«Սպառնալիքներն այսօր առավել շատ են, քան երբեք. լինի դա ահաբեկիչների ակտիվությունը Իրաքում ու Սիրիայում, կամ Ռուսաստանի ու Ադրբեջանի անկանխատեսելի ագրեսիվ պահվածքն իրենց հարեւանների նկատմամբ, որը մեծ սպառնալիք է ստեղծում մեր շրջանում: Օրինակ, վրացական մամուլից մշտապես կարելի է տեղեկանալ այն մասին, թե ինչպես են ռուս զինվորները հաճախ սահմանի տեղաշարժ իրականացնում՝ աստիճանաբար ավելի խորը մտնելով Վրաստանի տարածքի մեջ: Կամ, որ նույն Ռուսաստանն այդքան մեծ քանակության հարձակողական զինատեսակներ է տրամադրում Ադրբեջանին»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ սպառնալիքներ է հաշվի առել ՆԱՏՕ-ն՝ նախաձեռնելով հուլիսի 30-ին Թբիլիսիում կայանալիք զորավարժությունները, ասաց Javakhk Media-ի ջավախքյան բաժնի խմբագիր, Akhaltskha.net կայքի գլխավոր խմբագիր, «Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոն» հ/կ ղեկավար Էդուարդ Այվազյանը:
Հիշեցնենք, որ զորավարժություններին մասնակցելու է նաեւ Հայաստանը: «Համոզված եմ, որ նշյալ բոլոր սպառնալիքները հաշվի առնելով՝ ՆԱՏՕ-ն զորավարժություններ է իրականացնում Վրաստանում, որպեսզի ցույց տա, որ իր ռազմաքաղաքական դաշինքը անտարբեր չէ Ուկրաինայի, Վրաստանի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակով»,-նկատեց Այվազյանը:
Թեմայի շուրջ մանրամասները՝ տպագիր «Առավոտ»-ի հուլիսի 29-ի համարում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ