Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Ձեր փայլուն պատմությունը, ՀՄԸՄ-ական ատենապետների գործը, նվիրումը պետք է դառնան օրինակ գալիք սերունդների համար»

Հուլիս 27,2017 17:20

Հուլիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և ՀՄԸՄ պատվիրակության անդամների միջև:

Հանդիպմանը ներկա էին ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, վարչության անդամներ Վաչե Նաջարյանը, Իշխան Եղիայանը, Արմանդո Թորգոմյանը, Անդրանիկ Պահարյանը, Վիգեն Քորթյանը, Օշին Փիրումյանը, Բագրատ Եսայանը, Վիգեն Ավագյանը, Մանուել Մարսելյանը:

Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նրանց Համա-ՀՄԸՄ-ական 10-րդ խաղերը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու համար: «Ուրախ եմ, որ տարեցտարի Համա-ՀՄԸՄ-ական մարզախաղերի մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնվում է, և արդեն այս տարի՝ հուլիսի 20-29-ը ընթացող խաղերին մասնակցում է շուրջ 1300 մասնակից աշխարհի 19 երկրներից: Մարզախաղերը մի քանի նպատակ ունեն: Առաջին նպատակը, իհարկե, հայրենաճանաչությունն է: Հայ երիտասարդները հնարավորություն են ունենում ճանաչելու, բացահայտելու Հայրենիքը, գտնվելու հայրենի հողի վրա և զգալու այն: Երկրորդ նպատակը մրցման ոգին պահպանելն է, երբ մասնակիցները ջանում են ցուցադրել լավ արդյունքներ, տարիների իրենց աշխատանքը: Եվ ի վերջո, ստեղծվում է համահայկական ցանց. աշխարհի տարբեր ծայրերից եկած հայորդիները ճանաչում են միմյանց, բարեկամանում »,- նշեց նախարարը:

Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ մարզախաղերը նոր և փառահեղ սկիզբ են նախանշում և ամփոփում են Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյա գործունեությունը: «Դուք բոլորել եք դարը և շրջադարձ եք կատարում դեպի հաղթական հազարամյակ: Ձեր փայլուն պատմությունը, ՀՄԸՄ-ական ատենապետների գործը, նվիրումը պետք է դառնան օրինակ գալիք սերունդների համար: Եվ 100-ամյա հոբելյանին ընդառաջ՝ պետք է տպագրվեն այս ամենի մասին պատմող գրքեր, ուսումնասիրություններ: Մենք համատեղ հուշագիր ենք ստորագրել, որը չի մնացել միայն թղթին ամրագրված, այլ այսօր իրականություն է, քանզի մենք լավ ենք գիտակցել, որ համագործակցությունը մեզ դարձնում է ավելի զորեղ՝ ուժեղ Սփյուռք, հզոր Հայրենիք: Դուք կատարում եք հայրենասիրական, ազգանվեր գործ: Օտար ափերում հայ երիտասարդին հայ պահելը մեծագույն գործ է»,-ասաց Սփյուռքի նախարարը:

Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց մարզախաղերը Երևանում անցկացնելու կազմակերպչական աշխատանքներին աջակցած գերատեսչություններին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությանը, Առողջապահության նախարարությանը, ՀՀ ոստիկանությանը, Երևան քաղաքապետարանին: Նախարարը ՀՄԸՄ պատվիրակության անդամներին հրավիրեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին:

ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը սերտ համագործակցության համար: «Տիկի՛ն նախարար, շնորհակալ ենք Ձեզ մեր բոլոր աշխատանքներին աջակցելու համար: Մեր նպատակը ոչ միայն մարզական կյանքի ակտիվացնումն է, այլև հայապահպանությունը, հայ երիտասարդներին Հայրենիք բերելը, Հայաստանին ծառայելը, օժանդակելը մեր երկրի ամրապնդմանը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը: Համա-ՀՄԸՄ-ական 10-րդ մարզախաղերը Հայրենիքում կազմակերպելու ընթացքում բնականաբար դժվարություններ եղան, սակայն մենք գիտեինք, որ Հայաստանում ունենք ուժեղ հենարան` Սփյուռքի նախարարությունը»,-նշեց Գառնիկ Մկրտիչյանը: Այնուհետ նա անդրադարձ կատարեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիպման ավարտին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատվոգրեր հանձնեց ՀՄԸՄ Կենտրոնական վարչությանը և կառույցի ՀԱՍԿ Կենտրոնական վարչությանը 10-րդ մարզախաղերը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը նախարար Հրանուշ Հակոբյանին հանձնեց մարզախաղերը խորհրդանշող հուշանվեր:

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31