Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր տեղի գործարարների հետ հանդիպման ժամանակ նրանց տեղեկացրեց, որ ինքը խոսել է Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի հետ, վերջինս ամեն ինչ անելու է Սկանդինավյան այս երկրում հայկական օրգանական մաքուր կաթի սպառում ապահովելու համար։
«Ես մտածում եմ, որ հայեցակարգ գրվի ու նույն պիտակի տակ կվաճառեն, բայց որակը պիտի լինի նույնը։ Այսինքն` հավաքվում ենք, որովհետև 5-6 փոքր գործարանի համար դու մուտքի շուկա չես կարողանա ապահովել։ Մթերման ժամանակ որակի վրա հստակ սահմանափակում են դնելու, այսինքն ո՛չ կոկոսի յուղ, ո՛չ պալմայի յուղ, ո՛չ կաթի փոշի չես խառնելու»,- ասաց մարզպետը։
Գործարարներից մեկը նկատեց, որ կաթը Հայաստանի շուկայում չի բավարարում, ուր մնաց արտահանեն, որին ի պատասխան՝ մարզպետն ասաց․«Մարդիկ սպառման խնդիր են ասում, և հետո խոսքը կաթի մասին չէ, պանիրն են առնում, բայց ոչ թե գրվում է «Բանդիվան» կամ «Իգիթ» կամ «Աշոցք», այլ «Շիրակի պանիր», Շիրակի օրգանական սերցիֆիկացված պանիր է գնում։ Բայց որակի վրա լինելու է տոտալ վերահսկողություն, որովհետև պետական օղակներով մենք փորձ ենք անելու սկանդինավյան շուկա բացել, այստեղ մի կաթիլ պալմայի յուղ կամ մի գրամ կաթի փոշի, որ այսօր օգտագործվում է, ու բոլորս էլ գիտենք, որ օգտագործվում է, ինչքան էլ որ խոսենք, թե ինքը մաքուր է, չի լինելու: Ցավալի է, բայց փաստ է, որ օգտագործվում է։ Բոլորս էլ խոսում ենք որակի մասին, բայց իրիկունը քնելուց առաջ ընդունում ենք, որ կաթի փոշի էլ ենք խառնել, պալմայի յուղ էլ ենք խառնել կաթի մեջ», -ասաց մարզպետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այ ձեր ցավը տանիմ,շվեդացոնց տունը ընչի կքանդեք, փոխանակ ընդից ստեղ պանիր բերեք, մեր բերնի համը փոխեք, էդ գործի վարպետներին մեր աղի ու գույն տված պանիրը ընչի կղրկեք? այսինքն, ճիշտ էլ կենեք, թող ուտեն, տեսնին, մեր ջանը քար է?: