Սահմանադրական վերջին փոփոխությունների նախագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը ասաց, թե նոր Սահմանադրությունը որեւէ արգելք չի սահմանում, որը կխոչընդոտի Սերժ Սարգսյանին 2018-ին դառնալ ՀՀ նախագահ։ «Իհարկե, կարող է դառնալ նախագահ, սահմանադրական որեւէ արգելք գոյություն չունի»,- ասաց նա, նաեւ հավելեց, որ վարչապետ դառնալու հարցում նույնպես նոր Սահմանադրությունը որեւէ արգելք չի նախատեսում գործող նախագահի համար։
Նշենք, որ, փոփոխված Սահմանադրությամբ, ՀՀ նախագահը պետության գլուխն է, ընտրվում է ոչ թե համապետական ընտրությունների, այլ ԱԺ-ի կողմից։ ՀՀ նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է ՀՀ նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ։ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։ ՀՀ նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը։ ՀՀ նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք։ Նույն անձը ՀՀ նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ։ ՀՀ նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք։ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ։ ՀՀ նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։
Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կարող է մեկ անգամ էլ դառնալ նախագահ, պաշտոնավարել 7 տարի եւ հանգիստ գնալ թոշակի։
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում