Վերջին շրջանում, երբ անընդհատ բարձրացվում է Լեզվի պետական տեսչության լուծարման հարցը, հնարավոր չէ չհիշել հայտնի պատմությունը, երբ Հրանտ Մաթեւոսյանին որոշել էին նշանակել այդ կառույցի ղեկավար, սակայն Գերագույն խորհրդի պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ հետագայում Լեզվի տեսչության պետ Վալերի Միրզոյանը «Երկիր» թերթում 90-ականների սկզբին հոդված գրեցին Մաթեւոսյանի դեմ: Նրանք դեմ էին, որ անվանի գրողը ղեկավարի Լեզվի տեսչությունը:
Aravot.am-ի հետ զրույցում Հրանտ Մաթեւոսյանի որդին` ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը հիշեց, որ ժամանակին առանց հոր հետ համաձայնեցնելու էին որոշել նշանակել` որպես հարգանքի տուրք եւ խոնարհում ու համապատասխան հրամանագրի տեքստ էին նախապատրաստել:
«Նա առանձնապես դրանից ուրախ չէր, որովհետեւ ինքը կամերային, ներփակ մարդ էր ու ադմինիստրատիվ պատասխանատվություն չէր ուզում ստանձնել, մանավանդ չէր համարում, որ իր` առանց այդ էլ քիչ ժամանակը, որ ծախսում էր Գերագույն Խորհրդում, այդ կարգի խնդիրներով պետք է սպառել: Հետագայում ինքը ընդառաջ գնաց գրողների մեծամասնության խնդրանքին եւ ստանձնեց Գրողների միության նախագահի պաշտոնը: Կարծում եմ, որ 5 տարվա նախագահության տարիներին, այսպես ասած` այդ անպիտանության հասած մարմինը Հրանտ Մաթեւոսյանը փոքրիշատե կենդանացրեց, փրկեց Գրողների միությունը տրոհումից, շենքի վաճառքից եւ այլն: Վերջապես շատ մարդիկ ֆինանսական օգնություններ ստացան, որ կարողանան շարունակել իրենց գոյությունը…
Ինչ վերաբերում է Լեզվի տեսչությանը, մի քանի առիթով լսեցի, որ ամբաստանագիր էին գրել իր դեմ… Վալերի Միրզոյանի` Lեզվի տեսչության պետ լինելը հիշում եք, թե որքան կիսատ-պռատ ու որքան ողորմելի էին այդ տարիները…Կարծում եմ, որ եթե Մաթեւոսյանը համաձայներ, մենք կունենայինք լեզվի այլ կարգավիճակ, Լեզվի տեսչության նկատմամբ բացարձակապես այլ վերաբերմունք կլիներ եւ այդ տեսչությունը հիրավի կդառնար լեզվի օրենսդիր մի մարմին, որը հայերենը Հայաստանում կբերեր իրեն պատշաճող բարձր կարգավիճակի` մեր իրականության մեջ շատ ու շատ բաներ փոխելով»,-նշեց Դավիթ Մաթեւոսյանը:
Նրա ձեւակերպմամբ, անկախ նրանից` կլուծարվի՞ կառավարության որոշմամբ տեսչությունը, թե ոչ, մի բան պարզ է` դրա կարգի մի մարմին լինելու է. «Այդ մարմնի տրամաչափը, գործառույթները եւ խարիզման պետք է որոշվի համապատասխան ղեկավարով: Ես մաղթում եմ, որ այդ մակարդակի եւ տրամաչափի մեկին գտնեն ու նշանակեն եւ նա իրոք ձեւավորի մի մարմին, որը կփրկի լեզուն: Ցավոք, մեր լեզուն այսօր փրկության կարիք ունի: Հազարամյակներով այն կարողացել է Մաշտոցից մինչեւ հիմա ոտքի վրա լինել ու մեզ դուրս բերել բոլոր ծանծաղուտներից եւ որոգայթներից ու հիմա ինքը նույն կարգի փրկության կարիք ունի, որովհետեւ սարսափելի որակազրկված եւ պատվազուրկ է»:
Aravot.am-ը Լեզվի տեսչության առաջին պետ Վալերի Միրզոյանից հետաքրքրվեց` չի՞ զղջում, որ ժամանակին բողոքել է Հրանտ Մաթեւոսյանի դեմ: «Ինչու պետք է զղջայի, ընդհակառակ` Հրանտ Մաթեւոսյանին շատ սիրելով ու գնահատելով ասում էինք, որ դա քո տեղը չէ, ինքն էլ հասկացավ: Ոմանք ուզում էին Հրանտին օգտագործել, որ տեսչությունը չաշխատի, ինչը այդպես էլ եղավ…»:
Իսկ հետագա տարիների տեսչության պետերի աշխատանքից գո՞հ է: «Իհարկե՝ ոչ»,-ասաց Միրզոյանը: Նրա ձեւակերպմամբ, Լեզվի տեսչությունը միայնակ է մնացել, համախոհներ չի փնտրում եւ դարձել է զուտ հիմնարկ:
Aravot.am-ը Հովիկ Աղազարյանի հետ կապվել չկարողացավ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ