Արդեն կարելի է վստահաբար ասել՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ բան խառնվել է։ Պատճառների մասին, երեւի, դատողություններ անելու հարկ չկա, դրանք ի հայտ կգան ինքնին։
Փաստ է, որ Բաքվի քարոզչությունը սկսել է երկու թեմա զարգացնել։ Առաջինը Ռուսաստանի իշխանության մեջ էթնիկ հայերի ներկայությունն է։ Փորձ է արվում Մոսկվա-Բաքու տարաձայնությունները ներկայացնել որպես «առանձին ուժերի սադրանք, որի թիկունքում Ռուսաստանի հայկական կառույցներն են եւ ազգությամբ հայ պաշտոնյաները»։
Առանձնակի ուշադրություն է դարձվում ՌԴ արտգործնախարար Լավրովի էթնիկ ծագմանը, եւ տպավորություն է ձեւավորվում, որ նրա գլխավորած կառույցը դեմ է «ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությանը»։ Ընդ որում՝ նման տեսակետ հնչեցնում են բոլորովին էլ ոչ երկրորդական կարգի փորձագետներ։ Այս իմաստով հատկապես առանձնանում է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը։
Երկրորդ թեման շրջանառվեց Սոչիում Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո եւ վերաբերում է եկող տարի Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին։ Վերստին ընդգծվում է Ադրբեջանի նախկին փոխվարչապետ, ներկայումս Մոսկվայում բնակվող Աբասովի «սերտ կապը Կրեմլի հետ»։ Ենթատեքստում այն միտքն է, որ նախագահական ընտրություններին ընդառաջ Մոսկվայում վերաձեւավորվում է Ալիեւի ընդդիմախոսների եւ քաղաքական մրցակիցների մի թիմ, որի միջոցով Ռուսաստանը փորձելու է Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրել:
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում