Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԶՎԱՆՔՈՎ ԵՎ ՀԱՃՈՒՅՔՈՎ

Հուլիս 28,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ իննսունհինգերորդ

ԶԶՎԱՆՔՈՎ ԵՎ ՀԱՃՈՒՅՔՈՎ

Եվ Ֆրունզիկը փռթկացնելով ինձ ասաց՝ «էդքան արաղ ես խմում, բայց հիշողությունդ լրիվ տեղն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «կյանքումս ընդամենը հինգ անգամ եմ արաղ խմել» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «էսօրվանը չհաշված», եւ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «ես էլ եմ էդ ասածդ հիշում», եւ Ֆրունզիկը հարցրեց՝ «ո՞ր ասածս», եւ հայրս ասաց՝ «մի անգամ ասեցիր, որ ներկայացումից առնվազն մի ժամ առաջ պիտի թատրոնում լինես», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի ժամ առաջ ու օյաղ վիճակում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Աճեմյանի հրամանն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հեր ու տղա շատ ուժեղ հիշողություն ունեք» եւ ժամացույցին նայելով ավելացրեց՝ «համարյա մի ժամ կարանք նստենք», եւ ես ժպտալով Ֆրունզիկին ասացի՝ «բայց չպիտի խմեք», եւ Ֆրունզիկը ժպտալով ինձ ասաց՝ «ես ու դու չպիտի խմենք» եւ օղու կիսադատարակ շշին նայելով ավելացրեց՝ խմելու բան չի էլ մնացել», եւ հայրս  ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «դուք էրկուսդ որ չխմեք, էսքանը մեզ լրիվ հերիք ա» եւ մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «դու էլ լիմոնադ խմի», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «մեծ հաճույքով» եւ լիմոնադի երկու լիքը շշերին նայելով ավելացրեց՝ «էսքանն ինձ ու Արմենչոյին լրիվ հերիք ա», եւ ես ժպտալով Ֆրունզիկին ասացի՝ «էսքանը մեզ շատ էլ ա» եւ ժպտալով ավելացրի՝ «կարանք իրանց էլ հյուրասիրենք», եւ Ֆրունզիկը  մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իրանք միանգամայն արժանի են, որ լիմոնադ խմեն», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «դուք էլ օղուն եք արժանի, բայց ձեզ չի կարելի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ձեզ ներկայացման պատճառով, Արմենին՝ տարիքի», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «կարաս չանհանգստանաս, Ֆելո ջան. մեզ լիմոնադը լրիվ ձեռ ա տալիս» եւ մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «մի բան ասե՞մ», եւ Ֆելոն ասաց՝ «ասեք», եւ Ֆրունզիկն ասաց՝ «ինձ թվում ա՝ բոլորն էլ արաղից զզվում են ու զզվելով են էդ զիբիլը  խմում, դրա համար էլ խմելուց հետո քիթմռութները ծռմռում են» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց լիմոնադը բոլորն էլ մեծ հաճույքով են խմում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտն ասած, ես էլ եմ էդ մասին մտածել», եւ Ֆրունզիկը լիմոնադի շիշը վերցրեց, իմ ու իր բաժակները  բերնեբերան լցրեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «դե հիմա դուք ձեր արաղը զզվանքով խմեք, ես ու Արմենչոն՝ մեր լիմոնադը», եւ ես ժպտալով Ֆրունզիկին ասացի՝ «թող իրանք զզվանքով խմեն, մենք՝ հաճույքով», եւ Ֆելոն ասաց՝ «ես մի կենաց ասեմ՝ նոր խմենք», եւ Ֆրունզիկն ասաց՝ «ասա, Ֆելո ջան, ուշադիր լսում ենք», եւ Ֆելոն  հորս, Վոլոդյայի ու իր բաժակները լցրեց, իր բաժակը բարձրացրեց ու ասաց՝ «էս բաժակով ուզում եմ չխմողների կենացը խմենք», եւ Ֆրունզիկը Ֆելոյին հարցրեց՝ «այսինքն, ո՞ւմ կենացը», եւ Ֆելոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «այսինքն, ձեր ու Արմենի կենացը», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց մենք չխմող չենք», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «համենայն դեպս, էս պահին չեք խմում», եւ Ֆրունզիկն ասաց՝ «էս պահին էլ ենք խմում. դուք արաղ եք խմում, մենք՝ լիմոնադ», եւ ես ժպտալով Ֆելոյին ասացի՝ «դուք զզվանքով եք խմում, մենք՝ հաճույքով», եւ Ֆելոն ոտքի կանգնեց, բաժակը բարձրացրեց ու ասաց՝ «լիմոնադ խմողների կենացը», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «բայց պայմանավորվեցինք, որ անհատական կենացներ չենք խմում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց սա կոլեկտիվ կենաց ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «լիմոնադ խմողների կենացն ա», եւ հայրս ժպտալով ասաց՝ «սաղ ժողովուրդը լիմոնադ ա խմում՝ մեծից փոքր» եւ մի քիչ մտածեց ու Ֆելոյին նայելով ավելացրեց՝ «փաստորեն, մեր ժողովրդի կենացն ես առաջարկում», եւ  Ֆելոն ժպտալով հորս հարցրեց՝ «ի՞նչ վատ կենաց ա», եւ հայրս ժպտալով ասաց՝ «բան չունեմ ասելու» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «սրանից լավ կենաց գոյություն չունի», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «էս արդեն իսկական կոլեկտիվ կենաց ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, էս  կենացի մեջ ծնողների կենացն էլ ա մտնում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «բանվորների ու աշխատավորների կենացն էլ», եւ ես ժպտալով ասացի՝ «էրեխեքի կենացն էլ ա էս կենացի մեջ մտնում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31