Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյան. «Կինոկենտրոնն ու «Հայկ» կինոստուդիան կմիավորվեն»

Հուլիս 28,2017 13:18

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը և Կինոկենտրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը հուլիսի 28-ին հանդիպեցին լրագրողների հետ: Նրանք խոսեցին Հայաստանում կինոարտադրության զարգացման ծրագրերից:

Արմեն Ամիրյանը ներկայացրեց Կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանին եւ գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանին:

Տիկին Միրզախանյանը խոստացավ, որ կաշխատի բաց եւ թափանցիկ: «Արսենի հետ կփորձենք ճիշտ ուղու վրա դնել մեր կինոարտադրությունը, կփորձենք արտասահմանյան գործընկերների հետ ունենալ համարտադրություններ, ստեղծել դիստրիբյուրտորական ինստիտուտ, որն, ըստ էության, գոյություն չունի Հայաստանում»,-ասաց Շուշանիկ Միրզախանյանը:

Արսեն Բաղդասարյանը, որ նախկինում աշխատել է Դոմինիկյան Հանրապետությունում, անդրադարձավ Հայաստանի ներքին կինոշուկայի զարգացման իր տեսլականին եւ բոլոր կինոարտադրողների համար հավասար հնարավորություններ ստեղծելուն:

Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց` կինոկենտրոնի նախկին տնօրենին ազատեցին եւ վե՞րջ, ինչ է փոխվել կինոկենտրոնում, եւ արդյոք կատարվել է ընդունում-հանձնում. «Ոչ արդյունավետ է ղեկավարվել համակարգը, Գեւորգ Գեւորգյանն աշխատել է իր ժամանակի մեջ որքան կարողացել է, այժմ նոր հայեցակարգ է փոխվել, պետք են նոր մոտեցումներ»,-ասաց նախարարը

Ապա հավելեց. «Հայաստանում նախ պետք է ստեղծել կրթական համակարգ, այլ հարցի մասին մտածել: Օրինակ, եթե Հայաստանում երկու լիամետրաժ ֆիլմ միաժամանակ մտնում է արտադրություն, տեխնիկական միջոցները չեն բավարարում, մասնավորին պետք է ներգրավենք: Ինչ վերաբերում է նախագծերի ընտրությունը, ամեն ինչ պետք է արվի բաց եւ թափանցիկ լրագրողների ներկայությամբ»,-ասաց Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով, մշակվել է նաեւ հայեցակարգը, որը քննարկման կդրվի շահագրգիռ կազմակերպությունների հետ: Արմեն Ամիրյանի ասելով, Կինոյի մասին օրենքը եւս հաջորդ շաբաթ շրջանառվելու է. «ժամանակ կտրվի, որ դիտողությունները եւ ակնկալիքները ներառվեն: Մենք որպես գերատեսչություն պարտավորություն ենք վերցրել, որ Կինոյի մասին օրենքը այս տարի գնա Ազգային Ժողով»,-հավելեց նա:

Խոսելով ներքին կինոարտադրողների խնդիրների մասին, մշակույթի նախարարը նշեց. «Մենք ամենամեծ խնդիրը ունենք հատկապես սպառման շուկայում: Լավագույն ֆիլմը կարող է ակնկալել 80-100 մլն դրամ, հետեւաբար կինոարտադրողը չի կարող ավելին ծախսել, քան 20-25 միլիոնը: Մենք նախատեսում ենք ունենալ 40 կինոթատրոն, որ պատկերը փոխվի»:

Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ Կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատարին հանձնարարված է Կինոկենտրոնի նոր կառուցվածք մտածել, իսկ առաջիկայում կմիավորվեն «Հայկ» կինոստուդիան եւ կինոկենտրոնը: Մուլտմիավորման ճակատագիրը դեռեւս հայտնի չէ: «Դեռ պարզ չէ»,-ասաց Շուշանիկ Միրզախանյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31