ԱՄՆ Կոնգրեսը հուլիսի 27-ին ընդունեց Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների օրենքի նախագիծը, որը դեռ պետք է ստորագրվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
ՀՀ բարեկամ Իրանի դեմ պատժամիջոցների մասին Aravot.am-ը զրուցեց իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ: Նա նշեց, որ դրանք նախկինում եղած պատժամիջոցներն են, որոնց մի մասը երկարեցվում է. «Եթե նախկինում դրանք վերաբերում էին միջուկային ծրագրին, եւ Իրանին մեղադրում էին միջուկային զենք ստեղծելու փորձի մեջ, ապա հիմա այլ մտահոգություններ են հնչում՝ կապված Իրանի հրթիռային համակարգերի հետ: Հատկապես Սիրիայում Իրանի կողմից հրթիռակոծությունից հետո փորձում են ամեն ինչ անել, որպեսզի Իրանի մեծացող գործոնը տարածաշրջանում սահմանափակվի»:
Փորձագետի գնահատմամբ՝ պատժամիջոցները, բնականաբար, բացասական կազդեն Իրանի տնտեսության վրա: Թե ինչպես դրանք կանդրադառնան ՀՀ-Իրան հարաբերությունների վրա, Արմեն Իսրայելյանի խոսքով. «Խնդիրներ կարող են լինել բանկային համակարգի, ներդրումների կատարման առնչությամբ: Բայց, կարծում եմ, որ եթե մեր եւ Իրանի միջեւ որոշակի ծրագրերի վերաբերյալ ունենանք հստակ պայմանավորվածություններ, վստահ եմ՝ որեւէ խնդիր չենք ունենա: Մենք նախկին տարիների հաջող գործակցության փորձ ունենք Իրանի հետ»:
Թեմայի շուրջ այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ