«Այժմ չափազանց ուշ է ազդարարել այն մասին, որ 60 տոկոս տեղեր թափուր են մնացել: Կառավարությունն արդեն ոչինչ անել չի կարող: Պետք էր անել նախապես, երբ պետությունը, կառավարությունը տեսնում են, որ ՀՀ-ում գնալով պակասում է բնակչության թիվը, նվազում են ֆինանսական միջոցները, այնինչ այդ ֆոնի վրա նորից նոր բուհեր էին բացվում`շքեղ անուններով: Պետությունը պետք է իր հստակ դիրքորոշումն ունենար»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը:
Տիկին Հարությունյանի հավաստմամբ`ավագ դպրոցներում գոյություն ունեցող իրավիճակը դեռ երեք տարի առաջ խոսում էր այն մասին, որ այսօր հանգելու ենք նման պատկերի:
Ըստ նրա`որ բուհն այդ տարիների ընթացքում իր համար ռազմավարություն մշակել է, այս ծանր վիճակից դուրս կգա: Բայց այս իրավիճակը բուհի համար չի կարող աղետալի լինել, միայն թե կառավարումն այն կերպ պետք է արվեր, որ չտուժեր բուհի դասախոսական կազմը, թե չէ այժմ շատուշատ մասնագիտությունների գծով դասախոսներ մնալու են առանց աշխատանքի:
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Ռուբեն Բաբայանի կարծիքով` նմանատիպ խնդիրների չբախվելու համար պետությունը պետք է ունենա բուհական մարկետինգ, որ կարողանա պատճառաբանել, թե որ մասնագիտության համար ինչու է հատկացնում որոշակի տեղեր:
Ներկայացնելով Թատերական ինստիտուտի օրինակը` պարոն Բաբայանը պատմեց. «Թատերական ինստիտուտում այս տարի ավարտել է հինգ դերասանական կուրս` ամեն կուրսում մոտ 17-20 հոգի, իսկ ընդունել ենք երկու կուրս: Ընդունել ենք հիմնականում բոլոր նրանց, ովքեր կարողանում էին գոնե բերանը բացել, փակելու մասին էլ չենք խոսում. փակում էինք մենք`ինքներս»:
Բուհական համակարգում գոյություն ունեցող նման խնդրահարույց իրավիճակի պատճառները, ըստ Ռուբեն Բաբայանի, նրանում են, որ պլանային տնտեսություն է գործում. մարկետինգ չկա, պարզապես վերևից իջեցնում են հրամաններ, այնինչ ժամանակին երկիրը փլուզվեց հենց այս պատճառով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ