Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ըսածներդ ճիշդ են, որ Հայաստան մաֆիա չկա, ուրեմն պետությունն է մաֆիան». «Ազգ»

Հուլիս 28,2017 12:40

Վերջերս մի քանի օրով եղա իմ ծննդավայր Բեյրութում, ինձ համար տխուր առիթով: Բնականաբար շատ էին այցելողներըՙ ազգականներ, հին ընկերներ, հարեւաններ: Գրեթե բոլորի մոտ նկատելի էր տագնապը քաղաքական ու տնտեսական անստուգության: Լիբանանի հարեւանությամբ տեղի ունեցող աշխարհացունց իրադարձությունները բնականաբար մտահոգում են փոքրիկ ու գեղեցիկ այս երկրի բոլոր մարդկանց, այդ թվում՝ նաեւ հետզհետե նվազող մեր գաղթօջախի անդամներին: Ու դարձյալ բնականաբար նրանց աչքերը ուղղված են մնում դեպի Հայաստան: Մոտիկից հետեւում են մայր հայրենիքից եկող բոլոր տեղեկություններին, հավատարմորեն հետեւում նաեւ առաջատա՜ր մեր հեռուստաընկերությունների հայկակա՜ն սերիալներինՙ կռիվ, սպանություն, խարդավանք, առեւանգում, բռնաբարություն, դավաճանություն: Սովորել են «առաջատարների» մատուցած գողական ողջ բառապաշարըՙ «փայ մտնել», «վերխը գլխանց տալ», «ատգատ», «ադվիչայ եմ», «բեզպրեդել», «ռուլիտ անել» եւ այլն: Շատերի մոտ կա ցանկություն եթե ոչ մշտապես Հայաստան տեղափոխվելուՙ ապա Հայաստանում որեւէ գործ ձեռնարկելու, իսկ ավելի զգուշավորների մոտՙ որեւէ բան ձեռնարկելուց առաջ «քննական այց մը» կատարելու: Բայց…

– Հայաստան մաֆիա կա,- գրեթե համոզված են բոլորը:- Պզտիկ գործ մը դնելու համար ալ մաֆիան գլխուդ կկանգնի. կա՛մ իրենց հետ պիտի կիսվիս, կա՛մ կխեղդեն քեզ:

Խոսում են համոզված, առանց շատ կարեւորություն տալու առարկություններիս: Ասում էիՙ բնականաբար Հայաստանում էլ կան գողեր, խաբեբաներ, խարդախներ, կաշառակերներ, բայց միջին հայաստանցին իսկապես գնահատում է ձեռներեցությունը, քաղաքակիրթ նորամուծությունները առեւտրի, արհեստների եւ մյուս ոլորտներում, եւ ամենակարեւորըՙ Հայաստանում իրենց պատկերացրած սիցիլիական մաֆիա, այսինքնՙ օրենքի եւ կարգուկանոնի դեմ կազմակերպված թշնամանք ու հանցագործություն գոյություն չունի:

Խոսակիցներս մի պահ թերահավատ նայում էին ինձ եւ անմիջապես վրա բերում իրենց կամ իրենց ծանոթների հայաստանյան փորձառություններըՙ բոլորն էլ ձախողությունների պատմություններ: Մեկը անցյալ տարի 170 հազար դոլարով Կասկադում բնակարան է գնել, բայց հիմա հայտնվել է բնակարանի մի այլ սեփականատերՙ պետական մի հզոր պաշտոնյայի հովանին վայելող, եւ հետ է պահանջում: Մեկ ուրիշը հայրենի բարձրաստիճան զինվորականների քաջալերանքով 120 հազար դոլարի շաքարավազ է ներկրել երկիրՙ որից մի պտղունց անգամ չեն տվել իրեն, եւ սրտի կաթվածից մահացել է: Մեկ ուրիշը հյուսվածեղենի արտադրություն ձեռնարկելու համար բանկից 600 հազար դոլար վարկ է վերցրել եւ Չինաստանից հոսքագծեր է պատվիրել, սակայն մաքսավորների ձգձգումների հետեւանքով չի կարողացել ժամանակին արտադրություն սկսել, ու հիմա, լիբանանյան արտահայտությամբ, «նստած է ժանթին», այսինքնՙ ավտոմեքենան «բանդաժների» վրա:

Գրեթե համատարած էր դժգոհություն-բողոքը հատկապես մաքսային, առավել եւս հարկային մարմինների դեմ: Կրկին առարկությունսՙ թե Լիբանանն էլ պակաս կաշառասուն երկիր չէ, միաբերան պատասխանեցին. «Ճիշդ է, հոստեղի պետական պաշտոնյաները հրեշտակ չեն, սակայն գործատերը սնանկացնել բնավ չեն ուզեր, հակառակըՙ իրե՛նք ցույց կուտան ճամփան հարկերը ավելի դյուրին վճարելու, որովհետեւ գիտեն, որ եթե կովը լավ պահենՙ իրենք ալ չեն զրկվիր կաթեն»:

Հատկանշական էր խոսակիցներիցս մեկի եզրափակիչ արտահայտությունը. «Եթե ըսածներդ ճիշդ են, որ Հայաստան մաֆիա չկա, ուրեմն պետությունն է մաֆիան»:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31