Ընդմիջումից հետո 2015 թվականին Նորք -Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով վերսկսված դատական նիստը կրկին ընդմիջվեց, ամբաստանյալներից մեկի ինքնազգացողության վատանալու պատճառով: Դատարանը շտապօգնություն հրավիրեց:
Մինչ այդ Արթուր Վարդանյանին դատարանն այսօր զգուշացրեց` դատական սանկցիա կկիրառի, կհեռացնի նիստերի դահլիճից, նիստի ժամանակ իր պաշտպանի հետ զրուցելու համար:
Ընդմիջման ժամանակ գործով ամբաստանյալ նախկին ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան՝ փաստաբան Հայկ Ալումյանն էլ լրագրողներին հայտնեց, որ իր պաշտպանյալի տեսակցությունների ու հեռախոսազանգերի վրա դրված արգելքը հանվել է, նրա հարազատները կարող են տեսակցել Շիրխանյանի հետ երկուշաբթի օրվանից:
Հիշեցնենք, որ խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքը հետագայում խստացվել էր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ