Սարաեւոյում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում երեք բրոնզե մեդալ նվաճած Հայաստանի հավաքականն այս գիշեր վերադարձավ Երեւան:
Մինչեւ նրանց ժամանումը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն Aravot.am-ի համար ամփոփեց մեր թիմի մասնակցությունը:
«Ընդհանուր առմամբ գոհ ենք, չնայած ոսկե մեդալներ չեղան: Թիմի մոտ 80 տոկոսը առաջին անգամ էր մասնակցում նման մակարդակի մրցման: Այս տղաները հայկական ըմբշամարտի ապագան են, մի քանի տարի անց նրանք են համալրելու երիտասարդական եւ ազգային հավաքականները: Հուսադրող է, որ արդեն 16-17 տարեկանում նրանց մեջ մինչեւ վերջ պայքարելու եւ հաղթելու ոգի կա: Իհարկե, եղան նաեւ անհաջողություններ: Առանց դրա էլ հնարավոր չէ: Սա մրցափորձ ձեռք բերելու շատ լավ դպրոց էր:
Ինձ, որպես հավաքականի նախկին գլխավոր մարզչի, իսկ հիմա որպես ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի, ուրախացնում է, որ վերջին տարիներին սկսել ենք մեդալներ նվաճել մեզ միշտ հոգս պատճառած ծանր քաշային կարգում: Վստահ եմ, որ ոչ հեռու ապագայում Հայաստանի ազգային հավաքականը բարձր քաշային կարգերում ներկայացված կլինի այստեղ աճած ըմբիշներով», – ասաց մասնագետը:
Արայիկ Բաղդադյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ նշելով. «Հայկական ըմբշամարտը վերջին ութ տարիներին ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի օրոք խնդիրներ չի ունեցել եւ հասել է ամենաբարձր արդյունքների:Իսկ երբ նա բոլորիս համար անսպասելի հրաժարական տվեց, պարոն Ծառուկյանն անմիջապես կանգնեց մեր թիկունքին՝ իր վրա վերցնելով ըմբշամարտի ֆեդերացիայի հոգսերը: Եվ հաջողությունները, որ շարունակվում են, ՀԱՕԿ նախագահի շնորհիվ է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ