Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի թեթեւ ձեռքով նույնիսկ հղիներն են սկսել լիմիտավորվել. «Ժողովուրդ»

Հուլիս 28,2017 11:45

Հայաստանի գրեթե բոլոր բուժհաստատություններում տարվա արդեն երկրորդ ամսին սպառված են լինում պետպատվերները։ Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես առողջապահության նախարարությունը, որոշել է «լիմիտավորել» պետպատվերները։ Արդյունքում անելանելի դրության մեջ են հայտնվել ոչ միայն հիվանդները, այլեւ բուժհիմնարկների ղեկավարները։

Մինչ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ամեն առիթի հայտարարում է, թե պետպատվերով բուժման համակարգում բարեփոխումներ են իրականացվում, այս ընթացքում «Ժողովուրդ»-ը ՀՀ հարյուրավոր քաղաքացիներից դժգոհություններ է ստանում։ Նրանք դժգոհում են, որ իրենց բուժհիմնարկներում հայտնում են, որ պետպատվերի գումարները վերջացել են։ Նկատենք, որ այս խնդիրը միայն Երեւանի բուժհիմնարկներում է, քանի որ մարզերի բնակչության մեծ մասը նախընտրում է բուժում ստանալ հենց մայրաքաղաքում։ Այս ամենի արդյունքում պետպատվերով բուժօգնություն ստանալ ցանկացող քաղաքացիներին հիվանդանոցներից հորդորում են հերթագրվել։ Ապա տեղեկացնում են, որ պետք է սպասեն բյուջետային հատկացումներին, ինչը մոտ ապագայում չի լինի։ Իսկ ով չի ցանկանում սպասել, ապա բուժման համար պետք է վճարի։ Այլ հարց է՝ հիվանդը վարկայի՞ն միջոցներով, թե՞ պարտքով է բուժվելու, դա ոչ ոքի չի հետաքրքրում։ Իսկ ով վարկ ստանալու եւ պարտք վերցնելու հնարավորություն չունի, ապա հանգիստ կարող է գնալ տուն եւ սպասել մեռնելուն։ Ինչպես հայտնի է՝ պետպատվերով սպասարկվում են հիմնականում խոցելի խմբերը, ովքեր վճարունակ չեն։

Եվ բազմաթիվ են այն դեպքերը, երբ մարդը տարվա կեսին գնում է, որպեսզի պետպատվերի ծառայություններից օգտվի, բայց իրեն ասում են՝ վերջացել է, չունեն գումար, հետեւաբար, չեն կարող սպասարկել։ Հիվանդը այդ դեպքում պետք է սպասի անորոշ ժամանակով մինչեւ հիվանդանոցին գումար կհատկացնեն եւ այնտեղից կկանչեն՝ բուժվելու։ Սա նույնն է, երբ հաճախ հիվանդանոցներում սրտանոթային հիվանդություն ունեցողներին ասում են, թե կառավարության որոշման համաձայն՝ դու դեռ ինֆարկտ չես ստացել, որպեսզի պետպատվերով ստենտավորվես, ուրեմն վճարի՛ր։

Զավեշտալին այն է, որ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի թեթեւ ձեռքով նույնիսկ հղիներն են սկսել լիմիտավորվել։ Այսինքն՝ հղիները գնում են հիվանդանոց, սակայն նրանց չեն սպասարկում պետպատվերով՝ ասելով, թե «լիմիտն ավարտվել է»։ Ահա թե ինչպես են մեր երկրում խթանում ծնելիությունը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31