Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում վիրուսային հեպատիտ Ա-ի հիվանդացության ցուցանիշը 2016 թվականին 2009-ի համեմատ նվազել է 24 անգամ

Հուլիս 27,2017 17:12

«Վիրուսային հեպատիտները մեծ բեռ են համաշխարհային առողջապահության և տնտեսության վրա։ Հայաստանը Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվան մոտեցել է բավական լավ ցուցանիշներով։ Հայ և վրացի ժողովուրդների բարեկամության շնորհիվ մենք առաջին անգամ իրականացնում ենք հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման աննախադեպ ծրագիր»,- Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Նա ներկայացրել է, որ 2017թ. սկզբին ՀՀ կառավարության պատվիրակության Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակության բանակցությունների արդյունքում Վրաստանը Հայաստանին նվիրաբերել է ժամանակակից «Սովալդի» դեղը հեպատիտ Ց-ով հազար հիվանդի բուժման համար։

ՀՀ ԱՆ գլխավոր հեպատոլոգ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանը լրագրողներին ներկայացրել է, որ աշխարհում տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և լյարդի առաջնային քաղցկեղից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` շուրջ 250 մլն մարդ վարակված են քրոնիկ հեպատիտ Բ-ով, 180 մլն՝ հեպատիտ Ց-ով, տարեկան հայտնաբերվում է հեպատիտ Ց վարակի 3-4 մլն նոր դեպք:

Բանախոսն այնուհետև անդրադարձել է հեպատիտ Ց-ով հազար հիվանդի բուժման ծրագրի մանրամասներին` շեշտելով, որ «Սովալդին» համարվում է ուղիղ ազդեցության ամենալավ հակավիրուսային դեղը։

Ծրագիրը հնարավորություն է հակավիրուսային բուժումը հեպատիտ Ց-ով վարակված տարբեր խավի հիվանդների համար մատչելի և հասանելի դարձնելու` կանխարգելելով հետագա բարդությունների զարգացումը այդ հիվանդներից մեծ մասի մոտ, լյարդի ցիրոզով հիվանդների մոտ ապահովելով վիրուսի բացակայությունը՝ դրանով իսկ լավացնելով կյանքի որակը և նվազեցնելով մահացության հավանականությունը։

Հասմիկ Ղազինյանը նաև նշել է, որ բուժվող հիվանդները գտնվում են խիստ հսկողության ներքո։ Արդյունքում, մեկամսյա բուժումից հետո 90% և ավելի հիվանդներն ազատվել են վիրուսից՝ գտնվելով շարունակական բուժման մեջ։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրել է, որ Հայաստանում վիրուսային հեպատիտ Ա-ի յուրաքանչյուր դեպքի արագ արձագանքման, իրականացված կանխարգելիչ և կոնտակտավորների պատվաստումների շնորհիվ հիվանդացության ցուցանիշը 2016 թվականին 2009-ի համեմատ նվազել է 24 անգամ (2009թ. 624, 2016-ին` 24 դեպք): Իսկ 1999 թվականից մեր երկրում ներդրվել է հեպատիտ Բ-ի պատվաստում: Արդյունքում, մանկական բնակչության շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ` 140 անգամ նվազում։ 2017թ. մինչև 14 տարեկանների շրջանում հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել:

Վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը 2015 թվականից գործադրել է ՀՀ-ում վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերահսկման և կանխարգելման նպատակային ծրագիր, որի արդյունքում 2016 թվականին 2008-ի համեմատ նկատվում է սուր վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազում` 3 անգամ (2008թ.՝ 111, 2016թ.` 37 դեպք):

Հավելենք, որ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա միջոցառումները կրում են «Ոչնչացնենք հեպատիտը» կարգախոսը` նպատակ ունենալով միավորել ԱՀԿ անդամ երկրների ջանքերը` նվազեցնելու հեպատիտի բեռը համաշխարհային առողջապահության վրա:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31