Լրահոս
Օրվա լրահոսը

Զինված խմբի անդամները տեսանկարահանել են Սեյրան Օհանյանի հայրական տները, Քոչարյանի աշխատավայրերը, ՀՀ նախագահի նստավայրը

Հուլիս 28,2017 14:43

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015 թվականին Նորք -Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանը գործով մեկ այլ ամբաստանյալ Հայր Անտոնից 60 հազար դոլար է վերցրել Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնելու համար:

Իսկ 2014 թվականից Արթուր Վարդանյանը հաճախակի արտասահման ուղեւորությունների է մեկնել՝ Իսպանիայից Սիրիա, Լիբանան եւ Հայաստան: Կրկին ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդանյանը 2015 թվականին ստեղծել ու ղեկավարել է Հայաստանի քաղաքացիներից կազմված խումբ՝ ապօրինի կերպով ձեռք բերելով մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր՝ նպատակ ունենալով դրանք իրացնել Հայաստանում իշխանափոխություն անելու գործում:

Մեղադրող դատախազի ներկայացրած մեղադրանքի համաձայն՝ Արթուր Վարդանյանը Հայր Անտոնի հետ ծանոթացել է 2015 թվականին՝ Իսպանիայից վերադառնալուց հետո: Ծանոթանալուց հետո էլ ֆինանսավորել է Վարդանյանի խմբին:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին ու կատարել նրա հանձնարարությունները:

Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մադոյանը, Ավետիս Բարեյանը և Արման Հայրապետյանը լուսանկարել կամ տեսագրել են Արթուր Վարդանյանի համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները , այդ թվում` Հովիկ Աբրահամյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Մրգաշեն գյուղում գտնվող Սեյրան Օհանյանի հայրական տները, Ռոբերտ Քոչարյանի աշխատավայրերը, ՀՀ նախագահի նստավայրը, Ֆրանսիայի հրապարակը, Հաղթանակ և Կիևյան կամուրջները…

Հիշեցնենք, որ խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքը հետագայում խստացվել էր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31