Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետ. «Այ ձեր խիղճը չկտրվի, պետության տված գումարն էլ չեք մուտք անում»

Հուլիս 27,2017 21:33

Հուլիսի 27-ին Տավուշի մարզպետարանում կայացավ մարզխորհրդի նիստ, որը վարում էր մարզպետ Հովիկ Աբովյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակիցներ, մարզի համայնքների ղեկավարներ:

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը ներկայացրեց մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականի վերաբերյալ հաշվետվություն: Նա տեղեկացրեց,որ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 1638.4 մլն. դրամ, որը կազմում է առաջին կիսամյակի նախատեսվածի 97.3%-ը, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 346.7 մլն. դրամ կամ կատարվել է նախատեսվածի 83.0 %-ը: Նա նշեց սեփական եկամուտների ցածր կատարողական ունեցող համայնքները: Մարզպետ Հովիկ Աբովյանն այդ համայնքների ղեկավարներին առաջարկեց կարճ ժամանակում միջոցներ ձեռնարկել սեփական եկամուտների հավաքագրումների ցուցանիշները բարելավելու համար:

Ռ. Ներսիսյանը հայտարարեց, որ մարզի սահմանամերձ 18 համայնքների հողի հարկի եւ գույքահարկի գումարների փոխհատուցման նպատակով 2017թ. առաջին կիսամյակում պետական բյուջեից տրամադրվել է 31.2 միլիոն դրամ դոտացիոն աջակցություն, համայնքները այդ գումարները պետք է մուտքագրեն հողի հարկի եւ գույքահարկի տեղեկատվական բազաներում: Նա հայտնեց, որ սահմանամերձ համայնքների մի մասն ամբողջությամբ մուտքագրել է նշված գումարները, որոշ համայնքներ մասամբ են մուտքագրել, իսկ Արծվաբերդ, Պառավաքար եւ Վերին Կարմիրաղբյուր համայնքներն ընդհանրապես չեն մուտքագրել: Տավուշի մարզպետը համայնքների ղեկավարներին եւ Բերդի համայնքների միության գործադիր տնօրեն Սամվել Հովսեփյանին հարցրեց, թե երբ այդ խնդիրը կլուծվի: Հովիկ Աբովյանն ասաց, որ մարզպետարանն այդ հարցով պատրաստակամ է տեխնիկական աջակցություն ցուցաբերել:

Ռոբերտ Ներսիսյանը հայտարարեց, որ եթե սահմանամերձ նշված համայնքները դոտացիայի գումարները չմուտքագրեն, ապա սահմանամերձ մյուս համայնքները եւս չեն ստանա հողի հարկի եւ գույքահարկի փոխհատուցման համար պետբյուջեից տրվող երկրորդ չափաբաժինը՝ 31 միլիոն դրամ աջակցությունը:

Մարզպետը համայնքների ղեկավարներին հանդիմանեց. «Այ ձեր խիղճը չկտրվի, հիմա ասեմ՝ պետության տված գումարն էլ չեք մուտք անում, էդ ո՞նց հասկանանք, էդ էլ ժողովրդից չեք հավաքում: Դա լրիվ անգործություն է»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31