Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նախարարներն էնքան ձեռքերը սեղանին զարկեցին, որ էլ գործարար չմնաց»․ շիրակցի գործարարների բողոքը. (Տեսանյութ)

Հուլիս 27,2017 19:55

Այսօր Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը իր մոտ էր հրավիրել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հայտնի գործարարների ՝ նրանց հետ քննարկելով առկա խնդիրները։ Շիրակի մարզպետը գործարարներին հարցրեց, թե ինչո՞վ կարող են օգնել նրանց, որպեսզի շուկան ընդլայնեն ու ավելի շատ մարդ աշխատանքի ընդունեն։ «Գիտեք, որ գործազրկության մակարդակը կատաստրոֆիկ է, ես ավելի շատ ստանում եմ ֆինանսական օգնության խնդրանքներ, մեր նպատակը ոչ թե ֆինանսական օգնություն տրամադրելն է, այլ մարդկանց այդ վիճակից հանելը։ Լավ, այսօր 20 հազար դրամ սուղ բյուջեից կարող է տրամադրենք, էդ մարդիկ ասեն՝ շնից մազ պոկելն էլ է օգուտ, 6 ամիս հետո մի հատ էլ դիմում կգրեն օգնության», -ասաց մարզպետը, որի խոսքը, սակայն, ընդհատեց գործարարներից մեկը՝ կաթնամթերքի և պանրի արտադրությամբ զբաղվող «Իգիթ» ՍՊԸ ներկայացուցիչ Ռոբերտ Իգիթյանը։

«Ըշտը ըդպես մտածեցին, որ հասանք ծայրահեղ էս վիճակին», -արձագանքեց գործարարն ու ամբողջ քննարկման ընթացքում գրեթե հնարավորություն չտվեց իր մյուս ընկերներին ևս արտահայտելու իրենց խնդիրները։ «Նախարարները կըսեին՝ գիտեք ինչ կա, մենք գիտենք ու ձեռքերը սեղաններին կզարկեին, ըշտը էկանք հասանք էս վիճակին, հեչ մարդ չմնաց, մնացել ենք էս մի քանի հոգիս»,- նեղվեց գործարարը։ Նա դժգոհեց, որ գործարարներին հրավիրում են Երևան՝ քննարկման, սակայն գործարարի առաջարկները լսելու փոխարեն իրենք են առաջարկներ ներկայացնում՝ պարտադրելով, թե մեր ասածով պետք է աշխատեք ու վերջ։ Մարզպետը ժպտալով ասաց, որ ինքը չի հրավիրել առաջարկություն անելու, այլ իրենց լսելու է հրավիրել։ Գործարարը շարունակեց․ «Պարոն մարզպետ, եկել-հասել ենք ծայրահեղ վիճակի, այսինքն` մեր ժողովուրդը շատ քյասիբ, խեղճ ու կրակ վիճակում է, շուկա չկա, սաղս էլ՝ ստեղ նստած գործարար տղերքը կուզեն իրանց գործը առաջ էրթա, բայց ռիսկային է, եթե էն ժամանակ 70 տոկոս էր, հմի 100 տոկոս է դարձել ռիսկայինը։ Եթե գումար կներդնես, դու կկորցնես, շուկա չկա, մեր շուկան էսօր շատ զրոյական վիճակ է»։

Վերջինիս բողոքին միացավ Սամվել Բալասանյանին պատկանող «Անուշարան» հրուշակեղենի գործարանի գործադիր տնօրենը, որը մարզպետից խնդրում էր օգնել իրենց Երևանի շուկա մտնելու։ Ըստ նրա, իրենք տեղի շուկայում զարգացրեցին բիզնեսը, սակայն Երևանում կան խոշոր ցանցեր և ինչ-որ տեղ իրենց մուտքը չստացվեց։ «Եթե մեզ օգնեք, որ օրինակ՝ «Սիթի»-ում ոչ թե քննարկեն որպես բիզնես իրենց ձեռ է տալիս, թե չի տալիս մեր արտադրանքը, այլ ուշադրություն դարձնեն այն փաստին, որ Գյումրիից են արտադրում, որտեղ աշխատատեղեր ունենալը շատ կարևոր է, լավ կլինի։ Այնպես անեք, որ ասենք «Երևան Սիթիում» կամ «Սաս»-ում տեղ տան, երկուսն էլ պատգամավորներ են, երկուսն էլ մեծ կազմակերպություն են», -ասաց «Անուշարանի տնօրենը՝ նշելով, որ տեղի շուկան շատ փոքր է, իրենք էլ չեն կարողանում առաջ գնալ, խայտառակ վիճակ է։ Ըստ նրա, եթե Գյումրիում մեկ աշխատատեղ ավելանա, ավելի կարևոր է, քան թե Երևանում 100 աշխատատեղ ավելանա։

Գործարարները նեղվեցին, որ շատ մեծ տարբերություն կա մայրաքաղաքի ու Գյումրու շուկաների միջև, Գյումրիում շատ ռիսկային է բիզնես ընդլայնելը։ Եվ եթե ինչ-որ մեկը՝ փողը գրպանը, գա իր երկիր, բացի ռեստորանից ու հյուրանոցից իր գումարը ոչ մի տեղ չի կարող ներդնել ռիսկային լինելու պատճառով։ Մարզպետը կատակով նկատեց․ «Երևանը մեկ միլիոնանոց քաղաք է, Գյումրին այդպես էլ չհասկացա քանի հոգանոց»։

Ըստ գործարարների, վիճակը շատ լուրջ է, եթե պիտի խոսեն խնդիրներից ու մնա թղթի վրա, ապա գնալով ավելի է վիճակը վատանալու։

Գործարարները նաև նկատեցին, որ այդ նույն «Երևան Սիթի» խանութների ցանցը, եթե կարողանա պանիր արտադրել, ապա ինքն իրենը կարտադրի ու կվաճառի՝ մյուսներին անտեսելով։ Շիրակի մարզպետն խնդրեց չքննարկել «Սիթիի» խնդիրը։ Նա մեջբերեց Երևանում «Սյունիքի բարիքներ» անունով խանութների ցանցը, որտեղ Սյունիքում արտադրված տարբեր բարիքներ են վաճառում։ Ըստ մարզպետի, Շիրակից էլ կարող են նման բարիքներ արտադրել։ «Ուզում եք անունը «Շիրակ աշխարհ» դրեք «Շիրակի բարիք» դրեք․ «Երկիր» դրեք կարող ենք հնչեղ մարկետինգային բան որոշել և ասենք, որ ստեղ վաճառվում է Շիրակում արտադրված պանիր՝ 5-6 գործարանների, այստեղի թխվածքն է, այստեղի գարեջուրն է», -առաջարկեց մարզպետը։

Գործարարներից եղան մարդիկ, որոնք նեղվեցին, թե պետությունը շիրակցիներին մրցակցությունից դուրս է հանում՝ բացարձակ հաշվի չառելով եղանակային պայմանները, գազի գինն այս տեղանքի համար չնվազեցնելով ու սուբսիդավորում չկիրառելով։ Տեքստիլ արդյունաբերության ոլորտի գործարար, «Լենտեքս» գուլպանասկեղենի արտադրության հիմնադիր Կարեն Գոմցյանն էլ նշեց, որ լավ մասնագետներ Գյումրիում չկան, չկան առևտրի մենեջերներ, մարկետոլոգներ, ծրագրավորողներ, տեխնոլոգներ, իսկ այսօր բրենդի ճանաչելի դարձնելը լուրջ հարց է։ Իսկ Հայաստանում դեռ չկան ճանաչված միջազգային բրենդներ։ Առաջարկ հնչեց նաև Շիրակի մարզում արտադրված ապրանքից հանել շահութահարկը։

Գործարարների հետ հանդիպման ժամանակ քննարկվեց նաև տնտեսական զարգացման խորհուրդ ստեղծելու հարցը, որտեղ ընդգրկված պետք է լինեն ներկայացուցիչներ տարբեր ոլորտներից ու որը խորհրդատվությամբ կաջակցի գործարարներին։ Մարզպետը նշեց, որ հետագա ծրագրերից է նաև Շիրակի արդյունաբերական գոտու կամ պարկի ստեղծումը, որ ազատ տնտեսական գոտի կլինի, կփորձեն աշխատել չինացիների հետ՝ ապահովելով շուկա։ Այդ ոլորտում տեքստիլ արդյունաբերությունից բացի կարող են լինել նաև այլ ոլորտներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31