Թուրքիայի Սամսուն քաղաքում անցկացված լսողության խնդիրներ ունեցող անձանց խաղերում Հայաստանի մարզիկները նվաճեցին հինգ մեդալ:
Երեւան վերադառնալուց հետո նրանց համար կազմակերպվեց մեծարման միջոցառում:
«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ մարզապալատում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ողջույնն ու շնորհավորանքները փոխանցեց նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը՝ նրանց կուրծքը զարդարելով դափնեպսակներով: Պարոն Վահրադյանը նշեց, որ 2017 թվականի սուրդլիմպիկ խաղերին մեր մարզիկների նախապատրաստական մարզումները մշտապես գտնվել են նախարարության ուշադրության կենտրոնում, ինչի արդյունքում նախորդ տարիների մեկական բրոնզե մեդալի փոխարեն այս անգամ մեր տղաները վերադարձան հինգ մեդալով:
Սամսունում ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը (60 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ հունա-հռոմեական ըմբիշներ Ժորա Գրիգորյանը (71 կգ), Արարատ Սարգսյանը (75 կգ), Նարեկ Նիկողոսյանը (80 կգ), ինչպես նաև ազատ ոճի ըմբիշ Սարգիս Սարգսյանը (57 կգ) նվաճել են բրոնզե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ