Հուլիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևներ հանձնեց Սփյուռքի մշակութային գործիչներին:
ՀԲԸՄ Փարիզի «Ահազանգ» թատերախմբի հիմնադրման 25 ամյակի առթիվ և Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստելու, այդ բնագավառում ակնառու նվաճումների ու ձեռքբերումների, ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Ահազանգ» թատերախմբին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:
Մեդալը հանձնելով թատերախմբի գեղարվեստական ղեկավար Մկրտիչ Բասմաջյանին՝ Սփյուռքի նախարարը շնորհավորեց թատերախմբին բարձր պարգևի համար և նշեց. «Կարծում եմ, որ փարիզյան մեր կառույցները մնայուն արժեքներ են դարձել հայկական համայնքի և հայ իրականության համար: Դժվարին աշխատանք է՝ գրավել հանդիսատեսի սիրտը: Դա ձեզ հաջողվել է, շնորհավորում եմ: Շնորհակալ եմ, որ կարողանում եք զանգ հնչեցնել յուրաքանչյուր հայի սրտում, այն էլ փարիզյան խստապահանջ հասարակության մեջ»:
«Ահազանգ» թատերախմբի գեղարվեստական ղեկավար Մկրտիչ Բասմաջյանը շնորհակալություն հայտնեց պարգևի համար և հավելեց. Պարգևը պարտավորեցնող է, նոր ուժ և ոգևորություն պիտի տա շարունակելու մեր հայապահպան գործը, որ Սփյուռքում ապրողը փորձի հայերեն մտածել»:
***
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ ՍՆ «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրել «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Նոր սերունդ» մշակութային միության ատենապետ, ակտիվ համայնքային, քաղաքական, հասարակական գործիչ Անի Եփրեմյանին՝ մասնագիտական և ազգային-հասարակական արդյունավետ գործունեության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, երիտասարդ սերունդների կրթման և հայեցի դաստիարակության, ինչպես նաև հայապահպանության գործում ունեցած անգնահատելի դերի ու ավանդի համար:
Անի Եփրեմյանը շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար և նշեց. «Իրականացավ իմ երազանքը, Հայրենիքում պետք է հանդես գամ հայ հանդիսատեսի առջև: Հայաստանում հայի ինքնության ուժեղ զգացումներ են արթնանում: Շնորհակալ եմ»:
***
Երրորդ պարգևը՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Երախտագիտության»» մեդալը ՀՀ սփյուռքի նախարարը շնորհեց լիբանանահայ երիտասարդ Արարատ Ճերեճյանին, ով աշխատում է «Emirates» ավիաուղիներում` որպես ուղեկցորդ: Արարատը հետաքրքրական և ազգասիրական նախաձեռնության հեղինակ է դարձել:
Աշխատանքի բերումով այցելելով տարբեր երկրներ՝ նա իր ազատ ժամանակն օգտագործում է տեղացի պատահական անցորդներին պատմելով հայ ազգի ու Հայաստանի մասին: Արարատը հուշանվերներ է բաժանում նրանց՝ հակիրճ տեղեկություն փոխանցելով նաև հայկական մշակույթի մասին: Իսկ հանդիպման վերջում հայկական եռագույնով լուսանկարվում է տեղացիների հետ ու տարածում սոցցանցերում: «Ամեն հայ կարող է իր ձևով օգտակար ըլլալ Հայրենիքին: Ես հուսամ, որ գտել եմ իմ ձևը». ասում է նա:
Հանդիպմանը ներկա՝ Լիբանանի «Զարթոնք» թերթի խմբագիրը լիբանանահայերի անունից շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարին՝ երիտասարդներին խրախուսելու նրանց ուժերին հավատալու համար:
ՀՀ սփյուռքի նախարարություն