Հուլիսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին հետևել են ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատին կից վարժահրապարակում անցկացվող վարժանքին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը և Միացյալ Թագավորության դեսպանատան պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Դեյվիդ Էթելը:
Ուսումնավարժությունն այս տարվա հուլիսին ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի փորձագետների կողմից ՀՀ Շիրակի մարզի 6 հրշեջ-փրկարարական ջոկատների համար անցկացվող առաջին օգնության, կենսապահովման հիմունքների և վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով դասընթացների տրամաբանական շարունակությունն է:
Սցենարի համաձայն՝ ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, բախվել էր Ախուրյանի բժշկական կենտրոնի լաբորատորիայի պատին, որտեղ վտանգավոր նյութեր կային: Բախման հետևանքով մեքենայում հրդեհ էր բռնկվել, շենքի պատը փլուզվել, կային §տուժածներ¦:
Վարժանքի մասնակից հրշեջ-փրկարարներն արագ սահմանազատելով տարածքը և սկսելով հրդեհաշիջման աշխատանքները՝ միաժամանակ վտանգավոր տարածքից դուրս բերեցին պայմանական տուժածներին, նրանց ցուցաբերեցին անհրաժեշտ բուժօգնություն և իրականացրեցին վարակազերծում:
ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ամփոփելով դասընթացների և վարժանքի արդյունքները, ասաց.
- Շատ բարձր եմ գնահատում համատեղ վարժանքը: Մեր փրկարարներն ապահովեցին միջազգային չափանիշներին համապատասխան բարձր մակարդակ, և այն փորձը, որ ձեռք է բերվել այս դասընթացների շնորհիվ, նրանք կփոխանցեն նաև իրենց գործընկերներին: Մենք շնորհակալ ենք ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ԶՈՒ ներկայացուցիչներին՝ աջակցության և իրենց փորձը մեզ փոխանցելու համար: Ինչ վերաբերում է հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկայի արդիականացմանը, ապա մենք աշխատելու ենք կարճ ժամանակում թե պետբյուջեի հատկացումների, թե մեր միջազգային գործընկերների օգնությամբ ամբողջությամբ վերազինել դրանք:
Լրագրողներին տված հարցազրույցում գեներալ-մայոր Լի Թաֆանելին, մասնավորապես, ասաց.
- Թե դասընթացի, թե վարժանքի արդյունքները շատ բարձր եմ գնահատում: Յուրաքանչյուր վարժանք լավ հնարավորություն է կատարելագործելու մեր գիտելիքներն ու հմտությունները: Վստահ եմ, որ իրական արտակարգ իրավիճակում հայ փրկարարները շատ արագ կարձագանքեն և բարձր պրոֆեսիոնալ օգնություն կցուցաբերեն, իսկ մեր համագործակցությունը շարունակական կլինի:
Բարեխիղճ ու նվիրված ծառայության համար հրշեջ-փրկարարներին շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ Շիրակի մարզպետ Ա. Խաչատրյանը:
Բրիտանական դեսպանատան պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Դեյվիդ Էթելը (որի նստավայրը Թբիլիսիում է) ընդգծեց, որ Հայաստանում հաճախակի հյուր է և վստահ, որ արտակարգ իրավիճակում հայտնվելու դեպքում իրեն արագ օգնության կհասնեն պրոֆեսիոնալ փրկարարներ:
Լի Թաֆանելին ԱԻՆ նախարարի ուղեկցությամբ այցելեց նաև «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատուն, որտեղ դասընթացներն անցկացնելու ընթացքում հանգրվանել էին ամերիկացի և բրիտանացի փորձագետները:
Կանզաս-Հայաստան պետական համագործակցության հիմքը դրվել է 2003 թվականին: Հիմնական նպատակը` արտակարգ իրավիճակներում ռազմական ու քաղաքացիական կառույցների համագործակցությանը միտված նախաձեռնություններին աջակցությունն է և արձագանքող ուժերի պատրաստվածության բարձրացումը: Երկարատև համագործակցության ընթացքում իրականացվել են տարբեր թեմաներով բազմաթիվ դասընթացներ և համատեղ ուսումնավարժություններ, ինչպես նաև ԱՄՆ կողմից տրամադրվել է զգալի տեխնիկական աջակցություն:
ԱԻՆ