Եվ արդյոք նա դուստր ուներ արտաամուսնական կապից
Մադրիդյան դատարանը Սալվադոր Դալիի մարմինը արտաշիրմելու որոշում է կայացրել: Ըստ kulturologia.ru-ի, մասնագետներն ընդգծել են, որ նկարչի մարմինը լավ է պահպանվել, իսկ Նարցիս Բարդալետը հավաստել է, որ հրաշալի վիճակում են հատկապես բեղերը, որոնցով այդքան հպարտանում էր Դալին:
Արտաշիրման պատճառը հետեւյալն էր. ոմն Պիլար Աբել Մատինեսը հայտարարել էր, որ ինքը Դալիի դուստրն է արտաամուսնական կապից: Նման հայտարարություն անելու համար այդ կինն արդեն 10 տարի ազատազրկվել է, սակայն շարունակում է պնդել: Ստիպված մասնագետները նմուշներ են վերցրել Սալվադոր Դալիի ոսկորներից, եղունգներից եւ մազերից՝ ԴՆԹ փորձաքննություն իրականացնելու համար, որպեսզի պարզեն՝ արդյոք Պիլարն ու Դալին արյունակիցնե՞ր են:
Շուրջ 50 տարի Դալին ամուսնացած է եղել Գալա-Ելենա Իվանովնա Դյակոնովայի հետ, որի հանդեպ նկարիչը ոչ ստանդարտ սեքսուալ հակումներ ուներ: Դալիի կենսագիր Յան Գիբսոնը պատմում է, որ Դալին իրեն խոստովանել է իր` անկարող լինելու մասին, ինչն էլ ստիպել է իրեն ավելի շատ աշխատել ու դառնալ աշխարհահռչակ նկարիչ:
Ինչ վերաբերում է Դալիի բեղերին, նկարիչն ամեն օր խնամում էր դրանք, օծում մոմով ու հատուկ յուղերով, որպեսզի բեղերը մշտապես վեր ցցված լինեն: 50 տարեկանում Դալին եւ լուսանկարիչ Հալսմանը համատեղ շարք արեցին՝ «Դալիի բեղերը» խորագրով: Այդ նկարներում պատկերված են Դալիի բեղերը՝ տարբեր «կերպարներով»: Մի լուսանկարում, օրինակ, դրանք ասես ժամացույցի սլաքներ լինեն: Նկարիչն իր բեղերն անվանում էր ընդունիչներ` արվեստի յուրօրինակ ընկալման համար:
Պատրաստեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ»
27.07.2017