Ապրիլյան պատերազմի ընթացքում տուժած Արցախի Թալիշ գյուղում վերակառուցողական աշխատանքները շարունակվում են: Aravot.am-ը գյուղ այցելության ընթացքում գյուղապետ Վիլեն Պետրոսյանին խնդրեց ներկայացնել արդեն կատարված աշխատանքները:
Վիլեն Պետրոսյանը ասաց, որ վերականգնողական աշխատանքները ավելի արագ տեմպերով են շարունակվում. «Նախկինում վերակառուցվում էր գյուղապետարանը և հանդիսությունների սրահի շենքը, այսօր դրան գումարվել է անհատական բնակարանային ֆոնդի վերակառուցումը, վերակառուցման, վերանորոգման աշխատանքները՝ շուրջ 16 անհատական տան շրջանակներում: Հինգ շինարարական կազմակերպություններ են աշխատում»:
Ավարտին են մոտենում համայնքապետարանի և հանդիսությունների շենքի աշխատանքները. «Դրան զուգահեռ սկսվել են մանկապարտեզի շենքի կառուցապատման աշխատանքները՝ հիմքից նոր շենք է կառուցվելու: Դպրոցի նախկին շենքը, որը վերակառուցման փուլում էր, այնտեղ էլ բավականին մեծ աշխատանքներ էին կատարվել, փաստորեն այդ շենքից ստիպված ենք հրաժարվել, որովհետև այն ճակատային գծից ուղիղ նշանառության տակ է: Այսինքն՝ հետագայում դպրոցի շենքը պետք է կառուցվի այն տարածքում, որը գոնե ճակատային գծից չի երևում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ