: Ներկայացվեց Սուքիաս Թորոսյանի ռեժիսուրայով Պուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված բեմադրությունը (jugenstil ոճում է ստեղծագործել Պուչինին իր «Բոհեմը» եւ «Մադամ Բաթերֆլայը»): Հայտագրում նշված էր «նոր մեկնաբանություն» արտահայտությունը, քանի որ անցյալ տարի էլ Ֆիլհարմոնիկը համերգաշրջանն ավարտել էր նույն ռեժիսորի նույն օպերայի դարձյալ թատերականացված բեմադրությամբ: Մեծ հաշվով այս անգամ նորություն էին միայն Փարիզի բարձր նորաձեւության ակադեմիայի իսկական անդամներ Թառլոյան եղբայրների դիզայնով ստեղծված զգեստները եւ մինչ ներկայացման սկիզբը «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում հանդիսատեսին դիմավորող եւ թառլոյանական դիզայնով հագնված մոդելների առկայությունը, ինչը ոչ միայն նորություն է մեզ մոտ, այլեւ հանդիսատեսին օպերան դիտելուն տրամադրող լավագույն միջոց:
Այն փաստը, որ ռեժիսորը երկրորդ անգամ է անդրադառնում այս օպերային, Սուքիաս Թորոսյանը նշեց, որ jugenstil-ը մեզանում քիչ է պրոպագանդվել, մինչդեռ Վրաստանում այսօր կա շուրջ 60 կառույց՝ այդ ոճում, Ստամբուլում՝ 70, Ազնավուրյանի ճարտարապետությամբ: Երեւանում էլ կար, բայց հավասարեցրին հողին: Անդրադառնալով «Բոհեմի» իր նոր մեկնաբանությանը, ինչը եւ նշված էր հայտագրում, Սուքիաս Թորոսյանն ասաց. «Կարելի է ոչ թե 2, 3, այլ 100 անգամ էլ անդրադառնալ նույն ստեղծագործությանը: Օրինակ, Վերդին՝ դիտելով իր «Տրավիատայի» առաջին մի քանի ներկայացումները, անընդհատ փոփոխության էր ենթարկում ի սկզբանե այդ հրաշք երաժշտությունը: Ռեժիսոր Ֆրանկո Զեֆերելին սկսած անցյալ դարից մինչ օրս զարմացնում է տարբեր թատրոններում բեմադրած «Տրավիատաներով», ամեն անգամ նոր մեկնաբանություն տալով այդ գործին, եւ այլն: Իհարկե, այս անգամ էլ հրաշք ձայներ էին. մեր օպերային թատրոնի մեներգիչներ Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Հովհաննես Ներսեսյանը (բաս), Գերմանիայից հրավիրված Անի Յորենցը (սոպրանո), Դավիթ Գազարյանը (բաս), միջազգային մրցույթի դափնեկիր Գագիկ Վարդանյանը (բարիտոն), Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած կամերային եւ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտացված դպրոցի (ղեկավար՝ Էմմա Առաքելյան) երգչախմբերը, Իտալիայից հրավիրված բարիտոն Ջանպիերո Ռուջերին: Էլ չխոսեմ նվագախմբի, բնականաբար Թոփչյանի ղեկավարությամբ, բարձրարվեստ կատարման մասին»: Հավելեց նաեւ, որ ի տարբերություն անցյալ տարվա, այս անգամ ոչ միայն զգեստներն էին նորություն, այլեւ դեկորները, մի խոսքով՝ նոր ասելիք կար: Իսկ որ ամենակարեւորն էր «Բոհեմի» երկու թատերականացված ներկայացումներում՝ ռեժիսորը պահպանել էր Պուչինիի ժամանակաշրջանը:
Դիտարկմանը, թե լեփ-լեցուն դահլիճը եւ ներկայացմանը մասնակից արտիստներով հագեցած բեմը կարելի էր «տեղափոխել» օպերային թատրոն, պատասխանեց լիբանանահայ մի հանդիսատես. «1990-ականների վերջերին Սուքիաս Թորոսյանը Մոցարտի «Ռեքվիեմը» Բեյրութում բեմադրել էր բալետի արտիստներով, ինչը հիշում ենք մինչ օրս: Եվ եթե մշակութային որեւէ գործ ապրում է մարդկանց հիշողության մեջ, ուրեմն այն ավելի քան ստացվել է»: Հետո էլ հորդորեց. «Այս ռեժիսորին տվեք մարզադաշտ, թող այնտեղ բեմադրի…»:
Խոսակցությանը միջամտեց նաեւ իտալացի երգիչը, որն աշխատել է Զեֆերելիի հետ. «Զեֆերելին ամեն մի միլիմետրը չափում էր, նշանակություն էր տալիս առաջին հայացքից մանրուք թվացող ամեն ինչի: Մի բեմադրությունը կարող էր ձգվել, ասենք, երկու տարի: Իսկ ձեր ռեժիսորին հաջողվեց, իմ կարծիքով՝ ստացված այս ներկայացումը իրականացնել հաշված օրերի ընթացքում»: Թառլոյան եղբայրներն էլ չսպասելով հարցի, իրենց հիացմունքը հայտնեցին ճեմասրահում իրենց հագուստները ներկայացնող երիտասարդների մասին, որոնք պրոֆեսիոնալ մոդելներ չէին:
Ավելորդ է խոսել ներկայացման ավարտին հանդիսատեսի հիացմունքի մասին, որ բրավոներից բացի, արտահայտություններ էլ էին հնչեցնում՝ «այ, տոնը սա է…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Տեսարան «Բոհեմ»-ից:
«Առավոտ»
28.07.2017