Պետական մարմինները մեկ անձից ի՞նչ գնումներ են արել
Սյունիքի մարզպետարանը Կապանի բնակիչ Շահեն Ալեքսանյանից 99 քմ տարածք կվարձակալի, որի համար կվճարի 996 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության մեկ անձից գնումներ բաժնից: 99 քառակուսի մետրի դիմաց մարզպետարանը կվճարի եռամսյակը մեկ 249 հազար դրամ: Կառավարության փաստաթղթից տեղեկանում ենք, որ պայմանագիրը գործելու է անորոշ ժամանակով, սակայն եթե նկատի ունենանք, որ մարզպետարանն 996 հազար դրամ արդեն նախատեսել է, ապա պարզ է դառնում, որ այդ գումարը նախատեսված է 12 ամսվա համար: Այսինքն` Սյունիքի մարզպետարանը 99 քմ-ն վարձակալել է՝ ամսական նախատեսելով 83 հազար դրամ: Ըստ պայմանագրի՝ տարածքի էլեկտրաէներգիայի վարձը վճարելու է վարձակալը, սակայն ջրի ու գույքահարկի վճարումները պարտավորվել է վարձատուն անել:
Փոխարենը Ջերմուկի քաղաքապետարանն իր գույքը «ջրի գնով» վարձով է տվել ՀՀ ոստիկանության Վայոց ձորի Ջերմուկի բաժնին կից պահպանության բաժանմունքին` նրանից պահանջելով ամսական ընդամենը 6000 դրամ: Այս պայմանագրով էլ վարձակալը կվճարի եռամսյա կտրվածքով, այսինքն` 18 հազար դրամ: Այդ գումարը ոստիկանությունը կվճարի մոտ 50 քմ-ի համար:
Արդարադատության նախարարությունը Սեւան քաղաքում է տարածք վարձակալել` ամսական 75 հազար դրամով: Ինչպես տեղեկանում ենք վարձակալության պայմանագրից, այդ տարածքը կօգտագործվի պրոբացիայի պետական ծառայության կողմից` որպես աշխատանքային տարածք:
Պարզվել է, որ արդարադատության նախարարության վարձակալած տարածքը գրավադրված է «Անելիք բանկում», սակայն բանկը չի առարկել այն վարձով տալու սեփականատիրոջ ցանկությանը: Տարածքը վարձակալվել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի բնակիչ Դավիթ Դավթյանից:
Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը տարածք է վարձակալել «Էրեբունի Պլազա»-ից` վճարելով 100 հազար դրամ: Կառավարություն ներկայացրած պայմանագրում նշված է, որ վարձակալած սրահում կոնֆերանս, սուրճի եւ ճաշի ընդմիջումներ են եղել` նախատեսված 25 անձի համար:
Մեկ անձից գնումներ բաժնից նաեւ տեղեկանում ենք, որ «Տնաշեն» ընկերությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին է վաճառել հորիզոնական շերտավարագույր, որի արժեքը 300 հազար դրամ է: Փաստաթղթում այս գինը հիմնավորվում է, որ շերտավարագույրը հատուկ մշակված կտորից կամ պոլիմերային նյութերից է` ալյումինե քիվով եւ երկու կողմերից հավաքովի:
ՄԻՊ-ը երկու օրով էլ տարածք է վարձակալել «Գոլդեն Փելիս» հյուրանոցից, որն արդեն վերանվանվել է «Ռեդիսոն Բլյու հոթել»: Կոնֆերանս սրահի վարձակալության համար ՄԻՊ-ը վճարել է 270 հազար դրամ:
Ազգային անվտանգության ծառայությունը 400 հազար դրամ է վճարել «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ընկերությանը` ծխի միջոցով եւ թունաքիմիկատներով ախտահանում իրականացնելու համար:
ԱԱԾ-ի կնքած պայմանագրում նշված է, որ այդ թունաքիմիկատները արգելված չեն ՄԱԿ-ի կողմից եւ թույլատրված են առողջապահության նախարարության կողմից: Ախտահանումը նախատեսված է 2000 մետր քառակուսի ընդհանուր մակերեսի համար:
Սահմանադրական դատարանը 598 հազար դրամի 230 հատ շարժիչի յուղ է գնել «Եռյակ» ընկերությունից:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
27.07.2017