Վանաձորում ուշադրության արժանի խնդիրներից է կանգառների վերանորոգումն ու կահավորումը: Քաղաքում շատ կանգառներ գտնվում են մեղմ ասած՝ անմխիթար վիճակում, կամ՛ նստարաններ չկան, կա՛մ էլ ծածկն է բացակայում:
Վարդանանց փողոցում գտնվող կանգառը, որը հարում է Արցախ պուրակին, կառուցվել է դեռեւս խորհրդային միության տարիներին: Չնայած, որ կանգառը կառուցված է հետաքրքիր լուծումներով, սակայն շրջակա վիճակն ու նստարանների մեջտեղում լցված աղբը մոռանալ են տալիս կանգառի գեղեցկությունը:
-Կանգառի ձեւը հաճելի ու ճաշակով է, բայց պետք է խնամքով պահեն: Փառք Աստծո, էլի լավ է, որ գոնե էս փայտերը չեն գողացել, տարել վառել: Աղբը միշտ էլ եղել է: Այստեղ մի հատ աղբաման չկա տեղադրված, որ լիներ կարողա էս վիճակում չլիներ կանգառը,- ասում է վանաձորցի Վարուժ պապն ու միաժամանակ նշում. «Եթե մի քիչ կարեւոր մարդիկ են գալիս-գնում, աչքեր ցույց տալու համար նրանց ոտքի տակը մաքրում են, ասֆալտում, եթե չէ, էս վիճակն է, ոնց որ լաբիրինթոս լինի»:
Կանգառներում բացակայում են նաեւ ժամանակատախտակները: Վանաձորցիներից շատերի համար սա խնդիրներ է առաջացնում. «Ես Բազում թաղամասում եմ ապրում, օրինակ, որ ուզում եմ գնամ Տարոն 4, չգիտեմ ինչ ժամի է տրանսպորտ լինում, կանգնում եմ, այնքան սպասում, մինչեւ երթուղային գա, գնամ: Իսկ, որ ժամերը, ուղղությունը մի տախտակի վրա գրած-կպցրած լինի, շատ լավ կլինի»,-ասում է Գայանեն:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ