2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստն այսօր վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ սանկցիա է կիրառում ամբաստանյալների պաշտպաններից Հրանտ Գեւորգյանի հանդեպ: Այնուհետեւ ամբաստանյալներից Արամ Մանուկյանը ներկայացրեց դատավորի ինքնաբացարկի միջնորդություն, որին ամբաստանյալների մի մասը միացավ, մյուս մասն էլ ասաց, որ պետք է պաշտպանի հետ քննարկի:
Միջնորդության մասին կարծիք հայտնելիս ամբաստանյալներից Վարդան Գերավետյանը, դիմելով դատավորին, հայտարարեց. «Դատական իշխանությունը յուրացվել է դատական դեպարտամենտի եւ ոստիկանության կողմից: Դատավորը պետք է իրեն հեռացնի վարույթից: Այս դահլիճում ոստիկանները մեր տղաների հանդեպ բռնություն կիրառեցին, որին դուք չարձագանքեցիք: Դա ահաբեկչական գործողություն էր հայ ժողովրդի հանդեպ: Հայ ժողովուրդ, իմացի, քեզ կարող են ծեծել ու խոշտանգել…Գուցե ոստիկանության պաշտոնյա՞ գա ու ձեր փոխարեն արդարադատություն իրականացնի: Ձեր արդարադատությանը չենք կարող հավատալ»:
Ամբաստանյալների պաշտպաններից Հարություն Բաղդասարյանն էլ իր հերթին ասաց. «Տվե՜ք այդ ինքնաբացարկի միջնորդությունը, մեզ էլ ազատեք, ձեզ էլ…»:
Պաշտպան Հրանտ Գեւորգյանն էլ շարունակեց. «Դուք չեք կարողանում գործընթացը կառավարել, գնացեք՝ մի հատ էլ սանկցիա կիրառեք…»:
Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն արդեն երրորդ անգամ դատավորին ասաց, որ իր պաշտպանյալի կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում, եւ այդ առնչությամբ ինքը միջնորդություն ունի, ինչից դատավորը կրկին բարկացավ. «Ես չեմ հասկանում, ձեզ փաստաբանի վկայական են չէ՞ տվել, որ համապատասխան կրթություն ունեք, կամ չգիտեմ՝ ինչ կրթություն ունեք…»:
«Վերջին անգամ եմ ձեզ զգուշացում՝ ինձ չվիրավորեք»,-արձագանքեց Հայարփի Սարգսյանը:
Միջամտեցին մյուս պաշտպանները՝ դատավորին հորդորելով գործընկերոջը չվիրավորել: Ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանն էլ, հայտնի որպես «Դեդ», դատավորին ասաց. «Դատավոր ջան, աղջկա հետ մատով չեն խոսում, մատ թափ մի տվեք»:
Դատավորն արդեն որերորդ անգամ ընդմիջեց նիստը՝ ամբաստանյալ Արամ Մանուկյանի կողմից իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ