Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկական կինոն պոդիում հանելու ամերիկադոմինիկյան տեսլական

Հուլիս 28,2017 23:35

Հայաստանի ազգային կինոկենտրոնը նոր ղեկավարություն ունի, այն մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հավաստմամբ` կառուցվածքային, մոտեցումների կառավարման եւ այլ առումներով փոփոխություններ է կրելու: Նախկին ղեկավարն ազատվել է աշխատանքից, դրանով հարցը փակվել է: Արմեն Ամիրյանն ասում է, որ նախկինում կառույցն անարդյունավետ է կառավարվել, իսկ դա ենթադրում է, որ պետական միջոցները ոչ արդյունավետ են ծախսվել: Բայց դա, ըստ երեւույթին չի կարեւորվում: Հայաստանում բոլոր ոլորտներում պետության հասցված վնասների համար ընդամենն ազատում են աշխատանքից, դրանով հարցը փակվում է: Եվ ոչ մի իրավական հետեւանք:

Տպավորություն չստեղծվի, թե որեւէ պաշտոնյայի քառատումն ու խարույկի վրա հրկիզումն ենք ակնկալում, բայց մի տեսակ արդար չէ, որ աշխատանքից ազատվածները հանգիստ կարող են վայելել տարիների ընթացքում կուտակածը, ու նրանց առավելագույն պատիժը կարճ ժամանակով աշխատանք կորցնելը լինի կամ թոշակի գնալը:

Հուլիսի 28-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրեց ձախողված մի կառույցի` կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանին նորանշանակ ֆիլմ- հանձնակատար, գեղարվեստական ղեկավար Արսեն Բաղդասարյանին: Վերջինս Ամիրյանի ձեւակերպմամբ` Հոլիվուդում գլխավոր խաղացողներից է, որն աշխատել է Դոմինիկյան Հանրապետությունում: Անկեղծ ասած, Դոմինիկյան Հանրապետություն արտահայտությունը մի տեսակ ասոցացվում է օֆշորի հետ եւ ոչ թե Հոլիվուդյան կինոյի, մանավանդ այդ երկիրը ըստ ՀՀ կառավարության 4 հուլիսի 2012 թվականի N 915-Ն որոշման, սահմանված օֆշորային գոտիների ցանկում է:

Արսեն Բաղդասարյանն ավելի համեստ գտնվեց, երբ նրանից հարցրինք` իսկապե՞ս իրականությանը համապատասխանում է իր «շեֆի» ասածը` Հոլիվուդում «եղանակ փոխելու» վերաբերյալ: Կինոկենտրոնի հանձնակատարն ասաց, որ ինքը պարզապես կինոպրոդյուսեր է Լոս Անջելեսից, որի մասնագիտությունը բիզնես հոգեբանությունն է:

Թեեւ նրա մասին որոշակի տեղեկատվություն գտել էինք IMDb կայքում, այնուամենայնիվ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հայտնի ռեժիսորների հետ է համագործակցել այն մարդը, որը հայկական կինոյի փրկիչ է «հրամցվում»:

Արսեն Բաղդասարյանը նշեց, որ այդ ռեժիսորների թիվը մեծ է, սակայն տվեց միայն Տարանտինոյի եւ ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանի անունները: Ապա հավելեց, որ ուզում է կենտրոնացնել բոլոր գործիքները եւ հնարավորությունները, որ հայ կինոարտադրողի կյանքը հեշտացնի: Արսեն Բաղդասարյանը հայտնեց, թե ԱՄՆ-ում մարքեթինգային ընկերություն է ստեղծել ու ավելի ուշ է սիրահարվել կինոարվեստին: Հայաստանում աշխատելու հրավերից էլ ուրախացել է` անակնկալ էր:

Ասուլիսի ժամանակ նախարարը թույլ չտվեց , որ նա գնահատականներ տա հայ ռեժիսորների ֆիլմերի մասին` պատճառաբանելով, թե պետական պաշտոնյայից ճիշտ չէ նման բան պահանջելը:

Ասուլիսից հետո պատասխանելով մեր հարցին` նորանշանակ գեղարվեստական ղեկավարն ասաց, որ հայաստանցի գրեթե բոլոր ռեժիսորներին ճանաչում է: «Ով ցանկություն է ունեցել եւ ինձ ներկայացել է, բոլորի հետ հանդիպել եմ»,- նշեց մեր զրուցակիցը:

Առայժմ պարզ չէ, թե Արսեն Բաղդասարյանն ինչպես է փրկելու հայ կինոն, կարեւորը` լավ է տրամադրված: Ըստ IMDb-ում առկա տեղեկատվության, նա որպես մարկետինգի մասնագետ աշխատել է որոշ հայտնի բրենդերի` Քելվին Քլեյնի, Գուչիի, Պրադայի հետ: Գուցե դա՞ է պատճառը, որ կարծում է, թե ինքն է լինելու հայկական կինոն պոդիում բարձրացնողը:

Ի դեպ, կինոկենտրոնի նոր ղեկավարությունը ընդունում-հանձնման մասին առայժմ տեղեկատվություն չի տրամադրում, աուդիտի արդյունքներն էլ հայտնի չեն, Արսեն Բաղդասարյանի կենսագրականն էլ կինոկենտրոնի ու մշակույթի նախարարության կայքում չկա: Նախարարությունից պատճառաբանում են, թե երեք անգամ խնդրել են, բայց ամերիկահայ նորանշանակ պաշտոնյան դեռ չի ներկայացրել: Կարեւորը` մարդը ուրախ է, որ Հայաստանի Անկախության օրը` սեպտեմբերի 21-ը իր ծննդյան օրվա հետ է համընկել: Դրանում խորհուրդ կա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` azatutyun.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31