2015 թվականին Նորք- Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստին այսօր մեղադրող դատախազը ներկայացրեց ամբաստանյալների մեղադրանքները: Մոտ երկու ժամ տեւած մեղադրանքների ներկայացումից հետո դատական նիստն ընդմիջվեց:
Ի դեպ, մեղադրողն այնքան ցածր էր ընթերցում մեղադրանքները, որ նույնիսկ դահլիճում նստած քաղաքացիներն էին բողոքում:
«Մենք դատավարությունից ոչ մի բան չենք լսում, լա՞վ է, մի քիչ բարձր խոսեք, մենք էլ լսենք»,- բողոքեց դահլիճում նստածներից մի կին:
«Մի խանգարեք, լա՞վ»,- պատասխանեց նախագահող դատավորը:
Նիստի ընդմիջումից հետո խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն մեղսագրվող մեղադրանքը, ավելին՝ այդ մեղադրանքը համարում է շինծու, հնարովի. «Կարծում է ՝ դրանով փորձ է արվում ստեղծել հանցագործի կերպար, որը կարծում եմ՝ դատաքննության ընթացքում կփլուզվի»:
Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանն անդրադառնալով ներկայացված մեղադրանքին, որում նշված է, որ Վարդանյանն օգտագործել է սոցիալապես անապահով խավին եւ զենքին տիրապետող ազատամարտիկներին՝ ասաց, որ մեղադրանքի հիմքում կրկնվող փաստեր են դրված:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ