«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի արհմիութենական կազմակերպությունը երեկ ժամանակակից հարդարված ու շքեղ կահավորված երկուսենյականոց բնակարան նվիրեց գյումրեցի Եվրոպայի ու Աշխարհի կրկնակի փոխչեմպիոն Գրետա Վարդանյանին։
Վերջինս 1988 թվականի դաժան երկրաշարժից կորցնելով ծնողներին ու դառնալով հաշմանդամ՝ պապիկի, տատիկի ու մյուս հարազատների հետ մինչեւ օրս բնակվում էր Գյումրու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կառուցված Ավստրիական թաղամասում։
Ի դեպ, 3 նեղ սենյակներ ունեցող այդ տանը բնակվում են 12 հոգի։ Տատիկը՝ Գերտա Խնձրցյանը, արտասվելով պատմում է, որ Գրետան 2 տարեկան 5 ամսական էր, երբ երկկողմանի ծնողազուրկ ու հաշմանդամ դարձավ։ Չնայած նա չունի ծնողներ, սակայն, տատիկի ասելով, Աստված է նրա տերը, որը ճանապարհ է հարթում իր թոռնիկի համար։ Գրետան արդեն 31 տարեկան է, ունի մեկ դուստր։
Մեզ հետ զրույցում Գրետա Վարդանյանը պատմեց, որ սկզբում հաշմանդամների համար նախատեսված սայլակով մասնակցել է տարբեր մարաթոնների ԱՄՆ-ում, այնուհետ զբաղվել է լեռնադահուկային սպորտով, բազկամարտով, իսկ 2007 թվականից սկսել է ծանրամարտով զբաղվել։ Հենց այդ տարի հաջողություն է գրանցել՝ մասնակցելով Հունաստանի բաց առաջնությանն ու նվաճելով արծաթե մեդալ։ Դրանից հետ ամառային երեք օլիմպիական խաղերի է մասնակցել։ Անցած տարի Ռիոյի օլիմպիական խաղերին էլ գրավել է 5-րդ տեղը, իսկ այս տարվա մայիսին մասնակցել Հունգարիայում աշխարհի գավաթին՝ նվաճելով արծաթե մեդալ։ Սեպտեմբերին պատրաստվում է մասնակցել Մեխիկոյում կայանալիք աշխարհի խաղերին։
ՀԷՑ-ի արհմիության նախագահ Արտյոմ Մուրադյանը վստահություն հայտնեց, որ Գրետան դեռ շատ անգամներ կբարձրացնի Հայաստանի դրոշն արտերկրում։ Ըստ նրա՝ տեղեկանալով, որ Գրետա Վարդանյանն ապրում է փոքրիկ տնակում, անմիջապես առաջարկել են նրա համար ձեռք բերել հարմարավետ բնակարան։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն եւ ընկերության բաժնետիրական արհմիութենական կազմակերպությունը իրենց սոցիալական ծրագրերի շրջանակներում մեծ ուշադրություն են դարձնում հաշմանդամության կարգ ունեցող անձնավորություններին։ «Արդեն երկու տարի է՝ մենք համագործակցում ենք Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ եւ երկու տարի այս կոմիտեի փառատոները մենք ենք հովանավորում։
Մայիս ամսին, երբ մենք հովանավորել էինք պարալիմպիկ խաղերի 16-րդ փառատոնը, այնտեղ ես՝ որպես արհմիության նախագահ, տեղեկացա, որ Գրետա Վարդանյանը 12 հոգով ապրում է այդ փոքրիկ տնակում, մենք ենք այդ առաջարկությունն արել, քանի որ մեր ընկերության ծրագրերի մեջ կար. մենք անցած տարի էլ ենք Գյումրիում բնակարաններ ձեռք բերել։ Այս տարի որոշեցինք, որ մեր արհմիութենական կազմակերպությունն այդ բնակարանը ձեռք է բերելու աշխարհի կրկնակի փոխչեմպիոն Գրետա Վարդանյանի համար։ Եվ ես վստահ եմ, որ դա շատ ճիշտ որոշում է. Գրետա Վարդանյանը շատ ավելիին է արժանի ե՛ւ որպես անձնավորություն, ե՛ւ որպես մարզիկ, որ բազմաթիվ անգամներ մեր դրոշը, մեր հայրենիքի պատիվը բարձր է պահել։ Ես վստահ եմ, որ այս բնակարանն իրեն ավելի նպատակային կդարձնի, նա մոտ ժամանակներս նորից մասնակցելու է աշխարհի առաջնությանը, եւ մեր կոլեկտիվը նրան մաղթում է հաջողություն։ Կարծում եմ, որ այս անգամ նա կգա որպես աշխարհի չեմպիոն»,- ասաց Արտյոմ Մուրադյանը։
Մենք նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արժե բնակարանը։ Նա պարզաբանեց, որ իրենք նվիրել են 5 միլիոն դրամ։
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Չգիտես ինչու, պետությունը որոշել է, որ հաշմանդամների սպորտը հասարակական կազմակերպությունների գործն է մեր երկրում, եւ մենք, որպես Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե, շատ չնչին ֆինանսավորում ենք ստանում, որ հերիքում է մեկ միջոցառում անցկացնելու համար։ Հաշմանդամների սպորտի ազգային փառատոնը պետության կողմից է ֆինանսավորվում, գումարը չի հերիքում, որ ամբողջությամբ անենք, այնտեղ ամբողջ Հայաստանից մոտ 120 մարզիկներ են մասնակցում։ Մենք պատահաբար ծանոթացանք պարոն Մուրադյանի հետ, որը ներկայացնում էր Հայաստանի էլեկտրական ցանցերի արհմիութենական կոմիտեն, խնդրեցինք այդ միջոցառմանը հովանավոր կանգնել, սիրով համաձայնեցին։ Դա մոտ երեք տարի առաջ էր, եւ այդ պահից սկսվեց մեր համագործակցությունը»։ Ըստ մեր զրուցակցի՝ փառատոնի փակման արարողության ժամանակ խոսել են Գրետայի մասին՝ քննարկելով նրա բնակարանային փոքր պայմանները, որոնք խոչընդոտում են ավելի լուրջ հաջողությունների հասնելու. փոքր տան մեջ շատ մարդ են ապրում եւ խանգարում են կենտրոնանալ ու մարզումներով զբաղվել, ՀԷՑ-ն անմիջապես լուծել է հարցը։ «Հույս ունեմ, որ Մեխիկոյում հաշմանդամների աշխարհի ծանրամարտի առաջնությունում Գրետան բարձր տրամադրությամբ ու լավ մարզված մեզ բոլորիս կուրախացնի։ Ինքն իսկապես լուրջ մարզիկ է, աշխարհի լավագույն մարզիկների հնգյակում է»,- ասաց Հակոբ Աբրահամյանը, որը նաեւ «Փյունիկ» միության ղեկավարն է։ Նշենք, որ հաճելի այս իրադարձությանը միացան նաեւ ծանրամարտի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ու նրա որդին՝ Արտակ Ներսիսյանը, որը Գրետայի մարզիչն է։
Գրետայի տատիկն էլ հուզված պատմեց, թե ինչպես են անակնկալի բերել իրենց՝ հայտնելով բնակարան նվիրելու լուրը։
«Գրետան արտասահմանում էր՝ մրցումների, նոր էր վերադարձել, երեկոյան նստած զրուցում էինք, դուռը թակեցին, բացեցինք, երկու անծանոթ տղաներ ասացին՝ եկել ենք մեր չեմպիոնին բնակարան նվիրենք։ Ասացին՝ Գրետա ջան, մի հարմար բնակարան գտի, որտեղ ձեռքդ դրեցիր, մենք կգնենք: Գրետան գտավ Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցում»,- ասաց տատիկը։
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ»
28.07.2017