Հայաստանում 1990-ականների սկզբին հարկ չհամարվեց «դեսովետիզացիա» կամ «լյուստրացիա» անցկացնել: Կեղծ «համաժողովրդական» սեփականությունից դեպի թերի շուկայական հարաբերություններ անցումը իրականացվեց մի վերնախավի կողմից, որն ինքը, հավանաբար, ամբողջությամբ չէր ազատվել խորհրդային ախտերից: Արդյունքում պետական, քաղաքական եւ տնտեսական լծակները հայտնվեցին այն մարդկանց ձեռքին, ում այնքան էլ սրտամոտ չէր ժողովրդավարության եւ ազատ շուկայի մշակույթը (այդ երկուսը չեն կարող գոյություն ունենալ առանձին-առանձին), եւ օրինաչափ էր, որ 1998-ին իշխանությունը փոխանցվեց արդեն զուտ խորհրդային մշակույթի կրողներին:
Ինչ եմ ես հասկանում «խորհրդային ախտեր» ասելով: Դա նախեւառաջ հոգեբանական ֆենոմեն է: Եթե փորձենք այն հակիրճ ձեւակերպել, ապա դա անտարբերություն է քո աշխատանքի արդյունավետության հանդեպ, եւ հակառակը՝ խիստ շահագրգռվածություն է դիմացինի անհաջողությունների, տապալումների հարցում: Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, վերադառնանք 1937 թիվ՝ մենք այսօր «նշում ենք» ստալինյան լայնամասշտաբ տեռորի տխուր «հոբելյանը»՝ 80-ամյակը:
Ստալինի ծրագրի նպատակն էր միլիոնավոր մարդկանց ծրագրված ոչնչացումը: Բայց ոչ մի լավ կամ վատ ծրագիր չի կարող հաջողությամբ իրականացվել, եթե այն չունի կամավոր աջակիցներ, եթե դրանից օգուտներ են քաղում միայն նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են այդ ծրագիրը կյանքի կոչելու: Ստալինյան հրեշավոր ծրագրի «շահառուները» դարձյալ միլիոնավոր մարդիկ էին, եւ հենց դա է հավանաբար պատճառը, որ այդ «շահած» մարդիկ այդքան պաշտում էին Ստալինին եւ հոնգուր-հոնգուր լացում էին նրա մահվան առթիվ:
Շահագրգռելու մեխանիզմը պարզ էր. եթե ես բանվոր եմ եւ ուզում եմ զբաղեցնել հերթափոխի պետի տեղը, եթե ես ունեմ մեկսենյականոց բնակարան եւ ուզում եմ տիրանալ իմ հարեւանի երկուսենյականոցին, եթե ես գնդապետ եմ եւ ուզում եմ դառնալ գեներալ, եթե ես գյուղացի եմ (եւ կանգնած եմ սովամահ լինելու վտանգի առաջ) եւ ուզում եմ տեղափոխվել քաղաք, որտեղ սովից չեմ մեռնի, դրա լուծումը ոչ թե աշխատելն է, ոչ թե կատարելագործվելն է, այլ մատնագիր գրելը: Ստացվում է, որ մարդիկ շահագրգռված չեն իրենց աշխատանքով որեւէ բանի հասնելուն, փոխարենը կարող են այլ՝ ստոր, անբարոյական մեթոդներով հասնել իրենց երազանքների իրականացմանը:
Ահա թե ինչու եմ ես կարծում, որ անցումը շուկայական հարաբերություններին պետք է ուղեկցվի հզոր եւ անսասան բարոյական սկզբունքների վրա: Իդեալական կլիներ, որ այդ սկզբունքները քարոզեր Հայ Առաքելական եկեղեցին: Բայց բազմաթիվ պատճառներով մեր եկեղեցին չի կարող ստանձնել այն դերը, որը ժամանակին իր վրա էր վերցրել կալվինիզմը: Փոխարենը մենք կարող ենք մեր միջից հանել փտած հոգեբանությունը, համաձայն որի՝ կարելի է կյանքում ինչ-որ բանի հասնել ուրիշի ունեցվածքի կամ հաջողությունների վրա աչք տնկելով: Եվ «անարդարությունը» շտկելու համար՝ «նաչալստվային» դիմելով: «Դեսովետիզացիայի» կամ «դեստալինիզացիայի» տակ ես առաջին հերթին դա՛ եմ հասկանում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լաւ թեմա էք արծարծել:
Ձեր նշածի հետ սերտ առնչութիւն ունի «Բաքուն գրաւենք» երեւոյթը:
Բոլորին պարզ է, որ հարեւան երկիրը հակառակորդ (նոյնիսկ՝ թշնամաբար տրամադրուած) երկիր է, որի դէմ պէտք է պայքարել: Բայց ԻՆՉՊԷ՞Ս:
Հայերի մի զգալի մասը (եթէ ոչ մեծամասնութիւնը) նախընտրում է բառիս բուն իմաստով գրաւել Բաքուն եւ կործանել Ադրբեջան պետութիւնը: Անշուշտ տարբերակ է: Բայց եթէ նոյնիսկ յաջողուի (իսկ ես կարծում եմ, որ հնարաւոր չէ), ապա վերջին հաշուով դա կը լինի կիսայաղթանակ:
Մեր մտքով չի անցնում (կամ չենք ուզում, որ անցնի), որ կարելի է պարզապէս տնտեսապէս հզօր եւ ժողովրդավար Հայաստան կառուցել, եւ ԲՈԼՈՐ հարցերը ԲՈԼՈՐ հակառակորդների հետ կը լուծուեն:
Սա հոգեբանութիւն է, սա մտածելակերպ է, որը մեզ մօտ արմատացած չէ. այսինքն՝ հակառակորդին յաղթել ոչ թէ նրան ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՒ, այլ նրան ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ճանապարհով:
Ես երկար ժամանակ ուսումնասիրում եմ այս բացառիկ հոգեբանական երեւոյթը, որ ի դէպ առկայ է նաեւ այլ ազգերի մօտ: Սրա մասին ժամերով կարելի է խօսել եւ բազմաթիւ հետաքրքիր հոգեբանական աշխատութիւններ գրել:
Յ.Գ. Ես յաճա՛խ եմ շեշտում «հոգեբանական» բառը: Իմ կարծիքով շատ ու շատ երեւոյթներ հեշտութեամբ բացատրւում են հոգեբանութեան միջոցով:
Ներող պիտի ըլլաք որ հարցումս անգամի մը համար կապ չունի Ձեր տրամաբանական վերլուծումին;
Եթէ յարմար տեսնէք ՛պատասխանեցէք-այլապէս անցցէ;
Վերջերս մեծ տագնապ մը կը նկատեմ մերիններուն մօտ ազէրի կնոջ և իր երկու տարեկան պզտիկին ակամայ սպանութեան համար /արդիւնք մերոնց հակահարուածին/
Ազէրիները հանգիստ սրտով ամէն օր կը կրակեն սահմանամերձ գիւղերու,դպրոցականներու,հովիւներու,դաշտերու բերքը քաղողներոի,դպրոցներու վրայ ;
Այդ մասին ոչ ոք կը տագնապի- ոչ ոք կը բողոքէ իսկ մենք պաշտպանուելու համար պատեր կը հիւսենք;աւերները կը վերանորոգենք,,,;
Ով ալ ըլլայ բնականաբար հարց կու տայ թէ արդեօք հակառակորդին արտօնուած է/միջազգային օրէնքներով/ ուզածը ընել և մեզի ոչ ? Կատարեալ թնճուկ դարձած է մեր հոգիներուն մէջ;
Տպավորություն է, թե վերջին պարբերությունը գրելիս հեղինակը վատառողջ է եղել, կամ նրա փոխարեն գրել է սպորտային նորությունները մեկնաբանողը-ցավոք ազգանունը չեմ հիշում:
Նախ, “Ահա թե ինչու եմ ես կարծում, որ անցումը շուկայական հարաբերություններին պետք է ուղեկցվի հզոր եւ անսասան…” նախադասությունը պետք է ավարտվի ինչով-ումով հարցին պատասխանող լրացումով: Ավարտվում է ինչ որ անիմաստ բառերով:
Հաջորդը, ամեն ինչ լսել էինք, բայց որ շուկայական հարաբերություններին անցումը պետք է քարոզի Հայ Առաքելական եկեղեցին, դա արդեն անըմբռնելի “կուլբիտ է”: Հասկանում եմ, շոգ է, դժվար է: Բայց այդքան…
Ինչպես խորհրդային, այնպես էլ ՀՀՇ/ՀՀԿ-ական ժամանակներում, շահագրգռելու մեխանիզմները նույնն են՝ լինել կուսակցական, մատնագիր գրել եւ անբարոյական մեթոդներով հասնել իրենց երազանքի իրականացմանը:
Ինչպես Ստալինի, նույնպես էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրի նպատակն է միլիոնավոր մարդկանց ծրագրված ոչնչացումը: Ծրագիրը հաջողությամբ իրականացվում է ՀՀՇ/ՀՀԿ-ական կամավոր աջակիցների, դրանից օգուտներ քաղողների եւ ի պաշտոնե այդ ծրագիրը կյանքի կոչողների «քրտնաջան աշխատանքով»:
Հայ Առաքելական եկեղեցին, որպես կրոնական, փակ բաժնետիրական կազմակերպություն, պետության ենթակայությունից դուրս գտնվող, շուկայական հարաբերությներով ուղեկցվող մի կառույց է, որի բաժնետեր տերտերների անսասան բարոյական սկզբունքները՝ Փողն է:
Դե՛սովետիզացիա:
Դելեւո՛նիզացիա:
Դեսե՛րժիզացիա:
Ընդհանուր առմամբ համաձայն եմ գրեթե բոլոր մտքերին, սակայն որոշակի թերասածություն այնուամենայնիվ կա.
՛՛…եւ օրինաչափ էր, որ 1998-ին իշխանությունը փոխանցվեց արդեն զուտ խորհրդային մշակույթի կրողներին:՛՛ Իսկ չէիք ասի՞, թե 2008-ին իշխանությունն ո՞ւմ փոխանցվեց և ի՞նչ գնով: