«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ավագ դպրոցը մի խողովակ է համարում, որին տալիս է որակյալ արտագաղթի վրա կրթական բիզնեսի կազմակերպում բնութագրումը:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Բլեյանը փաստեց, որ կրթությունը ևս չի կարող դուրս մնալ բիզնես դաշտից:
Ըստ նրա` արդարացված չէ ավագ դպրոցների տարբերակումը, քանի որ, ըստ էության, սովորողի համար տարբերություն չպետք է լինի` ինքը սովորում է ավագ դպրոցո՞ւմ, թե՞ 12-ամյա դպրոցի բարձր դասարաններում, քանի որ երկու դեպքում էլ նույն կրթական ծրագիրն են յուրացնում:
Դառնալով որակյալ արտագաղթ խողովակին` պարոն Բլեյանը նշեց. «Այդ խողովակը բավականին կայացած է, դաշտն էլ հագեցած, լավ էլ մրցակցություն կա: Կլինի Քվանտը` իր միջազգային բակալավրիատով, Շիրակացին կլինի, Ֆիզմաթը, թե Դիլիջանի դպրոցը` ուղղակի ծնողների փողամաններն են տարբեր: Երբ տեսնում ես, որ տարեկան մինչև երեք միլիոն դրամ ծախս են անում երեխայի կրթության վրա, ակնհայտ է դառնում, որ դա արվում է միայն մեկ նպատակով, որ երեխան երկրից գնա ու հետ չգա: Ակնհայտ է, որ եթե ծնողը հիմա ամսական երկու- երեք հարյուր հազարից ավելի վարձ է մուծում երեխայի կրթության համար, ամենևին էլ չի ցանկանա, որ իր երեխան վերադառնա ու ամիսը հարյուր հազար դրամով աշխատի»:
Աշոտ Բլեյանը կարևորում է, որ ունենանք վստահություն ներշնչող պաշտոնական վիճակագրություն այն մասին, թե շրջանավարտները, որ այդքան զոհողություններով գնացին երկրից դուրս սովորելու, հետո ի՞նչ եղավ նրանց ճակատագիրը, վերադարձա՞ն»:
Վերլուծելով բուհական համակարգում գոյություն ունեցող խնդիրները` մասնավորապես, որ բազում թափուր տեղեր են մնացել, նախկին ԿԳ նախարարը հավաստիացրեց` պատճառն այն է, որ բուհերում հաճախ չեն մտածում այն մասին, որ նախկինի պես աշխատել չեն կարող. մասնագիտական համակարգի խորքային փոփոխություններ են պետք: Ըստ նրա`ով ունի վճարելու հնարավորություն, սեպտեմբերին նա կգնա դասի: Բայց խնդիրն այն է, որ ոչ թե ընտրում են մասնագիտությունը, այլ կոնկրետ ֆակուլտետը: Օրինակ` բազում այլ բուհերում դասավանդում են իրավաբանություն, բայց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում միայն խնդիր կա. «Բուհերի բոլոր կարգի տեղերը մի քանի անգամ ավելի շատ են, քան գոյություն ունեցող դիմորդները: Խնդիրը ընդամենը վճարման հարցն է, ոչ թե մասնագիտության ընտրանքը»:
Աշոտ Բլեյանի համար սկզբունքային է նաև բուհում դասավանդող պրոֆեսորի ազատ արտահայտման իրավունքի պաշտպանման հարցը. «Հայաստանյան բուհի հենց խոցելի տեղն այն է, որ պրոֆեսորն ազատ չէ: Մինչդեռ պրոֆեսորը բոլոնյան համալսարանի գլխավոր հայտանիշն է, իսկ բոլոնյան համալսարանը` ազատության, ինքնավարության հարթակ: Բուհում պրոֆեսորը վարչական առումով պաշտպանված է, ստանում է աշխատավարձ, և այդ պրոֆեսորին չի կարող վարչապետը կամ նախարարը դիպչել իր հայտնած մտքերի համար: Եթե պրոֆեսորն էլ ազատ չէ իր մտքերում, ուրեմն բուհը բուհ չէ, այլ բանտ: Ուրեմն ուսանողն էլ չի կարող հայտնել մտքեր: Այդ դեպքում տեղեկատվության, գաղափարներ փնտրելու ազատությունը բուհում պաշտպանված չէ: Այդ դեպքում ինչո՞ւ են բուհին փող տալիս` Հայաստանից փախչելո՞ւ, թե՞ որակավորված, դիպլոմավոր գործազուրկ դառնալու համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ