Լրահոս
Օրվա լրահոսը

Մարոկկոն ուսումնասիրում է Հայաստանում գործող խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմը

Հուլիս 27,2017 16:47

Հուլիսի 17-29-ը Հայաստանում են Մարոկկոյի Մարդու իրավունքների ազգային խորհրդի ներկայացուցիչներ Հանան Էլ Համդին և Հակկու Մոհամմեդը՝  իրավունքների պաշտպանության  հայաստանյան փորձն  ուսումնասիրելու նպատակով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների հետ նրանք այցելում են փակ հաստատություններ՝ քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ, հոգեբուժարաններ ու փորձում հասկանալ, թե իրավունքների պաշտպանության մեխանիզմների առումով ինչ ընդհանուր բան կարող են ունենալ Հայաստանն ու Մարոկկոն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձը, որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության ընդունելի օրինակ, ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների: Առաջիկայում Հայաստան կայցելեն մասնագետներ Թունիսից, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայից:

-Ձեր՝ Հայաստան այցելությունը մոտենում է ավարտին: Այս օրերին բազմաթիվ այցելություններ, հանդիպումներ եք ունեցել, ուսումնասիրել իրավունքների պաշտպանության ոլորտը. ինչո՞վ հարստացրեց այս այցելությունը ձեր փորձառությունը:

Հանան Էլ Համդին-Տպավորությունները շատ են: Մենք իրավունքների պաշտպանության ոլորտն ուսումնասիրելու, խնդիրներին ծանոթանալու բազմաթիվ առիթներ ունեցանք: Իրավունքներ պաշտպանելը բարդ աշխատանք է՝ անկախ հանգամանքից, դրանով զբաղվում ես Մարոկկոյում, Հայաստանում կամ մեկ այլ երկրում: Երկրները տարբեր են, մարդու իրավունքների պաշտպանության համակարգերը՝ նույնպես, բայց նպատակը նույնն է: Մեզ հետաքրքիր է հետևել, թե ինչպես է աշխատում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Ի՞նչն էր Ձեզ համար նոր այդ աշխատանքում, որ Մարոկկո վերադառնալուց հետո կփորձեք կիրառել:

Հանան Էլ Համդին-Ինձ շատ հետաքրքրեց Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի՝ 116 հեռախոսահամարի գոյությունը: Քրեակատարողական հիմնարկներ այցելությունների ընթացքում տեսանք, թե որքան է դա նպաստում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ կապը պահելուն, խնդիրը անմիջապես բարձաձայնելուն: Կարևոր է հատկապես դրա հասանելիությունը մեկուսարաններում, ամենուր տեսել ենք փակցված հեռախոսահամարը:

Գտնվելով օրենսդրական բարեփոխումների փուլում՝  մեզ համար ուղենշային կարող են լինել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով ամրագրված երաշխիքները, մասնավորապես՝ աշխատակազմի ներկայացուցիչներին հարցաքննելու արգելքը, ազատությունից զրկման վայրեր պաշտպանի ներկայացուցիչների և փորձագետների մուտքը խոչընդոտելու համար սահմանված քրեական պատասխանատվությունը և այլն:

Հակկու Մոհամեդ-Ես թերևս առավել համակարգային մի առաջարկ ունեմ. Հայաստանում 4 տեսակի ուղղիչ հիմնարկներ կան՝ բաց, կիսաբաց, փակ, կիսափակ: Այս տարբերակումը Մարոկկոյում չկա, բաց և կիսաբաց ռեժիմներ մենք չունենք: Չունենք այնպիսի քրեակատարողական հիմնարկներ, որտեղ մարդիկ իրենց պատիժը խցերի մեջ չեն անցկացնում,  նույնիսկ այգու տարածքում են շրջում կամ աշխատում: Հայաստանում մենք  այդ պրակտիկան տեսանք:

Հատկապես կանանց քրեակատարողական հիմնարկի պայմանները մեզ տպավորել են: Նորություն էր նաև Պաշտպանի աշխատակազմի՝ մշտադիտարկում իրականացնելու եղանակները, որպես փորձագետ՝ հոգեբույժի, հոգեբանի, սոցիոլոգի ու այլ նեղ մասնագետների ներգրավման և այլ հնարավորությունները: Քրեակատարողական հիմնարկում, օրինակ, նրանք կիրառում են խցի մակերեսը, լուսավորությունը, խոնավությունն ու ջերմությունը չափող հատուկ սարքեր, և մենք ևս մեր պետք է  փորձենք ձեռք բերել նման սարքեր:

Հետաքրքիր էր նաև այն, որ Պաշտպանի ներկայացուցիչներն առանց այդ մասին նախապես հայտարարելու՝ իրականացնում են այցեր ինչպես անհատական բողոքներով, այնպես էլ՝ հատուկ ժամանակացույցով մշտադիտարում:

-Հայաստանն ու Մարոկկոն շատ տարբեր երկրներ են, գրեթե առանց նկատելի ընդհանրությունների. իրավունքների պաշտպանության ոլորտում Դուք ի՞նչ ընդհանրություններ ու տարբերություններ տեսաք: 

Հակկու Մոհամեդ– Հայաստանում Պաշտպանի հետ պետական կառույցները շատ ավելի հեշտ են համագործակցում, քան Մարոկկոյում: Մենք մեկուսարաններ  այցելելու  խնդիր չունենք, թեև օրենքով այցելության մասին պարտադիր պետք է տեղեկացնել հիմնարկի ղեկավարությանը: Առաջիկայում ամբողջությամբ կընդունենք խոշտանգումների կանխարգելմանը վերաբերող օրենքը և պետք է հասնենք նրան, որ այդ օրենքում պարտադիր տեղեկացնելու այս դրույթը հանվի: Այդուհանդերձ, մենք կարողանում ենք քրեակատարողական հիմնարկների ղեկավարների հետ աշխատել: Եղել է դեպք, երբ բանտի ղեկավարությունն է  կապվել  մեր գրասենյակի հետ՝ խնդրելով մեր աջակցությունը դատապարտյալի՝  հացադուլի հարցով: Փոխարենը մեր համագործակցությունն այդքան հեշտ չի ստացվում ոստիկանության հետ: Ոստիկանության բաժանմունքների ժամանակավոր պահման վայրեր անարգել  այցելելու իրավունք Մարոկկոյի պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներս  չունենք, և այս բաժիններում մեր գործը անում ենք կոնկրետ հարցումների միջոցով:

Հանան Էլ Համդին -Չափերով Հայաստանի ու Մարոկկոյի քրեակատարողական համակարգերն իսկապես համադրելի չեն: Մեր երկրում մոտ 80 քրեակատորաղական հիմնարկ կա և մոտ 80 հազար էլ անազատության մեջ գտնվող: Հայաստանում այդ թիվը մոտ 4000 է: Այսինքն, մեր միայն մեկ քրեակատարողական հիմնարկում մոտ այնքան դատապարտյալ կա, որքան ամբողջ Հայաստանում:

-Իսկ հե՞շտ է արդյոք Մարոկկոյում իրավունքներ պաշտպանելը:

Հանան Էլ Համդին-Նայած որ իրավունքը. մեզ մոտ ամենաշատը ոտնահարվում է աշխատանքի իրավունքը, քանի որ գործազուրկները մեր երկրում մեծ թիվ են կազմում: Կալանավորների իրավունքի պաշտպանությունը համեմատաբար հեշտ է ստացվում, իսկ խոսքի ազատության ոլորտում կան փակ թեմաներ՝ թագավորի ու իր ընտանիքի թեման, իսլամին վերաբերող հարցերը և Սահարայի տարածքային խնդիրը:

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31