Հուլիսի 28-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի փակման հանդիսավոր արարողությունը: Ծրագիրն իրականացվեց ԵՊՀ հետ համատեղ:
Կազմակերպվեցին դասընթացներ հետևյալ հինգ ուղղություններով՝ Հայոց լեզվի արագացված ուսուցում, Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում, Երիտասարդ լրագրողների վերապատրաստում, Ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետության դասընթացներ, Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը` կարևորելով «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացների դերը հայապահպանությանն աջակցելու գործում: Նա շնորհակալություն հայտնեց ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին՝ դասընթացները մեծ պատասխանատվությամբ և բարձր մակարդակով կազմակերպելու համար և նշեց, որ դպրոցի նպատակներից մեկը օտար ափերում տարբեր մշակույթների ազդեցության պայմաններում գործող սերունդներին հայ պահելն է: «Դպրոցի 3 դասընթացներն ավարտվել են հուլիսի 14-ին, այսօր ավարտվեց Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացը, որին մասնակցեց շուրջ 120 սփյուռքահայ՝ 22 երկրից և Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստման դասընթացը, որին մասնակցեց 58 սփյուռքահայ՝ 20 երկրից: Սիրելի՛ մասնակիցներ, դուք ձեռք բերեցիք նոր գիտելիքներ ու հմտություններ: Ձեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը նոր ընկերներն են: Նոր կապերն ու հարաբերությունները աստիճանաբար ձևավորում են ազգային զորավոր ցանց, որը պետք է դառնա հայապահպանության երաշխավորներից մեկը»:
Ներկաներին ողջունեց «Սփյուռք» ամառային դպրոցի իրականացման ԵՊՀ պատասխանատու Մհեր Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ ԵՊՀ համագործակցությունը արդյունավետ է և դպրոցը տարեցտարի գրանցում է նորանոր հաջողություններ:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստման դասընթացի մասնակից Աստղիկ Լագզյանը (Ռուսաստան)՝ նշելով. «Սփյուռքի նախարարությունն և համալսարանը շնորհակալ աշխատանք են իրականացնում: Գիտելիքների ողջ պաշարը, որ տանում ենք մեզ հետ, պետք է օգտագործենք՝ համայնքներում հայապահպանության գործը լավագույնս կազմակերպելու համար: Ձեր կողմից ներդրված այս ջանքերը պետք է հասնեն նպատակին»:
Աստղիկ Լագզյանը հավելեց, որ «Սփյուռք» ամառային դպրոցի Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացին մասնակցեցին նաև իր երկու զավակները և այժմ ազատ գրում, կարդում են հայերեն, հաճույքով կատարում են հայ ազգագրական և ժողովրդական երգեր:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը և ծրագրի իրականացման պատասխանատուն հավաստագրեր հանձնեցին դպրոցի մասնակիցներին:
Այնուհետև «Սփյուռք» ամառային դպրոցի բոլոր ուղղությունների ներկայացուցիչները հանդես եկան ազգային երգերի, պարերի կատարումներով, ասմունքեցին և ներկայացրին իրենց ստեղծագործությունները, իրենց գոհունակությունը հայտնեցին նման կարևոր ծրագիրը կյանքի կոչելու համար:
2012-2017թթ. «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին մասնակցել է 1431 սփյուռքահայ: Յուրաքանչյուր տարի մասնակցել է նախատեսվածից կրկնակի անգամ ավելի մասնակիցներ:
Ուսումնական, տեսական և գործնական պարապմունքներին զուգահեռ ծրագրի մասնակիցների համար կազմակերպվեցին մշակութային միջոցառումներ, նրանք այցելեցին թանգարաններ, շրջագայեցին Հայաստանի տեսարժան վայրերով, հանդիպումներ ունեցան հայտնի մտավորականների, պետական և հասարակական գործիչների հետ:
ՀՀ սփյուռքի նախարարություն