ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը այսօր շարունակեց փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ կարգապահական գործի քննությունը:
Խորհրդի նախագահող Կարեն Մեժլումյանը նիստից հետո պատմեց, որ խորհուրդն այսօր որոշեց դիմել դատարան՝ ստանալու Արթուր Սարգսյանի («Հաց բերողի») վերաբերյալ գործը. «Որ տեսնենք՝ հիվանդության վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են դատարան, թե՞՝ ոչ»:
Նիստը այդքանով հետաձգվեց: Պարոն Մեժլումյանի խոսքով, Տիգրան Եգորյանը նախորդ նիստին բացատրություն է տվել, փաստաթղթեր ներկայացրել, խորհուրդն ուսումնասիրել է, բայց այդ փաստաթղթերի մեջ չի գտել «Հաց բերողի» բժշկական փաստաթղթերը, ինչի համար այսօր որոշեց դիմել դատարան:
Հիշեցնենք, որ 16.01.2017թ. «Ազատություն և հայրենիք» հիմնադրամը, ի դեմս իր հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի, դիմում է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին: Դիմողի ներկայացուցիչները հայտնել են, որ 2016թ. հոկտեմբեր ամսից սկսել են հետաքրքրվել Արթուր Սարգսյանի («Հաց բերողի») գործով և հայտնաբերել անհանգստացնող փաստեր: Այդ կապակցությամբ դեկտեմբերի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) են ներկայացրել նամակ, որով ՀՔԾ-ին իրազեկել են Ա. Սարգսյանի մոտ Բեխտերևի հիվանդության մասին: Հիմնադրամի ներկայացուցիչները պնդում են, որ փաստաբան(ներ)ը թերացել են եւ Ա. Սարգսյանի հիվանդության մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին (մասնավորապես՝ ՀՔԾ-ին):
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ