Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա առաջին կեսը բարեհաջող էր տնտեսության համար. «Հայոց Աշխարհ»

Հուլիս 28,2017 10:40

Ընթացիկ տարվա առաջին կեսը բարեհաջող էր Հայաստանի տնտեսության, հատկապես բյուջետային հատվածի համար։ Ինչպես տնտեսական աճի, այնպես էլ պետության եկամուտների ապահովման առումով միտումները դրական էին, որոնք նույնիսկ լավատեսական սպասումներ ձեւավորեցին հավելյալ ակնկալիքների առումով։
Նախատեսված 3,2 տոկոս տարեկան աճի դիմաց առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմեց 6,1 տոկոս։ Թեպետ դեռ չեն ամփոփվել համախառն ներքին արդյունքի ցուցանիշները, այնուհանդերձ ենթադրվում է, որ առաջին կիսամյակում աճը զգալիորեն կգերազանցի բյուջեով ծրագրված տարեկան մակարդակը։
Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում տնտեսական աճը եղել է 6,5 տոկոս։
Որոշ վայրիվերումներով հանդերձ, տնտեսությունն առանձնացավ վերջին տարիների համար բարձր ակտիվությամբ։ Բարենպաստ էր վիճակը հատկապես արտաքին հատվածում, ինչը կարեւոր գործոն է Հայաստանի համար։ Պատահական չէ, որ տնտեսության մեջ վերջին տարիներին տեղի ունեցող տեղաշարժերը հիմնականում փոխկապակցված են արտաքին հատվածի հետ։

Դեռեւս տարեվերջից միջազգային շուկայում անհամեմատ լավ դիրքում է հայտնվել պղնձի գինը։ Այն պարբերաբար գերազանցում է տոննայի հաշվով նույնիսկ 6 հազար դոլարի սահմանագիծը, ինչը առնվազն 20 տոկոսով բարձր է նախորդ տարվա մակարդակից։ Սա էական դերակատարություն ունի Հայաստանի արդյունաբերության համար, որը դարձել է տնտեսական աճի ապահովման հիմնական բաղադրիչներից մեկը՝ արձանագրելով արտադրության ծավալների երկնիշ ավելացում։

Թեպետ արդյունաբերության աշխուժությունը պայմանավորված չէր միայն հանքագործական ճյուղի դրսեւորումներով։ Ակտիվության մակարդակը ավելի բարձր է վերամշակող արդյունաբերության մեջ, որ հասնում է գրեթե 20 տոկոսի։
Թե որքանո՞վ է դրան նպաստել էներգակիրների մատակարարման ոլորտում կառավարության իրականացրած տարբերակված քաղաքականությունը, հավանաբար վաղ է գնահատել։ Ամեն դեպքում, տարեսկզբից արդյունաբերության առանձին հատվածներում, մասնավորապես խմիչքների, պահածոների եւ կաթնամթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների համար գործում է երկնագույն վառելիքի բավականաչափ արտոնյալ սակագին. նախկին 257¬ի փոխարեն հազար խոր. մետրի դիմաց վճարում են 212 դոլար։
Տարեսկիզբը տնտեսության համար բարենպաստ էր ոչ միայն հանքահումքային ապրանքների միջազգային, այլեւ հիմնական գործընկեր որոշ երկրների իրացման շուկաների առումով։ Կայունացման միտումներ նկատվեցին մասնավորապես Ռուսաստանի տնտեսության մեջ, որի ազդեցությունը Հայաստանում բավականաչափ ընդգրկուն է։ Այն արտահայտվում է թե՛ տնտեսական աճի, թե՛ արտահանման ծավալների, թե՛ ֆինանսական հոսքերի վրա ազդեցության տեսքով։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31