Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության`ԵՏՄ-ի, հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները, համաձայն որոնց Եվրասիական տնտեսական միության տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչեւ 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք։ Դրանց մեջ մտնում են գրեթե բոլոր տեսակի միրգն ու բանջարեղենը։ Սա հարուցել է մի շարք քաղաքացիների, մասնավորապես Վրաստանի հետ սահմանակից գյուղերի բնակիչների զայրույթն ու դժգոհությունը, որոնք Վրաստանից միրգ եւ բանջարեղեն էին ներկրում` վերավաճառելու նպատակով:
Մինչ նոր պահանջների գործարկումը օրենքը թույլ էր տալիս մինչեւ 50 կիլոգրամի ներկրումը, ինչն էլ թույլ էր տալիս գյուղացիներին աշխատատեղերի բացակայության պայմաններում, ինչպես իրենք են ասում` «գլուխները պահել»:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով, եթե ԵՏՄ այս պահանջները դիտարկենք տվյալ տարածաշրջանի տեսանկյունից, բնականաբար այդ գյուղացիները լուրջ ֆինանսական վնասներ են կրելու. «Եթե այդ ճանապարհով նրանք կարողանում էին իրենց սոցիալական հարցերը լուծել, ապա այժմ այդ հնարավորությունից դրանից զրկվելու են»,-ասում է պարոն Խաչատրյանը` նշելով, որ եթե այդ ապրանքները սկսեն մաքսազերծել, ապա ապրանքների վաճառքի գինը կթանկանա. «Եթե մաքսազերծելու են` նոր են վաճառելու, այստեղ արդեն այդ բնակիչները ոչ մրցակցային պայմաններում են հայտնվելու ներմուծողների հետ, այսինքն` ներմուծողն էլ է նույն պրոցեսով անցնում, գյուղացիները երեւի չմաքսազերծելով եւ այդ գործընթացից որոշակի առումով դուրս մնալով որոշակի մրցակցային առավելություն ունեին, հիմա այդ մրցակցային առավելությունը վերանում է եւ նման պրոցեսները անգամ նրանց ձեռնտու էլ չի դառնալու, որ գնան հասնեն, բերեն, մաքսազերծեն , այսինքն` իրենց կատարած աշխատանքն այլեւս ֆինանսապես նպատակահարմար կամ հիմնավորված չի լինելու: Ինչը դժգոհությունների առիթ է առաջացնելու»:
Ըստ Վիլեն Խաչատրյանի, եթե նայում ենք դասական պետության կանոններով կամ մրցակցության կանոններով, ապա նման քայլերը ճիշտ են, բայց, եթե նայում ենք, զուտ մարդկային, սոցիալական տեսանկյունից, այդ մարդկանց` աղքատության շեմին գտնվելու տեսանկյունից` նման քայլերը սխալ են:
«Այդ մարդկանց խնդիրները լուծեք` աշխատատեղ ստեղծեք եւ այլն, հետո միայն կիրառեք»,-նկատում է տնտեսագետը:
Aravot.am-ի այն հարցին, թե այդ տարածաշրջանում, որտեղ մարդիկ առեւտրով էին տուն պահում հնարավո՞ր է աղքատության տոկոսը բարձրանա, Վիլեն Խաչատրյանն ասաց` աղքատությունը կավելանա, մարդկանց վիճակը որոշակի առումով կվատանա:
«Եթե ամեն մեկը մի ընտանիք էր պահում եւ եթե 50 հոգու մասին խոսք գնա, ապա առնվազն 200 մարդ կտուժի, կսկսեն ավելի վատ ապրել»,-ասաց պարոն Խաչատրյանը` կարծիք հայտնելով, որ այդպիսի փոքր կարգի գործարքները չպետք է «բռնել` մտցնել այդ կարգի խիստ կանոնակարգման դաշտ»:
«Ի՞նչ պետք է անի, խոշոր բիզնեսմե՞ն է, ինչ է, ընդամենն իր տունն է պահում ինքնազբաղվածին հավասար գործ է, այսինքն` նա ինքնազբաղված
մարդ է, իր գլխի ճարն ինչ-որ ձեւով կարողանում է տեսնել ինչո՞ւ հնարավորություն չտալ, բայց դու անգամ դա ես կանոնակարգում եւ նա ստիպված է այդ դաշտից դուրս թռնել»,-ասաց Վիլեն Խաչատրյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ