Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճարկվում է Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի օրինականությունը

Հուլիս 28,2017 15:00

Կվերականգնվի՞ նախկին դատավորն իր պաշտոնում

Հուլիսի 20-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է նախկին դատավորի նկատմամբ իր կողմից կայացված վճիռը եւ գործն ուղարկել վարչական դատարան` քննության:
Խոսքը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աշխատանքից հեռացված դատավոր Անահիտ Սաղաթելյանի մասին է: Անահիտ Սաղաթելյանն աշխատանքից հեռացվել էր 2004-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 8 տարի պաշտոնավարելուց հետո։ Նա հաղթել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) դեռ 2015 թվականի հոկտեմբերին եւ պայքարում էր իր պաշտոնում վերականգնվելու համար։ ՄԻԵԴ-ի վճռով՝ Անահիտ Սաղաթելյանի իրավունքները խախտելու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է 4900 եվրոյին համարժեք տուգանք վճարեր նրան։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ նախկին դատավորը զրկվել է նախագահի հրամանագիրը, որով ինքը հեռացվել էր աշխատանքից, Հայաստանի դատական որեւէ ատյանում վիճարկելու հնարավորությունից: Նախկին դատավորի հայցապահանջը` նախագահի հրամանագիրը չեղյալ համարելու մասին, մեր պետական ատյաններում չի լսվել՝ ընդհանուր իրավասության դատարաններում քննության ենթակա չլինելու պատճառաբանությամբ: Դատարանները հղում էին կատարում, որ այդ հարցերը լսվում են Սահմանադրական դատարանում, իսկ այն ժամանակվա օրենսդրությամբ անհատ քաղաքացիները՝ ֆիզիկական անձինք, Սահմանադրական դատարան դիմելու իրավունք չունեին:

Այժմ, փաստորեն, ՀՀ վճռաբեկ դատարանը կատարել է այդ մասով ՄԻԵԴ-ի որոշումը, եւ եթե վարչական դատարանը նախագահի հրամանագիրը օրենքին հակասող ճանաչի, Անահիտ Սաղաթելյանը կվերականգնվի իր նախկին պաշտոնում:

Անահիտ Սաղաթելյանի շահերի ներկայացուցիչներից Արտակ Զեյնալյանը, «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` հույսեր կա՞ն, որ նախագահի հրամանագիրն օրենքին հակասող կճանաչվի, ասաց. «Հայաստանի Հանրապետությունում դեռ ոչ մի անգամ դատարանի կողմից նախագահի հրամանագիր, որոշում կամ անգամ որեւէ նորմատիվ իրավական ակտ, ակտի դրույթ օրենքին հակասող եւ անվավեր չի ճանաչվել: Իմանալով, որ շատ նորմատիվ ակտեր ընդունվել են պատահմամբ, անգրագիտությամբ կամ տգիտությամբ, դրանք առ ոչինչ են, միեւնույն է՝ գեթ մեկ նախադեպ չկա, որ օրենքին հակասող ճանաչվի որեւէ ակտ կամ ակտի դրույթ: Դատարանները որեւէ անգամ նման քաջության չեն գնացել, թեեւ պարտավոր էին: Սա չափազանց վատ ցուցանիշ է»:
Մայիսի 18-ին նորընտիր խորհրդարանի առաջին նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մեր ամենավտանգավոր ներքին թշնամին անարդարությունն է: «Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որը հյուծում ու թուլացնում է պետությունը, որը վերացնում է ապագայի նկատմամբ հավատը, թուլացնում է պետության նկատմամբ սերը, պետությունից վանում է իր հազարավոր զավակներին: Ուստի մենք այսօր, առավել քան երբեւէ, պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարեւոր է: Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը:

Դիմում եմ բոլորին. մեզնից յուրաքանչյուրը, ինչպես որ պայքարել ու պայքարում է մեր հայրենիքի անկախության, նրա սահմանների անվտանգության համար, նույնպիսի նվիրվածությամբ ու ջանասիրությամբ պիտի պայքարի արդարության համար: Արդարությունը պետք է լինի այն կենարար գաղափարը, որով պետք է սնվեն մեր մանուկները, որով պետք է առաջնորդվեն մեր պետական ծառայողները, որով պետք է ապրեն մեր դատավորները: Մեզնից յուրաքանչյուրն արդարությունը պետք է պաշտպանի առնվազն այնպես, ինչպես մեր զինվորն է այսօր մեր սահմանը պահպանում: Սահմանը լքելը բոլոր ժամանակներում դավաճանություն է դիտարկվել: Մեր հայրենիքի վաղվա օրվա հանդեպ դավաճանություն պիտի համարենք ցանկացած մեկի, առավել եւս դատավորի թույլ տված անարդարությունը:

Գուցե մի փոքր էմոցիոնալ ստացվեց ասելիքս, բայց երեւի այլ կերպ հնարավոր չէ. միայն լավ օրենքներով այս չարիքը մեզնից չենք կարող հեռացնել, ինչպես որ միայն լավ դեղամիջոցներով չենք կարող բուժվել, եթե չենք հավատում մեր ուժերին, մեր բուժվելուն ու ներքին ողջ լարումով դուրս չենք գալիս ներսից մեզ հյուծող չարիքի դեմ»,- ասաց Սերժ Սարգսյանը: «Առավոտի» դիտարկմանը` դատարանն ականջալուր կլինի՞ նախագահի հորդորին եւ կվերականգնի՞ արդարությունը, Արտակ Զեյնալյանը հակադարձեց. «Տվյալ դեպքում պետք չէ սլաքն ուղղել դատարանների դեմ: Տվյալ դեպքում հենց այդ ելույթի հեղինակն է պատասխանող կողմը, եւ Սերժ Սարգսյանը գործնական հնարավորություն ունի ցույց տալու` որքա՞ն է ինքն անկեղծ իր հայտարարությունների կամ հորդորի մեջ: Այլոցից պահանջելուց առաջ ինքը պիտի իր օրինակով ցույց տա` ինչպե՞ս է դա արվում, ինչպե՞ս պետք է կյանքի կոչել իր խոսքերը: Նախագահը պետք է ցույց տա` որքանով է ինքն անկեղծ եւ նվիրված այդ գաղափարին: Իր ներկայացուցիչը կարող է գալ դատարան եւ ընդունել հայցը` ճանաչելով Անահիտ Սաղաթելյանի իրավունքի խախտումը, հարգել իրավունքը եւ վերականգնել այդ իրավունքը: Կամ` հաշտություն առաջարկել: Այլապես արդարության մասին նրա բոլոր խոսքերը կլինեն կյանքից զուրկ եւ ձեւական»:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

27.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31