ԱՄՆ-ի սենատը որոշեց ՌԴ-ի դեմ տնտեսական սահմանափակումներ կիրառել: Դրանք ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի վրա, քանի որ ՌԴ-ն ՀՀ-ի հիմնական գործընկերներից է եւ ԵԱՏՄ անդամ. «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր պատասխանելով լրագրողների այս հարցին, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ ֆորմալ առումով սահմանափակումները ԵԱՏՄ-ի դեմ չեն, բայց եթե ՌԴ-ի տնտեսությունն էլ ավելի հետ է գնալու, քանի որ սահմանափակումների հիմնական մասը վերաբերում է ՌԴ-ին նոր տեխնոլոգիաներ չտրամադրելուն, բնականաբար, դա կազդի նաեւ ՀՀ-ի տնտեսության վրա:
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ՌԴ-ի դեմ ամերիկյան սանկցիաներին դեմ է արտահայտվում նաեւ ԵՄ-ն, մասնավորաբար, Գերմանիան, քանի որ ՌԴ-ին տեխնոլոգիաների տրամադրման սահմանափակումն ուղղակի ազդելու է Գերմանիայի տնտեսության վրա:
«Մասնագետ չեմ, ավելի մանրամասն ասել, թե Հայաստանի տնտեսության վրա դա ի՞նչ ազդեցություն կունենա, բայց Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի հետ մենք ազատ չենք կարող առեւտուր անել, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք, այդ ապրանքները հարկվելու են»,- ասաց քաղաքագետը:
Aravot.am-ի հարցին`նոյեմբերին նախատեսված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը. ՀՀ իշխանություններն ինչպես 2013-ին, այնպես էլ հիմա խոստանում են, որ համաձայնագիրը ստորագրվելու է, պարզ է, որ ՌԴ-ն «ձեռքերը ծալած» չի նստելու`ի՞նչ զարգացումներ են սպասվում: Ստեփան Գրիգորյանը նկատեց`նախ, նոր շրջանակային համաձայնագիրը չի խոչընդոտում ԵԱՏՄ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին, ապա, եթե երկրորդ անգամ ՀՀ-ն ետ կանգնի իր ստանձնած պարտավորությունից եւ չստորագրի իր նախաստորագրած համաձայնագիրը, դա լուրջ կխփի երկրի իմիջին:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ