ՈՐՈՇՈՒՄ
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդը, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Տիգրան Խուրշուդյանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի և Տարոն Սիմոնյանի,
քննության առնելով փաստաբանների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցը՝
Պ Ա Ր Զ Ե Ց`
- ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Դատական կարգադրիչների կողմից փաստաբանների զննության հետ կապված հարցը բարձրացել է հիմնականում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Գաբրիելյանի կողմից քննվող թիվ ԵԷԴ/0050/01/17 և Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ.Գրիգորյանի կողմից քննվող թիվ ԵԱԴԴ/0028/01/17 քրեական գործերով դատական նիստերից առաջ:
Փաստաբաններն ահազանգում էին, որ՝
– դատական կարգադրիչները փաստացի փորձում են խուզարկություն իրականացնել.
– խտրական մոտեցում են ցուցաբերում դատախազների նկատմամբ և նրանց զննության չեն ենթարկում.
– զննությունն իրականացվում է այնպիսի եղանակով, ինչը նվաստացնում է փաստաբանի մասնագիտական արժանապատվությունը:
Վերջին շրջանում, արձանագրվել են նաև դեպքեր, երբ քրեական գործերով պաշտպաններն առանց նիստը նախագահող դատավորի թույլտվության լքել են դատարանի դահլիճը:
Այս առիթներով, դատավորները դատական սանկցիաներ են կիրառել փաստաբանների նկատմամբ՝ դիմելով ՀՀ փաստաբանների պալատին:
- ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
14.06.2017թ. ՀՀ փաստաբանների պալատի նախագահը հայտարարությամբ է հանդես եկել նշելով, որ՝
- դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը և փաստաբանի իրը կարող է զննության ենթարկվել.
- անթույլատրելի է փաստաբանին կամ փաստաբանի իրը զննության ենթարկելիս խտրական մոտեցում ցուցաբերել.
- դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը չի կարող խուզարկության ենթարկվել:
27.06.2017թ. ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբը հայտարարություն է տարածել, որով փաստաբաններին խնդրել է՝ դատական կարգադրիչների կողմից փաստաբանների նկատմամբ զննություն կատարելու փորձերի ժամանակ տեղի ունեցող հնարավոր բացասական միջադեպերն արձանագրելու և կանխելու նպատակով, նախապես տեղեկացնել հանձնախմբին՝ նիստի ժամանակի և վայրի մասին՝ Փաստաբանների պալատի ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու համար:
30.06.2017թ. Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, խորհրդի անդամներ՝ Կարեն Մեժլումյանը, Հարություն Հարությունյանը և Սիմոն Բաբայանը այցելել են Շենգավիթի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենք, որտեղ պետք է տեղի ունենար թիվ ԵԱԴԴ/0028/01/17 քրեական գործով նիստը:
30.06.2017թ. ՀՀ փաստաբանների պալատի նախագահը գրավոր դիմել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին առաջարկելով՝ դատարանների շենքերն ապահովել զննության այնպիսի սարքավորումներով, որոնք փաստաբանների զննության ժամանակ կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն կարգադրիչների անմիջական միջամտությունը:
12.07.2017թ. ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել ակումբի նիստ, որին մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահը, խորհրդի անդամներ՝ Մելանյա Առուստամյանը, Սիմոն Բաբայանը և Արայիկ Ղազարյանը: Քննարկվել են ինչպես զննության հետ կապված հարցերը, այնպես էլ դատարանի կողմից սանկցիաներ կիրառելու, հանրային պաշտպան նշանակելու, դատարանի կողմից դատական նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիայի հաշվարկման հարցերը: Փաստաբանների պալատի խորհրդի ներկա անդամները ձեռնպահ են մնացել կարգապահական վարույթներին առնչվող հարցերի քննարկումից: Ակումբի նիստի ժամանակ, քննարկման արդյունքներով, Պալատի նախագահը տեղեկացրել է, որ զննության հետ կապված հարցը կներկայացնի խորհրդի քննարկմանը, իսկ դահլիճից հեռացնելու մասին դատական սանկցիայի հաշվարկման հարցը կբարձրացվի իրավասու մարմնի առջև:
20.07.2017թ. ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, խնդրելով դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակի (ժամի) հաշվարկման կարգը պարզաբանելու նպատակով:
- ԶՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Ուսումնասիրելով զննության հարցին առնչվող օրենսդրությունը, Փաստաբանների պալատի խորհուրդն արձանագրում է հետևյալը՝
ՀՀ դատական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն՝ դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և դատարանի տարածքի պահպանումը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից ապահովում է դատական կարգադրիչը:
Նույն օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ դատական կարգադրիչն իր գործառույթներն իրականացնելու նպատակով իրավունք ունի զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2011թ. հուլիսի 21-ի թիվ 04-ն որոշմամբ հաստատված «Դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու» կարգի համաձայն՝
«1. Կարգադրիչի կողմից պահպանվող տարածք մուտք գործող անձինք և իրերը կարգադրիչի կողմից կարող է ենթարկվել զննության:
- Զննումից առաջ անձին առաջարկվում է ներկայացնել այն առարկաները, որոնք արգելվում է մտցնել պահպանվող տարածք: Պահպանվող տարածք մուտք գործող անձանց և իրերի զննում կատարվում է համապատասխան սեռի կարգադրիչի կողմից:
- Զննման ընթացքում առաջարկվում է ներկայացնել պայուսակի, ճամպրուկի, փաթեթի կամ այլ պահոցի պարունակությունը:
- Պահպանվող տարածք մուտք գործող անձանց և իրերի զննման ժամանակ արգելված իրերի, առարկաների առկայության դեպքում առաջարկվում է դրանք թողնել համապատասխան պահոցում` տարածքից ելք ունենալիս դրանք հետ վերցնելու պայմանով, բացառությամբ սույն կարգով սահմանված դեպքերի:
- Եթե պահպանվող տարածք մուտք գործող անձանց և իրերի զննման ժամանակ հայտնաբերվում են այնպիսի իրեր կամ առարկաներ, որոնք կարող են մարդու կյանքին կամ առողջությանն ակնհայտ վնաս հասցնելու մասին վկայել, կարգադրիչի կողմից վերցվում են, որի մասին կազմվում է արձանագրություն:
Արձանագրության մեջ տրվում են վերցված առարկաների և իրերի նկարագրությունը: Եթե կիրառվել են տեխնիկական միջոցներ, ապա նշվում է նաև դրանց կիրառման մասին:
Արձանագրությունն ստորագրում են զննություն կատարող կարգադրիչը և զննվողը: Զննվողը կարող է իր դիտողությունները ներկայացնել, որոնք ամրագրվում են արձանագրության մեջ: Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից:
Եթե զննվողը հրաժարվում է ստորագրելուց, ապա այդ մասին կարգադրիչը նշում է անում արձանագրության մեջ և ստորագրում այն: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է զննվողին:
Արձանագրությունը վերցված առարկաների և իրերի հետ միասին անհապաղ հանձնվում են ոստիկանությանը:……»:
ՀՀ դատական օրենսգրքով կամ դատավարական որևէ օրենքով, դատական կարգադրիչների կողմից զննություն կատարելու որևէ կարգ սահմանված չէ: Նշված օրենքներով սահմանված չէ նաև արգելված իրերի ցանկը:
Իրավական որոշակիության պահանջը հուշում է, որ արգելված իրերի ցանկը պարտադիր է, որպեսզի քաղաքացիներն իրենց վարքագիծը կանխորոշեն: Օրինակ, իմանան, թե որ դեպքում ինչ իրեր չեն կարող իրենց հետ ունենալ դատարանի շենք մտնելիս: Հակառակ պարագայում, դատական կարգադրիչները կարող են կամայականորեն անձանց չթույլատրեն ցանկացած իր (նույնիսկ անվտանգ) տեղափոխելու համար:
ՀՀ դատական օրենսգիրքը չի բացահայտել նաև զննության հասկացությունը, հետևաբար Պալատի խորհուրդը զննության բովանդակությունը պարզելու համար օգտվում է իրավունքի այլ ճյուղերում՝ զննությանը տված հասկացությունից:
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը զննություն (զննում) է համարում քննիչի այն գործողությունը, որով վերջինս զննում է տեսանելի օբյեկտները, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց զննումը դարձնում է իրեն մատչելի, եթե դրանով չեն խախտվում քաղաքացիների իրավունքները:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն՝
«Անձնական զննություն կարող են կատարել ոստիկանության, ռազմականացված պահպանության, քաղաքացիական ավիացիայի, մաքսային հիմնարկների և սահմանապահ զորքերի` դրա համար լիազորված պաշտոնատար անձինք, իսկ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում` նաև դրա համար լիազորված մյուս մարմինների պաշտոնատար անձինք:
Անձնական զննություն կարող է կատարել զննության ենթարկվողի հետ նույն սեռին պատկանող լիազորված անձը` և նույն սեռին պատկանող երկու ընթերակաների ներկայությամբ:
……………..
Անձնական զննության և իրերի զննության մասին կազմվում է արձանագրություն կամ համապատասխան նշում է արվում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կամ վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրության մեջ:..»:
Հատկանշական է, որ զննության ժամանակ և զննության պատրվակով, պաշտոնատար անձը երբեմն փաստացի խուզարկության փորձեր կարող է կատարել: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածից հետևում է, որ՝ խուզարկությունն իրենից ներկայացնում է գործի համար նշանակություն ունեցող առարկաների ու փաստաթղթերի որոնման (գտնելու) և վերցնելու գործողություն։ Այսինքն, ի տարբերության զննության, խուզարկության դեպքում, «խախտվում են» մարդու իրավունքները, քանի որ հակառակ անձի կամքի, պաշտոնատար անձը ինքն է բացում պայուսակը և որոնում է արգելված իրեր:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ՝
– զննության դեպքում, դատական կարգադրիչն ուսումնասիրում է միայն տեսանելի օբյեկտները, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց զննումը դարձնում է իրեն մատչելի, եթե դրանով չեն խախտվում քաղաքացիների իրավունքները.
– զննության ժամանակ, դատական կարգադրիչն իրավասու չէ ինքնուրույն բացել պայուսակը կամ տեղաշարժել իրերը:
Փաստաբանների դեպքում, այս իրավակարգավորումները գործում են հաշվի առնելով փաստաբաններին առնչվող առանձնահատկությունները:
ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականի 1-ին սկզբունքի 1-ին կետի համաձայն՝ հարկավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:
Նույն սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան:
ՄԱԿ-ի կողմից 1990թ. ընդունված «Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ»-ի 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ կառավարություններն ապահովում են, որպեսզի փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) Մեծ պալատի 23.04.2015թ. Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի N 29369/10 գործով կայացված որոշման համաձայն՝
«132. Փաստաբանի յուրահատուկ կարգավիճակը նրան կենտրոնական տեղ է տալիս արդարադատության իրականացման գործընթացում, որպես միջնորդի՝ հասարակության և դատարանի միջև: Սրա հետ կապված նրանք ունեն գլխավոր դերակատարում՝ ապահովելու համար, որպեսզի դատավորները, որոնց առաքելությունը հիմնված իրավունքի գերակայության սկզբունքի վրա համարվում է հիմնարար, պետությունում հասարակության վստահության կրողներ լինեն (Տես Եվրոպական դատարանի Որոշումը «Շեպֆերը ընդդեմ Շվեյցարիայի» գործով (20.05.1998թ., Հաշվետվություն 1998-III, §§ 29-30), Եվրոպական դատարանի Որոշումը «Նիկուլան ընդդեմ Ֆինլանդիայի» գործով (Բողոք N 31611/96 ՄԻԵԿ 2002-II, § 45), Եվրոպական դատարանի որոշումը «Ամիխալակիոնեն ընդդեմ Մոլդովայի» գործով (Բողոք N 60115/00, ՄԻԵԿ-2004-III, § 27), Եվրոպական դատարանի մեծ պալատի վերոհիշյալ որոշումը «Կիպրիանուն ընդդեմ Կիպրոսի» գործով (§ 173), Եվրոպական դատարանի որոշումը «Անդրեն ու ուրիշները ընդդեմ Ֆրանսիայի» գործով (24.07.2008թ., Բողոք N 18603/03, § 24) և կրկին վերոհիշյալ Եվրոպական դատարանի որոշումը «Մորը ընդդեմ Ֆրանսիայի» գործով § 42): Սակայն, որպեսզի հասարակությունը պահպանի վստահությունը արդարադատության իրականացման հանդեպ, հասարակության անդամները պետք է վստահեն իրավաբանական մասնագիտություն ունեցող անձանց կարողությանը՝ իրականացնելու արդյունավետ շահերի ներկայացուցչություն (վերոհիշյալ Եվրոպական դատարանի մեծ պալատի վերոհիշյալ որոշումը «Կիպրիանուն ընդդեմ Կիպրոսի» գործով § 173):
- Փաստաբանների հատուկ դերակատարումը, արդարադատության իրականացման հարցում որպես անկախ մասնագետների, իր մեջ ներառում է մի շարք պարտավորություններ, հատկապես այն դեպքերում, երբ այն վերաբերվում է նրանց վարքագծին (Եվրոպական դատարանի որոշումը «Վան դեր Մուսելեն ընդդեմ Բելգիայի» գործով (2 մի 3.11.1983թ., Սերիա A, N 70), Եվրոպական դատարանի որոշումը «Կասադո Կոկան ընդդեմ Իսպանիայի» գործով (24.02.1994թ., Սերիա A, N 285-A, § 46), Եվրոպական դատարանի որոշումը «Շտերը ընդդեմ Նիդեռլանդների» գործով (Բողոք N 39657/98, ՄԻԵԿ 2003-XI, § 38), Եվրոպական դատարանի որոշումը «Վերարտը ընդդեմ Նիդեռլանդների» գործով (30.11.2006թ., Բողոք N 10807/04, § 51) և Եվրոպական դատարանի որոշումը «Կոտանն ընդդեմ Ֆրանսիայի» գործով (24.01.2008թ., Բողոք N 17155/03)):
Չնայած փաստաբանները ենթակա են սահմանափակումների իրենց մասնագիտական գործունեության մեջ, որոնք պետք է լինեն շրջահայաց, արդար և ազնիվ, նրանք միաժամանակ օգտվում են բացառիկ իրավունքներից և արտոնություններից, որոնք կարող են տարբեր իրավասություններում տարբեր լինել, դրանց շարքում իր մասնաբաժինն ունի զսպվածությունը դատարանում օգտագործվող դիրքորոշման առնչությամբ (Տես վերոհիշյալ Եվրոպական դատարանի որոշումը «Շտերը ընդդեմ Նիդեռլանդների» գործով):»:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝
«1. Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով:
- Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
- Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:…….
- Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:»:
Փաստաբանի կարգավիճակը իր բովանդակությամբ տարբերվում է քաղաքացու կարգավիճակից, և որպես այդպիսին հավելյալ պաշտպանվում է պետության կողմից: Փաստաբանի անձնական խուզարկությունը, որը իրականացվել է առանց պաշտոնատար անձի կողմից կայացված պատճառաբանված որոշման, առանց զննության ընթացքի և արդյունքի գրավոր ամրագրման՝ չի կարող համարվել օրինական:
Անդրադառնալով հանրային շահի պաշտպանության և հանրային գործառույթներ իրականացնող առանձին սուբյեկտների անձեռնմխելիության հավասարակշռության հարցին, հարկ է նշել, որ հասարակությունը և պետությունը, ներկայացնելով այդ սուբյեկտներին և նրանց մասնագիտական գործունեությանը բարձր պահանջներ, իրավունք ունեն և պարտավոր են ապահովել նրանց պատշաճ երաշխիքներ՝ իրենց վրա դրված գործառույթների պատշաճ կատարման համար:
Որակյալ իրավաբանական օգնություն տրամադրելը կարևոր հանրային գործառույթ է, որի շնորհիվ ապահովվում է, ինչպես անձի իրավունքի պաշտպանությունը, այնպես էլ արդարադատության առջև դրված խնդիրների լուծումը: Որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, որպես առավել նշանակալիներից մեկը, ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (հոդված 64), հռչակվում է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով (հոդված 14), և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով (հոդվածներ 5 և 6): Հետևաբար, պետությունը, ապահովելով տվյալ իրավունքը, պարտավոր է ստեղծել համապատասխան պայմաններ քաղաքացիների կողմից դրանց իրականացման համար, իսկ անձանց, որոնք տրամադրում են իրավաբանական օգնություն, այսինքն՝ փաստաբաններին՝ իրենց գործունեության արդյունավետ իրականացման համար:
Անձնական զննության անհրաժեշտությունը պետք է հաստատվի նշելով դրա իրականացման, ինչպես իրավական, այնպես էլ փաստական հիմքերը, իսկ ընթացքը և արդյունքները՝ գրավոր ամրագրվեն, որպեսզի անձը, ում նկատմամբ իրականացվում է անձնական զննություն ապահովվի հնարավորությամբ համապատասխան գործողությունների օրինականության և հիմնավորվածության դատական կարգով ստուգման: Հակառակ դեպքում, չի բացառվում օբյեկտիվ և սուբյեկտիվ խանգարող հանգամանքների առաջացումը՝ փաստաբանի կողմից իր մասնագիտական գործունեության իրականացման հարցում, և դրանով իսկ, հնարավորություն կստեղծվի Սահմանադրության արժեքների և շահերի հավասարակշռության խախտման և որակյալ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքի սահմանափակման համար:
Այս վերլուծությունից հետևում է, որ՝
– Փաստաբանները գտնվելով փաստաբանի վարքագծի կանոնագրքի կիրառման տիրույթում, պետք է ընդունվեն որպես վստահելի մասնագետներ: Փաստաբանները քրեական գործերով արդարադատության կայացման հարցում կարևոր և անփոխարինելի սուբյեկտներ են և պետական ծառայողները պարտավոր են փաստաբանների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք՝ ղեկավարվելով փաստաբանի բարեխղճության կանխավարկածով:
– Առանց հատուկ սարքերի փաստաբանին զննելու համար դատական կարգադրիչը պետք է ունենա իրավական և փաստական հիմքեր: Փաստական հիմքը կարող է լինել այն դեպքում, երբ կա ողջամիտ կասկած, որ փաստաբանը կարող է օրենքով արգելված իրեր տեղափոխել:
– Անթույլատրելի է զննություն կատարելիս դրսևորել խտրական վերաբերմունք փաստաբանների նկատմամբ: Եթե փաստաբաններին զննում են, ապա պետք է նույն կարգով զննեն նաև դատախազներին:
– Զննություն իրականացնելիս դատական կարգադրիչը կարող է զննել միայն տեսանելի օբյեկտները: Ընդ որում, դատական կարգադրիչն իրավասու չէ իրականացնել որոնողական գործողություններ, այդ թվում՝ ինքնուրույն բացել պայուսակը կամ տեղաշարժել պայուսակի մեջ գտնվող իրերը, և որևէ փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ: Եթե փաստաբանն ինքն է բացում պայուսակը, հնարավորություն տալով դատական կարգադրիչին զննել պայուսակը (առանց դիպչելու պայուսակին կամ դրանում գտնվող իրերին), ապա այդ գործողությունը խուզարկություն չի համարվում:
– Զննությունը չի կարող փաստացի վերածվել խուզարկության կամ ստեղծել փաստաբանական գաղտնիքի հրապարակման վտանգ կամ փաստաբանի համար նվաստացուցիչ պայմաններ: Նվաստացուցիչ պայմաններ կարող են համարվել, բոլորի ներկայությամբ փաստաբանին դրամապանակը հանելու կամ անձնական հիգիենային վերաբերող պարագաները պայուսակից հանելու պահանջները: Հասարակության աչքի առջև նման գործողությունները թուլացնում են փաստաբանի նկատմամբ հանրային հարգանքը:
– Անթույլատրելի է դատարանի և դատական կարգադրիչների կողմից՝ փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրերը, այդ թվում՝ անվտանգ տարայով խմելու ջուրը տեղափոխելու արգելքը: Հարկ է նշել, որ նորմատիվ իրավական ակտով արգելված չէ տարայով խմելու ջուր տեղափոխելը, այն էլ՝ ամառվա շոգ եղանակին:
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը գտնում է, որ փաստական հիմքի առկայությամբ փաստաբանի պայուսակի պարունակությունը զննելու դեպքում (եթե փաստաբանը համաձայնվել է անձամբ ցույց տալ պարունակությունը՝ առանց փաստաթղթերի բովանդակությունը բացահայտելու), փաստաբանի պահանջով, զննությունը պետք է կատարել առանձին սենյակում՝ համապատասխան սեռի դատական ծառայողների և ընթերակաների մասնակցությամբ՝ արդյունքների վերաբերյալ կազմելով արձանագրություն երկու օրինակից (մեկ օրինակը հանձնելով փաստաբանին): Այս դեպքում, փաստաբանը հնարավորություն կունենա վիճարկել դատական կարգադրիչների գործողությունները, եթե դրանք հակասեն օրենսդրությանը:
- ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃԸ ԼՔԵԼՈՒ ՄԱՍՈՎ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, դատական նիստերի դահլիճն առանց նախագահող դատավորի թույլտվության լքելու դեպքերի մասով, սահմանափակվում է խորհրդի նմանատիպ իրավիճակներում կայացված որոշումներով մոտեցումները ներկայացնելով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ փաստաբանների պալատը ստացել է դատական սանկցիաներ՝ փաստաբանների կողմից դահլիճն առանց նախագահողի թույլտվությամբ լքելու դեպքերի վերաբերյալ, և այդ գործերը քննելիս՝ խորհուրդը որոշումներ է կայացնելու հաշվի առնելով յուրաքանչյուր գործի փաստերը:
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը նախկինում քննելով դատական նիստերի դահլիճը փաստաբանների կողմից առանց նախագահող դատավորի թույլտվությամբ լքելու վերաբերյալ գործերը՝ հարուցված դատական սանկցիայի հիմքով, հիմնականում ընդունել է պայմանականորեն երեք տեսակի բաժանվող որոշումներ՝
- Փաստաբանի նկատմամբ կիրառել է տույժ՝ դահլիճը լքելու համար.
- Կարճել է կարգապահական վարույթը, քանի որ դատավորը դատական սանկցիայի որոշումը չի կայացրել փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ.
- Կարճել է կարգապահական վարույթը, քանի որ փաստաբանի կողմից դահլիճ լքելը համարել է հարգելի և միակ հնարավոր ընդունելի միջոցը՝ դատավորի ոչ օրինական գործողությունների դիմաց:
- Փաստաբանի նկատմամբ կիրառված տույժերի մասով.
Ա. ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (նախագահող՝ Ռուբեն Սահակյան , զեկուցող խորհրդի անդամը պարզ չէ) 16.11.2009թ. թիվ 29/1-Ա որոշմամբ փաստաբան Սեդա Սաֆարյանին ենթարկել է կարգապահական պատասխանատվության, այն բանի համար, որ փաստաբանը «..խոչընդոտել է դատական նիստի բնականոն ընթացքը և առանց նախագահողի թույլտվության լքել է դատական նիստերի դահլիճը: Հետևաբար, նրա արարքում առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի, Փաստաբանի վարքագծի կանոնագրքի և Պալատի կանոնադրության պահանջների խախտման հատկանիշներ:»: Այս գործով Պալատի խորհուրդը այսպիսի դիրքորոշում է հայտնել՝ «Պալատի խորհուրդն արժանահավատ չի համարում նաև փաստաբան Ս.Սաֆարյանի բացատրություններն այն մասով, որ նշված դատական նիստում ամբաստանյալ Նշան Հարությունյանը հրաժարվել է իր պաշտպանից, քանի որ դատական նիստի արձանագրությունում նման փաստ արձանագրված չէ, իսկ եթե նույնիսկ ամբաստանյալը հայտարարեր պաշտպանից հրաժարվելու մասին, ապա դա իրավունք չէր վերապահում պաշտպան Սեդա Սաֆարյանին լքել դատական նիստերի դահլիճը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ պաշտպանը դադարում է որպես այդպիսին մասնակցել քրեական գործով վարույթին, եթե քրեական վարույթն իրականացնող մարմինը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, ընդունել է կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարումը պաշտպանից, որպիսի փաստը ևս կարգապահական գործում առկա է և Պալատի խորհրդի կողմից ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել: Հետևաբար, ….դատական նիստի ընթացքում դատական նիստի դահլիճը լքելու պահին փաստաբան Ս.Սաֆարյանը շարունակել է հանդիսանալ ամբաստանյալ Ն.Հարությունյանի պաշտպանը, ուստի գտնվել է վերը շարադրված ակտերով սահմանված պարտականությունների տիրույթում:»:
Բ. ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (նախագահող՝ Ռուբեն Հակոբյան) 22.02.2013թ. թիվ 7-ԿԳ/1-Ա որոշմամբ փաստաբան Էմին Խաչատրյանին ենթարկել է կարգապահական պատասխանատվության, այն բանի համար, որ փաստաբանը «….դատական նիստի ընթացքում, լսելով նախագահող դատավորի հայտարարությունն առ այն, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ պաշտպանի ներկայացրած ինքնաբացարկ հայտարարելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար, առանց նախագահողի թույլտվության, մինչև ընդմիջում հայտարարելը, առանց հարգելի պատճառի լքել է նիստերի դահլիճը և դատարանի շենքը՝ առանց այդ մասին նախագահողին գրավոր կամ բանավոր կարգով տեղեկացնելու և լքելու պատճառների մասին իրազեկելու: Նման գործողություններով Պատասխանող Էմին Խաչատրյանն ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել Դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ՝ ձախողելով դատական նիստը:»:
- Դատավորի կողմից դատական սանկցիա կիրառելու համար օրենքով նախատեսված պահանջների խախտմամբ որոշում կայացնելու հիմքով փաստաբանի նկատմամբ վարույթը կարճելու մասով.
Ա. ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (նախագահող՝ Ռուբեն Սահակյան, զեկուցող՝ խորհրդի անդամ Մելանյա Առուստամյան) 25.02.2010թ. թիվ 5/2-Ա որոշմամբ փաստաբան Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել է այն հիմքով, որ՝ դատական սանկցիա կիրառելու մասին պատշաճ որոշում չի կայացվել: Խորհուրդը գտել է, որ՝ «… ՀՀ քր. դատ. օր. 314.1-րդ հոդվածի 7-րդ մասը՝ փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար նախատեսում է երեք պահանջ՝
- Դատարանը սանկցիա կիրառելու մասին որոշումը պետք է կայացնի նույն դատական նիստում,
- Դատարանը սանկցիա կիրառելու մասին պետք է կայացնի առանձին որոշում՝ կոնկրետ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար ՀՀ փաստաբանների պալատ դիմելու մասին,
- Դատարանը պետք է դիմի ՀՀ փաստաբանների պալատին՝ իր կողմից կայացրած առանձին որոշումը ՀՀ փաստաբանների պալատին հանձնելու միջոցով:»:
Բ. ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (նախագահող՝ Ռուբեն Սահակյան, զեկուցող՝ խորհրդի անդամ Արա Զոհրաբյան) 04.04.2011թ. թիվ 7/10-Ա որոշմամբ փաստաբաններ Լուսինե Գրիգորյանի, Վաղարշակ Գևորգյանի, Անահիտ Ավետիսյանի, Ռուբեն Ռշտունու և Համլետ Մկրտչյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել է այն հիմքով, որ՝
«1. դատավորը դատական սանկցիայի որոշումը կայացրել է դատական նիստերի դահլիճում՝ մեղադրողի ճառից անմիջապես հետո.
- դատավորն առանձին ակտի ձևով որոշում չի հրապարակել:»:
Խորհուրդը վկայակոչել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի և 3141 հոդվածի 7-րդ մասի պահանջները գտել է, որ «..փաստաբանի նկատմամբ կիրառվող վերոհիշյալ սանկցիայի վերաբերյալ որոշումը դատարանը պարտավոր էր կայացնել խորհրդակցական սենյակում առանձին փաստաթղթի ձևով շարադրելով:»:
- Փաստաբանի նկատմամբ վարույթը կարճելու մասով.
Ա. ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (նախագահող՝ Ռուբեն Սահակյան, զեկուցող՝ խորհրդի անդամ Արա Զոհրաբյան) 12.11.2008թ. թիվ 22/11-Ա որոշմամբ փաստաբաններ Արա Զաքարյանի, Արթուր Գրիգորյանի և Դիանա Գրիգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել է ըստ էության այն հիմքով, որ՝ նշված քրեական գործով դատավորի ոչ օրինական գործողություններն այլընտրանք չեն թողել փաստաբաններին: Պալատի խորհուրդը նշել է հետևյալը՝ «..Ինչպես կարող է դատավորը կողմերին ուղարկել որոշում, իսկ դրանից մոտ 50 օր անց, երբ համոզվելով, որ ուղարկված որոշումն իր մեջ լուրջ թերություն է պարունակել, հայտարարել, որ իր մոտ այդ նույն ամսաթվով մեկ այլ որոշում էլ կա, սակայն այլ բովանդակությամբ:.. Դատավորի գործողությունների արդյունքում խախտվում են փաստաբանության անկախության և օրինապահության սկզբունքները: Փաստաբանը ստիպված է լինում դահլիճը լքելու միջոցով առարկել դատավորի ոչ օրինական գործողությունների դեմ:»:
Պալատի խորհուրդը հայտնել է նաև հետևյալ դիրքորոշումը՝
«Պալատի խորհուրդը միաժամանակ գտնում է, որ փաստաբանները իրավունք չունեն առանց նախագահող դատավորի թույլտվության լքելու դատական նիստերի դահլիճը և պարտավոր են հարգանք դրսևորել դատավորի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ: Այս մոտեցումից շեղումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն, բացառությամբ, երբ առկա կլինեն ծանրակշիռ պատճառներ:»:
Բ. ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (նախագահող՝ Ռուբեն Սահակյան, զեկուցող՝ խորհրդի անդամ Հայկ Ալումյան) 26.05.2009թ. թիվ 12/1-Ա որոշմամբ փաստաբաններ Լ.Սիմոնյանի, Հ.Արսենյանի, Մ.Առուստամյանի, Ս.Ոսկանյանի և Վ.Էլբակյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել է ըստ էության այն հիմքով, որ՝ նշված քրեական գործով դատավորի ոչ օրինական գործողություններն այլընտրանք չեն թողել փաստաբաններին:
Պալատի խորհուրդը նշել է՝ «Գնահատելով փաստաբանների փաստարկները, Խորհուրդը անհրաժեշտ է համարում իր դիրքորոշումն արտահայտել քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթի վերաբերյալ, որ պաշտպանն իրավունք չունի կատարել պաշտպանյալի շահերին հակասող որևէ գործողություն: Խորհուրդը գտնում է, որ այս նորմը չի կարող տարածական մեկնաբանություն ունենալ՝ այն չի կարող մեկնաբանվել այնպես, որպեսզի պարտադրի պաշտպանին անվերապահորեն հետևել իր պաշտպանյալի բոլոր ցանկություններին կամ քմահաճույքներին: Այնուամենայնիվ, եթե խոսքը գնում է քրեական գործով վարույթի հետ կապված վստահորդի շահերին, և այդ շահերը օրինական են, ապա պաշտպանը բոլոր դեպքերում կրում է պարտականություն՝ չկատարել իր վստահորդի շահերին հակասող գործողություն:»:
Խորհուրդն արձանագրելով՝ դատարանի աշխատանքային շաբաթվա 4 օրերին դատական նիստեր նշանակելու վարքագիծը՝ ամբաստանյալների հեռացված լինելու պարագայում, որը նաև հնարավորություն չի ընձեռում ՔԿՀ-ներում գտնվող ամբաստանյալների և պաշտպանների ողջամիտ տեսակցությունը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածի փոփոխությունները նույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գործող վարույթի վրա ոչ իրավաչափ տարածելու դատավորի վարքագիծը, այլև քրեական գործում 300 թերթից բաղկացած ևս մեկ հատորի՝ պաշտպանության կողմին ծանոթացման ներկայացված չլինելու հանգամանքները, խախտում չի որակել փաստաբանների կողմից դահլիճը լքելու վարքագիծը:
Ամփոփելով վերոգրյալը, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը գտնում է, որ փաստաբանի կողմից Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու դեպքում, վնասվում է ողջ փաստաբանության հեղինակությունը, և եթե ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը իրավական օբյեկտիվ գնահատական չտա փաստաբանի վարքագծին, ապա դրանով իսկ կվտանգի փաստաբանության ինքնակառավարումը և անկախությունը:
ՀՀ փաստաբանների պալատի խնդիրներից է պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում: Այս խնդիրն իրագործելու համար ՀՀ փաստաբանների պալատը ստեղծել է նաև Փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողով և Արագ արձագանքման հանձնախումբ, ինչպես նաև ակտիվ գործարկում է ակումբի (համատեղ քննարկումների) հարթակը:
Հաշվի առնելով նաև ՄԻԵԴ վերոհիշյալ դիրքորոշումը, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում փաստաբաններին՝ իրենց վստահորդներին պաշտպանելու հարցում դրսևորել համարձակություն, սկզբունքայնություն և բարեխղճություն՝ պահպանելով Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ.
Ելնելով վերոգրյալից,
ղեկավարվելով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի պահանջներով,
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, միաձայն
Ո Ր Ո Շ Ե Ց`
- Փաստաբաններին զննության ենթարկելու դեպքերի մասով՝
1.1. Արձանագրել, որ՝
- Փաստաբանները քրեական գործերով արդարադատության կայացման հարցում կարևոր և անփոխարինելի սուբյեկտներ են և պետական ծառայողները պարտավոր են փաստաբանների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք ղեկավարվելով փաստաբանի բարեխղճության կանխավարկածով.
- Առանց հատուկ սարքերի փաստաբանին զննելու համար դատական կարգադրիչը պետք է ունենա իրավական և փաստական հիմքեր.
- Փաստական հիմքը կարող է լինել այն դեպքում, երբ կա ողջամիտ կասկած, որ փաստաբանը կարող է օրենքով արգելված իրեր տեղափոխել.
- Անթույլատրելի է զննություն կատարելիս դրսևորել խտրական վերաբերմունք փաստաբանների նկատմամբ.
- Զննությունը չի կարող փաստացի վերածվել խուզարկության կամ ստեղծել փաստաբանական գաղտնիքի հրապարակման վտանգ կամ փաստաբանի համար նվաստացուցիչ պայմաններ.
- Անթույլատրելի է դատարանի և դատական կարգադրիչների կողմից՝ փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրերը, այդ թվում՝ անվտանգ տարայով խմելու ջուրը, տեղափոխելու արգելքը:
1.2. Առաջարկել ՀՀ դատական դեպարտամենտին՝
- Զննությունը կատարել տեխնիկական միջոցներով (սկանավորմամբ)՝ առանց փաստաբաններին լրացուցիչ անհարմարություն պատճառելու.
- Փաստական հիմքի առկայությամբ փաստաբանի պայուսակի պարունակությունը զննելու դեպքում (եթե փաստաբանը համաձայնվել է անձամբ ցույց տալ պարունակությունը՝ առանց փաստաթղթերի բովանդակությունը բացահայտելու), փաստաբանի պահանջի դեպքում, զննությունը կատարել առանձին սենյակում՝ համապատասխան սեռի դատական ծառայողների և ընթերակաների մասնակցությամբ՝ արդյունքների վերաբերյալ կազմելով արձանագրություն երկու օրինակից (մեկ օրինակը հանձնելով փաստաբանին).
- դատական կարգադրիչներին հրահանգել, որ փաստաբանի պայուսակը կամ այլ իրը զննելու դեպքում, դատական կարգադրիչն իրավասու չէ՝ ա) ինքնուրույն որոնողական գործողություններ կատարել, այդ թվում՝ բացել պայուսակը կամ տեղաշարժել պայուսակի մեջ գտնվող իրերը, և բ) որևէ փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ:
- Կոչ անել փաստաբաններին՝ իրենց վստահորդներին պաշտպանելու հարցում դրսևորել համարձակություն, սկզբունքայնություն և բարեխղճություն՝ պահպանելով Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները:
- Ընդունել ի գիտություն, որ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջներին համապատասխան գործող փաստաբանն ունի փաստաբանի գործունեության պաշտպանության օրենքով սահմանված երաշխիքները և ՀՀ փաստաբանների պալատի լիարժեք աջակցությունը:
- Հանձնարարել ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին և ապահովել որոշման հրապարակումը ՀՀ փաստաբանների պալատի կայքում:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի նախագահ` Արա Զոհրաբյան
21 հուլիսի 2017թ.
թիվ 15-Լ
ք. Երևան