Թոքերի արհեստական օդափոխություն
Եթե բացակայում է շնչառությունը, ապա սկսեք թոքերի արհեստական օդափոխությունը.
1. Միաժամանակ մի ձեռքի բութ մատով եւ ցուցամատով սեղմեք տուժածի քիթը, մյուս ձեռքով բացեք բերանը։
2. Բերանը եւ քիթը ծածկեք որեւէ թաշկինակով կամ թանզիֆե անձեռոցիկով՝ ինչ կա ձեռքի տակ։ Կատարեք խոր ներշնչում։ Ձեր բերանը հպեք տուժողի բերանին, եթե տուժածը երեխա է, ապա բերանը հպեք քթին եւ բերանին միաժամանակ։ Եթե անհնարին է կիրառել բերան-բերան շնչառությունը, ապա կիրառեք բերան-քիթ եղանակը։
3. Դանդաղ արտաշնչեք տուժածի բերանում այնքան ժամանակ, մինչեւ նրա կրծքավանդակը սկսի բարձրանալ։
4. Արտաշնչումից հետո մի փոքր ետ քաշվեք եւ պասիվ արտաշնչման հնարավորություն տվեք տուժածին։
5. Կրկնեք արտաշնչումը յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ անգամ մեծահասակների դեպքում եւ յուրաքանչյուր 3 վայրկյանը մեկ անգամ՝ երեխաների համար։
Եթե արհեստական շնչառության ժամանակ կրծքավանդակը չի բարձրանում, ապա ստուգեք վերին շնչուղիների անցանելիությունը, այն դեռեւս կարող է լինել փակված լեզվով կամ օտար մարմնով, կամ արտաշնչվող օդի ծավալն անբավարար է կրծքավանդակը բարձրացնելու համար։
Արյան շրջանառության արհեստական պահպանում
(սրտի արտաքին մերսում)
Եթե արյան շրջանառության նշանները (անոթազարկը) առկա են, ապա շարունակեք արհեստական շնչառությունը։
Եթե արյան շրջանառության նշանները (անոթազարկը) բացակայում են, ապա սկսեք սրտի արտաքին մերսում։
1. Տուժածին պառկեցրեք կոշտ եւ հարթ մակերեսի վրա։
2. Ձեր դաստակի ափային երեսը դրեք կրծոսկրի թրաձեւ ելունից 2-3 մատ վերեւ (կրծոսկրի ստորին ծայրը, այնուհետեւ մյուս ձեռքը տեղադրեք կրծոսկրին դրված ձեռքի վրա)։
3. Սեղմեք կրծոսկրը դեպի ողնաշարը, այն շարժելով 3-5 սմ, պահելով այդ դիրքում մոտ կես վայրկյան։ Այնուհետեւ թուլացրեք ձեռքերը՝ չվերցնելով այն կրծոսկրից։
4. Եթե վերակենդանացումը կատարում եք միայնակ, ապա 5 վայրկյանի ընթացքում հաջորդաբար երկու անգամ տուժածի թոքերը օդ եք փչում, ապա 10 վայրկյանի ընթացքում 15 անգամ սեղմում կրծոսկրին։
5. Եթե վերակենդանացումը կատարում եք երկուսով, ապա մեկը կատարում է արհեստական շնչառությունը, իսկ մյուսը 5 անգամ սեղմում է կրծոսկրը։ Այսինքն՝ մեկ շնչառությունից հետո (ոչ ավել, քան 1,5 վայրկյան) կատարեք 5 սեղմում (3,5 վայրկյանի ընթացքում)։
6. Անչափահասների (1-8 տարեկանների) մերսումը կատարվում է մեկ ձեռքով եւ յուրաքանչյուր սեղմման ժամանակ կրծքավանդակը պետք է իջնի 2,5-3 սմ։ Հաջորդաբար կատարեք 5 սեղմում՝ 3 վրկ. եւ 1 ներփչում 2 վրկ, 1 րոպեում 12 ցիկլ:
Վերակենդանացման միջոցառումներին տիրապիտելու եւ դրանց ճիշտ կատարելու համար դուք պետք է անցնեք պրակտիկ պարապմունքներ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
27.07.2017