Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ քանդակագործի երկու աշխատանք հանգրվանել է արտասահմանում

Հուլիս 28,2017 13:30

Հայկ Թոքմաջյանի «Զեփյուռ` քաղաքում» եւ «Սոպրանո»
քանդակները կզարդարեն Սենտ Ջորջն ու Սոնդերբորգը

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը մայիսի 28-ից հունիսի 18-ը կանադական Քվեբեկ նահանգի Սենտ Ջորջ քաղաքում մասնակցել է քանդակի միջազգային սիմպոզիումի: Ֆրանկոֆոնիայի շրջանակներում այս սիմպոզիումն արդեն 4-րդ անգամ է կայանում, մասնակցում են ֆրանսախոս երկրների ներկայացուցիչներ, իսկ Հայաստանն արդեն քանի տարի է՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է: «Առավոտի» հետ զրույցում Հայկ Թոքմաջյանը նշեց, որ մեր երկիրն արժանապատիվ է ներկայացրել արտասահմանում: «Այս տարի սիմպոզիումի թեման էր «Քաղաքը եւ շրջակա բնությունը»: Իմ քանդակն անվանել էի «Զեփյուռ` քաղաքում»,-ասում է մեր զրուցակիցը: Հայկ Թոքմաջյանը հայտնեց, որ իր քանդակը մարմարից էր:

Հայկ Թոքմաջյանի «Սոպրանոն»:

«Իրենք տեսել էին Ֆրանսիայում անցկացված սիմպոզիումի ժամանակ կերտած իմ «Ալքիմիկոսը» կոմպոզիցիան, որ կլոր ֆորմայի մեջ տղամարդու մարմին էր դինամիկ շարժման մեջ, հավանել ծավալային այդ ընկալումը եւ ցանկություն հայտնել, որ նմանատիպ մի քանդակ էլ իրենց մոտ անեմ: Եվ միջավայրն էր հետաքրքիր եւ մարդկանց վերաբերմունքը: Փոքր քաղաքում բավականին ակտիվ մշակութային շունչ կար: Արդեն նախապես ընտրված հեղինակներ էին, ամեն ինչ շատ բծախնդիր էր կազմակերպված»,- հավելեց քանդակագործը:

Վահե Թոքմաջյանի «Ջազ» քանդակը:

Հունիսի 18-24-ը Հայկ Թոքմաջյանը Դանիայի Սոնդերբորգ քաղաքում էլ է սիմպոզիումի մասնակցել: «Ես երկրորդ անգամ էի Սոնդերբորգում, իսկ առաջին անգամ մասնակցել եմ 2012-ին: Այս տարի հետաքրքիր էր նրանով, որ կազմակերպիչները էսքիզներ ընտրելով, ընտրել էին ինձ եւ եղբորս՝ Վահե Թոքմաջյանին: Վահեն արդեն 12 տարի է՝ ապրում է Կանադայում եւ Դանիայում ներկայացնում էր Կանադան, իսկ ես՝ Հայաստանը: Սիմպոզիումի կազմակերպիչները չէին էլ իմացել, որ մենք եղբայրներ ենք: Դանիայում նյութը փայտն էր, իսկ թեման երաժշտությունն էր: Իմ կերտվածքի անունը «Սոպրանո» էր, իսկ Վահեինը ՝ «Ջազ»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:

«7-8 տարի եղբայրներով չէինք հանդիպել եւ հանդիպեցինք Դանիայում: Դա արտառոց էր, բայց միաժամանակ նորմալ էր այն առումով, որ մենք երկու տարբեր արվեստագետներ ենք ու տարբեր երկրներ ենք ներկայացնում»,-հավելեց Հայկ Թոքմաջյանը: Հայ քանդակագործը տպավորված է: Սոնդերբորգում ծնված բոլոր գործերը տեղադրվել են այդ քաղաքում:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Հայկ Թոքմաջյանն իր «Զեփյուռ` քաղաքում» աշխատանքի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31